Մանվել Գասպարյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Կարող էր չծառայել, ոտքի լուրջ խնդիր ուներ, բայց այդ մասին լսել անգամ չէր ուզում։ Ասում էր՝ «պիտանի չէ ծառայության» պիտակով չարժի մի ամբողջ կյանք ապրել։
Մանվելի մայրը՝ տիկին Անահիտը զինվորական է, և շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվում սահմանին, բայց ամեն օր համազգեստը, թեկուզ դժվարությամբ, հագնում էր ու գնում ծառայության։
Մեկնում ենք Իջևան, 44–օրյա պատերազմում զոհված Մանվել Գասպարյանի տուն։ Դիմավորում է մայրը՝ տիկին Անահիտը, դրսում փռված լվացքը մատնում է, որ տիկին Անահիտը զինվորական է։
Տան մի անկյունը Մանվելինն է՝ նրա նկարներն են, շքանշաները, կոչումները: Նկարներից մեկը պատմություն ունի․ նրանց վերջին երեքով նկարն է.
«Մանվելը չթողեց մեծ տղաս կանգնի,ասեց ուզում եմ ձեզ գրկեմ ու նկարվեմ»։
«Միշտ ժպտա, իմ սիրուն մամա, երբեք չտխրես» . օր չկա, որ Անահիտ Չիբուխչյանը չհիշի Ջրականում զոհված որդու՝ Մանվել Գասպարյանի այս խոսքերը։ Վերջին անգամ դրանք լսեց սեպտեմբերի 26–ին՝ մինչև պատերազմի սկսվելը, երբ գնացել էր Ջրական՝ որդուն տեսնելու։ Հիմա էլ երբ տխրում ու ընկճվում է, Մանվելը երազում է իր զգաստացնող ձայնով հարցնում։
«Ինչ ա եղել, մա՛մ»։
Մանվել Գասպարյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Կարող էր չծառայել․ ոտքի լուրջ խնդիր ուներ։ Բայց դրա մասին լսել անգամ չէր ուզում։ Ասում էր՝ «պիտանի չէ ծառայության» պիտակով չարժի ապրել։ Ծառայության երկու ամիսների ընթացքում զինվորական կոշիկներ չէր հագել, հողաթափերով է եղել մինչև հոկտեմբերի 26-ը ու այդպես էլ կռվել է։
«Սպաներից մեկն է պատմել, որ ցրտից ու անձրևից նասկիներն ամբողջությամբ քրքրված են եղել, բայց չի հուսահատվել ու շարունակել է կռվել»,–ասում է մայրը։
Մանվելն ուզում էր ծրագրավորող դառնալ, միշտ ասում էր՝ հայտնի մասնագետ է դառնալու։ Բայց ուրախացել էր, որ ծառայելու է Արցախում։
«Ասում էր, մա՛մ, Արցախը Հայաստան է և վերջ, ի՞նչ տարբերություն Հայաստանը, Արցախը Իջևանը»։
Պատերազմի առաջին օրերին որդին շատ ոգևորված է եղել, ամեն զանգահարելիս ասել է՝ առաջ ենք գնում։
«Մինչև հոկտեմբերի 3-ը ոգևորված էր, ասում էր մամա մեր երազանքի Լելե–թեփե լեռը,որ նաև իրանց երազանքի լեռն է մերն է։ Սակայն ամսի 4 –ից հետո շատ տխուր էր, ասեց մամ մենք ուղղակի հետ ենք գնում առանց պատճառի։ Հարցնում էի Մանվե՛լ ,ի՞նչ կա ձեր մոտ, ասում էր արտակարգ։ Ասում էի արտակարգ լա՞վ, ասում էր ամեն առումով»։
Հետագայում Մանվելի ծառայակից ընկերները Անահիտին պատմել են, որ Հադրութի Այգեստան գյուղում հարյուր հոգանոց ջոկատով թեժ մարտերից հետո ընկել են շրջափակման մեջ, եղել են միայնակ, առանց հրամանատարների։ Հոկտեմբերի իննի լուսադեմին սակայն, երբ զգացել են, որ արդեն շրջափակման մեջ են, հետնահանջ են տվել․ մի քանի հոգի մնացել են կրակելու, որ թշնամին չհասկանա, որ նահանջում են։
«Հոկտեմբերի 14-ին մի տղա զանգեց, լացում էր, ու ասում, որ մորքուր ջան, Մանվելը զոհվել ա, մենք իրար ասել ենք, որ մեկիս մի բան լինի՝ մյուսը զանգի, Մանվելը հետնահանջի ժամանակ մնացել է, որ կրակի, ու երբ հետ նայեցի, տեսա, որ Մանվելի կողքին սև շորերով մարդ է կանգնած եղել ու հայերեն խոսելով ասել, որ տղերք հայ եմ, Մանվելն էլ կանգնել է ու նրան կրակել է»։
