ԿարևորՀասարակություն

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:

Դեսպանությունը Թվիթերի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը: 

«Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:

Գրառման մեջ դեսպանությունը նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:

«Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»,- գրել էր ադրբեջանցի պատգամավորը։ 

Կարդացեք նաև

Back to top button