ԿարևորՔաղաքական

Գնաճ, արտահանման խնդիրներ․ արևմտյան պատժամիջոցների հնարավոր հետևանքները

Ռուս–ուկրաինական հակամարտության սրումից հետո Արևմուտքը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ  կոշտ պատժամիջոցների նոր փուլի մասին՝ զգուշացնելով, որ դրանք հետագայում կարող են ընդլայնվել և խստացվել։ Ամերիկյան պատժամիջոցների  տակ են հայտնվել  ֆինանսական կառույցները, մասնավորապես  ռազմական ոլորտը  սպասարկող բանկերը։ Արգելվել է առևտուրը կամ որևէ գործարք Դոնեցկի ու Լուգանսկի հետ։  Տնտեսագետների համոզված են՝  Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը զգալու է նաև Հայաստանի տնտեսությունը։

Վերջին երկու օրերին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության  կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցների փաթեթը ցնցում է ռուսական տնտեսության համար․ կարծիքը տնտեսագետ Լիլյա  Ամիրխանյանինն է։ Նրա դիտարկմամբ՝ պատժամիջոցների երկարաժամկետ կիրառման դեպքում առաջին հերթին կտուժեն ֆինանսական շուկաները, ինչն ուղղակիորեն կազդի ռուսական ռուբլու փոխարժեքի վրա։ Ռուբլին արդեն էականորեն  արժեզրկվել է։ Այս իրավիճակը չի կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա՝ ասում է տնտեսագետը՝ հիշեցնելով՝ Ռուսաստանը մեր առաջին առևտրային գործընկերն է։

«Պետք է հաշվի առնել նաև  արտագնա աշխատանքի մեկնողների հարցն ու դրամական փոխանցումների տարեկան հոսքերը, որոնք գալիս են Ռուսաստանից։ Մասնավոր դրամական փոխանցումների գրեթե կեսը՝ 40 տոկոսը, Ռուսաստանից եկող հոսքերն են։ Այս իմաստով ռուսական տնտեսության ցանկացած անկայունություն դրսևորվելու է դրամական հոսքերի և՛ ծավալային,  և՛ դրամական արտահայտությամբ անկմամբ»։

Ըստ տնտեսագետի՝ Ռուսաստանից եկող դրամական հոսքերի անկումը ենթադրում է եկամուտների անկում։ Համաշխարհային բանկի  գնահատականներով՝ 2020 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ 10.5 տոկոսը կազմել են մասնավոր դրամական փոխանցումները։ Եվ քանի որ դրանց առյուծի բաժինը ՌԴ–ից եկող տրանսֆերտներն են, մենք նույնպես  խնդիրների առաջ ենք կանգնելու՝ ասում է զրուցակիցս։ Հնարավոր հետևանքները  գնաճն ու  արտահանման խնդիրներն են։

«ՌԴ–ի մեր առևտրաշրջանառությունն իրականացվում է դոլարով, և դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացումը նույն հայկական արտահանվող  ապրանքների գների տեսանկյունից  հարված է հասցնելու ռուսական շուկայում մեր ապրանքների  մրցունակությանը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանում ռուս սպառողի գնողունակության անկումը բացասաբար է ազդելու նաև պահանջարկի, հետևաբար նաև արտահանման ծավալների վրա»։

Դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացումը ՌԴ–ում հանգեցնելու է գնաճի, ինչը բերելու է նաև ՌԴ–ից ներմուծվող ապրանքների գների աճ  Հայաստանում՝ ասում  է տնտեսագետը։ 

Փոքր–ինչ ավելի լավատեսական են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կանխատեսումները։ Նրա գնահատմամբ՝ կարճաժամկետ պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն թողնի ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական տնտեսությունների վրա։ Այդպիսի մի ցնցում Ռուսաստանն արդեն ապրել  է՝  ասում է զրուցակիցս։ Բայց եթե սանկցիաները երկարեն, ապա միջնորդավորված ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա։ Ռազմավարական գործընկերությունից բացի Հայաստանում  լուրջ կշիռ ունի ռուսական  կապիտալը։

«Կա տնտեսական անվտանգության խնդիր էներգետիկայի բնագավառում։ Եթե վճարունակությունը ՌԴ–ում  ռուսական ռուբլու անկմամբ պայմանավորված նվազի, ապա Հայաստանից  արտահանումը ևս կարող է նվազման միտում ունենալ»։

Զրուցակիցս նաև սպառողական պահանջարկի լուրջ անկում է կանխատեսում։ Պատժամիջոցների երկարատևությունը, կարծում է, բացասաբար կազդի նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի վրա։

«Ես չեմ բացառում, որ գազի սակագնի բարձրացումը կարող է միակը չլինել և ունենալ անցանկալի շարունակություն»։

Ռուբլու գնողունակության անկման պայմաններում Ռուսաստանի աշխատաշուկան պակաս հրապուրիչ կդառնա ՀՀ քաղաքացիների համար։ Ըստ տնտեսագետի՝ կկրճատվի ՀՀ–ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։

Բրիտանիան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանում է ամենախիստ պատժամիջոցները, որոնք երբևէ եղել են։ ԵՄ արտաքին հարաբերությունների  և անվտանգության  հարցերով  բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն էլ նշել է, որ պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն ոչ միայն ֆինանսական կառույցները, այլև ֆիզիկական անձինք՝ մասնավորապես  Պետդումայի 351 անդամները, որոնք քվեարկել են «Ուկրաինայի տարածքային  ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու օգտին»։

Moody’s  վարկանիշային կազմակերպության փորձագետները ևս փաստում են, որ ՌԴ-ի դեմ կոշտ պատժամիջոցները խոցելի կդարձնեն նաեւ Հայաստանը։  Նշում են, որ ԱՊՀ երկրների համար հակամարտության բերած  ռիսկերը կլինեն համեմատաբար փոքր, եթե հնարավոր պատժամիջոցները ՌԴ տնտեսական շարժում  լուրջ դանդաղեցում չառաջացնեն։ Նման սցենարը Moody’s-ը  որպես հիմնական չի դիտարկում, բայց նաև զգուշացնում է՝ պատժամիջոցները կազդեն  ԱՊՀ երկրների վրա տարբեր ուղիներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ նրանց տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ կապերը, ինչպես նաեւ թույլ իրացվելիությունն ու արտաքին դիրքերը, ասված է հետազոտության մեջ։

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանի դիտարկմամբ՝  ՌԴ-ում բացասական միտումների շարունակականությունն անդրադառնալու է ԵԱՏՄ համախառն ցուցանիշերի, այդ թվում՝ անդամ պետություններից յուրաքանչյուրի վրա:

«Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են միևնույն  տնտեսական ինտեգրացիոն միության կազմում, որի լոկոմոտիվ տնտեսությունը Ռուսաստանն է։ Եվ այս պարագայում ռուսական տնտեսության անկումը ԵԱՏՄ համախառն ցուցիչների վրա ունենալու է բացասական անդրադարձ։ Եվ դա ևս ածանցյալ ազդեցություն է»։  

Մյուս կողմից՝  բացասական զարգացումները կամ դրանց սպասումները, կարող են  նպաստել  ինտեգրացիոն գործընթացների արագացմանը: Տնտեսագետները հույս ունեն , որ  Արևմուտքի հարուցած  խնդիրները կարող են արագացնել ԵԱՏՄ–ում էներգետիկ և ֆինանսական շուկաների միասնականացման գործընթացը:

Կարդացեք նաև

Back to top button