Մանվելին գտել են դեկտեմբերի 5-ին ՝ հրադադարից ու զոհվելուց երկու ամիս անց, Այգեստան գյուղում։
«Արցախից զանգեցին , ասեցին, որ Մանվելին գտել են իր իրերով։ Գնացի Հերացի,մտածում էի,որ տեսքը այն չի լինի,բայց ինչ որ ես տեսա թշնամուս չեմ ցանկանա։ Անճանաչելի,ոտքեր չուներ․․․․ Հենց այդ ոտքերի համար չպիտի գնար բանակ ,գնաց ու հենց այդ ոտքերը տվեց հայրենիքին»։
Անահիտը զինվորական է, ամեն ինչ գիտի պատերազմի ու սահմանային լարվածության մասին։ Պատերազմի օրերին ամեն առավոտ հագնում էր զինվորական հագուստն ու ներկայանում ծառայության՝ հստակ իմանալով, որ այն տարածքները, որտեղ ծառայում էր որդին, այլևս մերը չեն։
«Միգուցե սովորական քաղաքացին չի տեղեկացվում, բայց երբ դու զինվորական ես, դու արդեն գիտես, որ Ջրականը այլևս մերը չի, ինչքան էլ դրսում ասեն ,որ մերն է։ Ինչքան էլ ասեն, որ Հադութը մերն է, բայց դու գիտես որ մերը չի ու գիտես որ քո տղան մնաց այդ Հադրութում։ Մի պահ շատ դժվարությամբ եմ հագել հագուստս,բայց հագել եմ ու որդուս փնտրելով ծառայել»։
Պատերազմից հետո Անահիտը զինվորական հագուստը կրում է այլ զգացողությամբ։ Ասում է՝ մինչև պատերազմը հպարտությամբ էր կրում, հիմա՝ ավելի պարտավորված։ Մանվելին խոսք է տվել՝ կկրի այնքան, որքան պետք կլինի։
«Ամեն երկուշաբթի մենք երգում ենք բանակի հիմնը ու ես միշտ երգել եմ հպարտ,ոգևորված։ Հիմա երգում եմ,բայց հուզմունքը խեղդում է ,քանի որ գիտակցում ես,որ դա ուղղակի բառ չի ,դու տվել ես այդ հայրենիքին ամենթանկը․․․Ինձ միշտ հարց են տալիս օրինակ բանակը պարտվեց,երեխա կորցրեցիր, հիմա ո՞նց ես վստահում այս բանակին։ Գուցե պատասխանաս հակասական հնչի։ Մարդ ով կորցրել է նա ավելի շատ է գնահատում հայրենիքը ,քանի որ տվել ես այդ հայրենիքի համար ամենաթանկը։ Իսկ մեղավոր ենք բոլորս ՝բանակի ամենացածր օղակից մինչև ամենավերին օղակ»։
Անահիտի ավագ որդին նույնպես զինվորական է։ Պատերազմի թեժ օրերին զորամասը պետք է մեկներ Շուշի։ Անահիտը փորձել է որդուն հետ պահել , քանի որ Մանվելի մասին արդեն հակասական լուրեր էին ստանում։
«Ասեցի՝ ախր, Գարեգին ջան, ես մենակ եմ մնում, ու իր բարկությունը ․․․ասեց՝ քեզ թվում է՝Մանվելի կյանքը իմ կյանքից էժա՞ն էր, թե՞ իմ կյանքը Մանվելի կյանքից թանկ է։ Ու գնաց Շուշի։ Զորամասում բոլորը զարմանցած ինձ էին նայում ,ես փորձում էի ժպտալով ճանապարհել»։
Անահիտն ասում է, որ հիասթափություններ պատերազմից հետո շատ է ապրել, բայց դեռ այնքան չի հիասթափվել, որ հրաժարվի զինվորական հագուստից։ Ավելի քան վստահ է, որ մեր բանակը չի կոտրվել։ Ու եթե մի պահ զգար, որ բանակը կոտրվել է, կհաներ համազգեստը ու սև շորեր կհագներ։
«Ինձ թվում էր՝ այս պատերազմից հետո մեր ամբողջ Կառավարությունը պետք է դասեր քաղի, փորձի հզորանալ, բայց տեսնում ես, որ ոչ մի շարժ չկա ու ամենաշատը դրանից եմ հիասթափվում» ։ Պատերազմից հետո Անահիտը դեռ Արցախ չի գնացել, բայց շատ է ուզում։ Գիտի՝ Արցախում ավելի ուժեղ է զգալու որդու ու Հադրութի կորուստը։




