
«Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնությունը ստեղծվել է երեք տարի առաջ՝ սոցիալական ձեռներեցի նախաձեռնությամբ։ Նպատակը տարբեր մարզերում բնակվող երեխաներին իրենց տարեկիցների հետ ծանոթացնելն էր։ Կարճ ժամանակ անց՝ համավարակի պատճառով ճամփորդելը դարձավ անհնար, շփումը՝ օնլայն։ Եթե օֆլայնում ՄԵՄ-ը համախմբում էր միմյանց ու հայրենիքը ճանաչելու շուրջ, ապա օնլայն տիրույթում մարզաբնակ աշակերտներն իրար հետ կրթվում էին, առաջադրանքներ կատարում և կապեր ձեռք բերում։
Օնլայն տիրույթում հյուսված մեծ ցանցի սահմանները Հայաստանից դուրս են գալիս, հասնում Վրաստան, Կանադա, ԱՄՆ։ Ցանցի միջոցով «վարակակիրները» գտնում են իրար և «ագրեսիվ» ընդլայնվում։ «Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնության համահիմնադիր Մայիս Մարգարյանի խոսքով՝ երիտասարդներն այնքան են խտացել քարտեզի վրա, որ օֆլայն հանդիպումների քանակը կտրուկ մեծացել է։ Կարևորում է, որ անդամները ոչ թե պարզապես մասնակցում են միջոցառմանը, այլ իրենք են նախաձեռնում։
«Մենք կես կատակ, կես լուրջ ասում ենք՝ «Մարզերի երեխաները՝ մարզերում»-ը դառնալու է «Մարզերի երեխաները մոլորակում»։
Գաղափարը, ինչպես հաճախ է պատահում, առաջացել է խնդրից՝ ասում է Մարգարյանը։ Նպատակը՝ մարզաբնակներին ծանոթացնել միմյանց։ Մայիս Մարգարյանի խոսքով՝ այդ հնարավորությունը ստեղծվում է երկու հարթակներում՝ համալսարանում և բանակում, սակայն ծանոթացնելը և դրա կարևորությունը շեշտելն այդ կառույցների խնդիրը չէ․
«Մենք խնդիր ենք դրել, որ նոյեմբերյանցին մեղրեցու հետ այնքան մտերիմ լինի, որ Մեղրին տուն համարի։ Այսինքն, մեր գործը հենց դա է, ոչ այդքան պաշտպանությունը, կրթությունը։ Մենք հյուսում ենք մի ցանց, որ երբ այդ ցանցի որ օղակին կպնեն, ամբողջ ցանցը ցավ զգա։ Դա կարտացոլվի արդեն ազգի մասշտաբով, և այս անտարբերությունը կնվազի»։
Անտարբերության մշակույթը վերացնել ու համագործակցության բարձր մշակույթ ձևավորել․ սա է ՄԵՄ-ի գերխնդիրը։ Նախաձեռնության անդամները միասին համայնքային հարցեր են լուծում․ սոցիալական և բիզնես ծրագրեր իրականացնում։ 800 անդամները ոչ ֆորմալ կրթություն են ստանում, սովորում իրարից ու աշխատում ֆրիլանս կամ հեռավար տարբերակով։ 100-ից ավելի երեխաներ ժամանակակից մասնագիտություններով՝ ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, համակարգչային անիմացիա և թվային մարկետինգի բնագավառում, արդեն աշխատում են։
«Հենց երեկ գիշերն իմացա, որ մեր լոռեցի դպրոցականներից մեկն օնլայն աշխատանքի է անցել կրիպտոարժույթների շուկայում»։
Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի բնակիչ Հնազանդ Մանուկյանի նախաձեռնության շուրջ համախմբվել են նախ երիտասարդները, հետո՝ ավագ սերունդը։ Տուրիզմը զարգացնելու հեռանկարն ավելի էր հեռանում, երբ Հնազանդը հիշում էր՝ գյուղում պատմամշակութային վայրեր չկան։ Անգամ այս դեպքում հնարը գտնում է․ ստեղծելու է թանգարան՝ թափոններից։ Դրամաշնորհը տրամադրել է “Awesome” հիմնադրամի երևանյան մասնաճյուղը։
«Թանգարանում կլինեն և՛ թափոններից ստեղծված դեկորատիվ իրեր, և՛ առօրյաում օգտագործվող առարկաներ, օրինակ՝ կափարիչներից պայուսակ, կամ հագուստներ, որոնք ավելի մոդայիկ կլինեն, ինչ-որ գործիքներ, որոնք ընդհանրապես մարդկանց կյանքում օգտակար կլինեն։ Այս պահին թանգարանի ստեղծումն ընթացքի մեջ է, ցուցանմուշներն ենք ստեղծում։ Նաև համայնքի բնակիչներն են աջակցում, միայն երիտասարդներով չենք։ Երբ սկսեցին ծրագիրը, մեր երիտասարդների մամաները, պապաները, ընկերները սկսեցին օգնել»։
Չլիներ ՄԵՄ-ը, դժվար թե Գեղարքունիքից՝ Լիլիան, Սյունիքից՝ Ալինան ու Լոռիից՝ Ստելլան միանային և իրար հետ ստեղծեին «Լիներ հեռու մի անկյուն» սոցիալական-բիզնես նախաձեռնությունը։ Սա միջնորդ ծառայություն է հյուրատների ու դրանք փնտրողների միջև։ Հյուրատուն փնտրողը դիմում է հարթակին, նրանք էլ առաջարկում են համապատասխան չափանիշներով հյուրատուն։ Ստելլա Ավետիքյան․
«Հենց սկզբից կոլորիտային տան նկարներ էին դնում, որովհետև քովիդյան շրջան էր, ու մարդիկ դեպրեսիա ունեին։ Այդ տան նկարները աչքեր էր շոյում։ Հետո բիզնես գաղափարը ծնվեց։ Սկսեցինք աշխատել մինչ պատերազմ, պատերազմի ընթացքում դադարեցրինք ու մինչև դա մեր հավաքած եկամուտից պատերազմի համար օգտագործեցինք։ Պատերազմից հետո նորից վերագործարկել ենք ու հիմա փորձում ենք նոր թափով սկսել»։
ՄԵՄ-ի ցանցային բանաձևումը հետևյալն է․ ձևավորել տասնյակ հազարավորների կուռ թիմ, որոնք էլ իրենց հերթին կհամախմբեն ավագ սերնդին՝ տեղում խնդիրներ լուծելու համար։ Պարզ հաշվարկ է․ 1000 հզոր առաջնորդ, որոնցից յուրաքանչյուրի հետևից կգնա ևս 100 մարդ, և կլինեն 100 հազար։ Եթե 100 հազար երիտասարդ սպառողից դառնա ստեղծող, ապա դա բեկում կմտցնի, ինչպես իրենք են սիրում ասել՝ Հայքում։
ՄԵՄ-ում հետևյալ սխեման է գործում․ նորեկները ավագների ուղորդմամբ սկսում են առաջադրանքներ կատարել և հմտություններ ձեռք բերել, օրինակ՝ նախագծերի կառավարման կամ SMM ոլորտում։ Հռիփսիմե Մարտիրոսյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղից է։ Արդեն երեք ամիս՝ ՄԵՄ-ի անդամ է։ Ասում է՝ միանալով ՄԵՄ-ին՝ բացահայտում ես ինքդ քեզ։
