ԿարևորՔաղաքական

Լարվածությունը հասավ էներգակիրների դաշտ․ ՀՀ-ում կանխատեսում են բենզինի թանկացում

Ռուս-ուկրաինական ճգնաժամը լարվածություն է առաջացրել նաեւ էներգակիրների համաշխարհային շուկայում՝ հանգեցնելով նավթի կտրուկ թանկացման։ Այս համատեքստում Ադրբեջանը փորձում է «սիրաշահել» Եվրոպային՝ Արևմուտքին համոզելով, թե «վստահելի գազային գործընկեր» է շուկայում։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը նշում է՝ իրականում Եվրամիությունը ռուսական գազին այլընտրանք չունի․ ՌԴ-ն տարեկան Եվրոպա է արտահանում 165 միլիարդ խմ գազ, իսկ Ադրբեջանի առավելագույն հնարավորությունը տատանվում է 10 միլիարդ խորանարդ մետրի սահմաններում։  Ըստ Մանվելյանի` Արևմուտքի փորձագիտական շրջանակներում Բաքվի էներգետիկ հնարավորությունների հայտարարությունները գնահատվում են որպես ֆարս։

ՌԴ նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների շրջանակում դադարեցվել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը․ հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։ Փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով` մի քանի ամիս անց Հյուսիսային հոսքը կսկսեն գործարկել, քանի որ էներգետիկ շուկայում Ուկրաինային բացի բարոյական աջակցությունից Եվրամիությունը ոչինչ չի կարող առաջարկել։

Եվրոպական բորսաներում Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների հետևանքով գազի գներն աննախադեպ աճել են` հասնելով մինչև հազար դոլարի։ 15 տարի առաջ խորանարդ մետր գազի գինը հարյուր դոլար էր։ «Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով` վաղ թե ուշ կրքերը կհանդարտվեն, և Եվրամիությունը կվերադառնա «գազ՝ քաղաքականության դիմաց» գործարքին` շարունակելով գազ գնել Ռուսաստանից։

Արմեն Մանվելյանը Էներգակիրների միջազգային շուկայում ստեղծված տուրբուլենտ իրավիճակը ռիսկային է գնահատում։ Փորձագետը նշում է, որ լոնդոնյան բորսայում այսօր նավթի գինը մեկ բարելի դիմաց սահմանվել է 103 դոլար, սա աննախադեպ բարձր գին է վերջին 7-8 տարիների կտրվածքով։ 2014 թվականին նավթի գինը միջազգային շուկայում կտրուկ նվազել էր և հաջորդած տարիներին «սև ոսկու» գինը երբեք այսքան բարձր չի եղել։ էներգակիրների բորսայում գներն այժմ սպեկուլյատիվ են, այս համատեքստում փորձագետը հայաստանյան շուկայում կանխատեսում է բենզինի գնի աճ, միևնույն ժամանակ նշելով, որ իրավիճակի  կարգավորվման դեպքում գները կնվազեն։   

Կարդացեք նաև

Back to top button