«ՄԵՄ-ը ինքնաճանաչվելու հնարավորություն է տալիս, իսկ դա ամենակարևորն է կյանքում։ Ընդհանրապես, ավելի հեշտ է մարդուն դաստիարակել, քան վերադաստիարակել։ Երբ երիտասարդները դաստիարակվում են, իրենց հեշտ է լինում կողքիններին այդ պահին ոչ արդյունավետ կարծիքները վերափոխել, ոչ թե ստիպել, այլ բացատրել, հասկանալ, քննարկել։ Որդիների պայքարը հայրերի դեմ, դա շատ կարևոր է ինձ համար։ Մեծերի մոտ շատ կարծիքներ կան, որ պետք է փոխվեն, և այդ փոխելը շատ մեծ արդյունք կարող է ունենալ։ Հուսով եմ, որ ցանցը կգործի, և վստահ եմ, որ մենք՝ երիտասարդներս ենք այն ուժը, որը Հայաստանը ոտքի կկանգնեցնի»։
Զավեն Թորոսյանը Գեղարքունիքի Մարտունի գյուղից է։ Մեկ տարի՝ անդամակցում է ՄԵՄ-ին։ Մինչ այս հավաքը՝ օֆլայն հանդիպում էր կազմակերպել Գեղարքունիքի մարզում։ Մասնակցել էր շուրջ 150 հոգի։ Զավենը նաև «Ուսանողի տուն» նախաձեռնության անդամ է։ «Ուսանողի տունը» «Հզոր միտք» ՀԿ-ի նախագծերից է․ ոչ ֆորմալ կրթության ու կեցության վայր է, որին կարող են միանալ մարզերից եկած երիտասարդները։ «Ուսանողի տան» ընտանիքին միանալու համար կարևոր է, որ դիմորդը ցանկանա լինել մասինկը մեծ փոփոխության՝ նկատում է Զավենը։ Նախաձեռնությունը համայնքներն ակտիվացնելու կայծեր արդեն գցել է։
«Մինչ այս նպատակ ունեի համայնքում ձևավորել իմ թիմը։ Մտածում էի՝ ավելի ուշ սկսեմ, կպատրաստվեմ, հետո կսկսեմ։ Բայց երբ եկա ուսանողի տուն, հասկացա, որ չպետք է ժամանակդ այլ բաների վրա ծախսես, պետք է կենտրոնանաս քո նպատակի վրա, ունենաս քո թիմը համայնքում, որոնց հետ համայնքային խնդիրներ կլուծեք , հետո համայնքային խնդիրները կդառնան մարզային խնդիրներ, հետո էլ արդեն Հայաստանի համար ինչ-որ խնդիրներ կլուծենք, այսինքն, մեր նպատակը դա է»։
ՄԵՄ-ի շրջանակում տեղծվել է MediaAdvisor-ը, որի նպատակը մեդիագրագիտության տարածումն է։ Շուտով ՄԵՄ-ը կսկսի սեփական փոդքաստը։ Քննարկման փուլում է «Ես քո փոխարեն» բիզնես նախագիծը, որը ծառայությունները կմատուցի ՄԵՄ-ի ցանցի միջոցով։
Քնարիկ Չոփուրյանը Դսեղից է։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխարհագրություն է դասավանդել Կաթնառատ գյուղում։ ՄԵՄ-ին օգնում է համակարգման հարցերում։
«Ես-ը դարձնել մենք ․ դա ինձ շատ է դուր գալիս և ոգևորում, որովհետև անձնային աճը պիտի համընկնի ընդհանուր գաղափարախոսության հետ։ Օրինակ, երբ մարդը գիտնական է, բայց միայնակ չի կարող ոչնչի հասնել, եթե իր շրջապատում չկան գիտնականներ։ Դրա համար մեզ պետք է, որ բոլորս զարգանանք ու ունենանք հզոր Հայաստան»։
ՄԵՄ համայնքի գաղափարական ուղղությունը հստակ է․ մենքը ես-ից առաջ, սակայն դա չի նշանակում աչքաթող անել ես-ին, հակառակը՝ աճեցնել ես-ը՝ մենք-ի համար։


























