ԿարևորՀասարակություն

Պատերազմի մասին տեղեկությունները` տեսախցիկի առաջ․ քննիչ հանձնաժողովն այլընտրանք կունենա՞

Խորհրդարանական ընդդիմությունն այս անգամ եւս բոյկոտել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Իրեն տրված գործիքակազմից ամբողջությամբ չհրաժարվելով՝ ընդդիմությունը չի բացառել ցանկացած պահի նիստերին հայտնվելու հավանականությունը՝ միաժամանակ առաջարկելով նաեւ քննիչ հանձնաժողովի այլընտրանքային տարբերակ։ Իսկ մինչ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը՝ ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ծանոթացրել է սպասվելիք ձևաչափին, պատասխանել լրագրողների որոշ հարցերին։ Մանրամասները Էդուարդ Հովհաննիսյանը կներկայացնի։

Դռնփակ՝ ծանր հարցերից բաց խոսելու համար․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստից առաջ՝ մինչ աշխատանքային սենյակում փակվելը, ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսախցիկների առաջ ընդգծեց՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը սահմանադրական պահանջ է և  չի լինի որևէ մեկը, ով հանձնաժողովի հրավերին ընդդիմանա և խուսափի ներկայանալուց, հարցերին պատասխանելուց։ Իսկ հյուրերին քննիչ հանձնաժողով կանչելը, ասաց Քոչարյանը, քվեարկությամբ չի լինելու, ինչպես մամուլում է տարածվել․ բոլորը ներկայանալու են ըստ անհրաժեշտության․

«Եվ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, մենք կհրավիրենք այլ մասնագետների, որպեսզի մեր աշխատանքները լինեն անթերի, և որևէ մեկի մոտ կասկած չառաջացնի, որ այստեղ՝ այս փակ դռների հետևում, տեսախցիկներն օնլայն միշտ միացված են լինելու՝ մեր ողջ աշխատանքի ընթացքում ինչպես Քառօրյա պատերազմի, մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում է եղել։ Որևէ դրվագ չի կորչելու։ Այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, ու նաև դա է հիմք՝ որևէ բան չթաքցնելու համար»։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստին հրավիրվել էր ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, ում զինվորական երկարամյա փորձառությունը, ինչպես Անդրանիկ Քոչարյանը վկայակոչեց, շատ կօգնի քննիչ հանձնաժողովի աշխատանքին․

«1990-ականներին մեր բանակաշինության մեջ մեծ պրոցեսներ տեղի ունեցան, 1990-ականների վերջից Ձեր ղեկավարման միջոցով մենք հասանք 1994-ի հրադադարին շատ կարևոր է, որ ձեր գիտելիքներով ու 44-օրյա պատերազմի իմացությամբ բոլոր դրվագների վերաբերյալ մեզ ճիշտ խորհրդատվություն տաք»։

Անկախ խորհրդատուների կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու են  նաեւ Արտակ Գասպարյանը և Գարիկ Մխիթարյանը՝ նշեց քննիչ հանձնաժողովի նախագահը։ Քոչարյանը կարեւորում է, որ հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինեն պատերազմի ընթացքում անհետ կորածների և զոհվածների հարազատները եւս․

«Որպեսզի մեր հանձնաժողովն էլ ունենա այդ գիտակցումը, որ մեզ հետևում  են նաև 3800 զոհվածների հարազատներն ու մեր հասարակությունն ընդհանրապես, ամբողջությամբ»։

Խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմից է, սակայն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից  որեւէ պատգամավոր ներկա չէր նիստին։ Ավելի վաղ նրանք այդ բացակայությունը հիմնավորել էին հայտարարությամբ, որ, մեջբերում, « քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության բեմադրությանն» է լծված լինելու»։ Քննիչ հանձնաժողովի առաջին՝ բաց նիստին ընդդիմադիրների տեսակետը հստակեցրել էր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Այն իշխանությունը, որն ունի պատասխանատվություն, որի օրոք տեղի են ունեցել այդ իրադարձությունները, բնականաբար, նրա գլխավորությամբ իրականացվող աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն»։

Պատերազմի հանգամանքների բացահայտումը մնում է թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունների առաջնահերթություններից․ այդպես հայտարարել են բոլոր կողմերը։Ու քանի որ հանձնաժողովի այս ձեւաչափը ընդդիմությունը բավարար չի համարում, առաջարկում է դրա այլընտրանքը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է առաջարկել ստեղծել իր ձեւակերպմամբ ինքնավար մարմին, որը կբացահայտի, կներկայացնի, պատերազմական հանցագործությունները, թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների ներգրավումը։

«Դրա համար մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ, անկողմնակալ, քաղաքական չեզոքությամբ առաջնորդվող, ինքնուրույնության ու անկախության բարձր մակարդակ ունեցող ինքնավար մարմնի ստեղծում։ Եվ եթե իշխանությունը չափազանց կարևորում է օբյեկտիվությունը, անաչառությունը, պրոֆեսիոնալ մոտեցումը, մեր այս նախաձեռնությանը պետք է միանա»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն իր հերթին  չէր բացառել, որ դեռ կարող են ինչ-որ պահի մի քանի հոգով մասնակցել արդեն գործող հանձնաժողովի նիստերին։

«Մենք չենք բացառել այդ գործիքներն օգտագործելը, դրա համար չբացառեցինք նաև   ինչ-որ պահի 1,3 կամ 4 անդամով մենք մասնակցենք, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը (հիմա չեմ կարող ասել՝ դա լինելու է, թե՝ չէ կախված դեպքերի զարգացումից)»։

Որ Փաշինյանը կարող է լինել քննիչ հանձնաժողովի առաջին հրավիրյալներից՝ հանձնաժողովում չեն բացառում։ «Դա նաեւ Փաշինյանի ու ոչ միայն Փաշինյանի ցանկությունն է։ Այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին»,- ավելի վաղ ասել էր Անդրանիկ Քոչարյանը, ով նաեւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի՝ քննիչ հանձնաժողով ներկայանալն է հնարավոր համարում։ Հակոբյանը նախորդիվ արդեն հրաժարվել էր իր հնարավոր մասնակցությունից։

«Կարծում եմ՝ ինքը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է, և պարոն Հակոբյանը, անպայման, համոզված եմ կգա հանձնաժողով, հակառակ դեպքում, ինքը հանրայնորեն պետք է պատասխանի այն հարցերին, որոնք պետք է իրեն տրվեին»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է ողջունել քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ պատրաստ օժանդակել աշխատանքին՝ նշեց Անդրանիկ Քոչարյանը, բայց նաեւ նկատեց՝ հանձնաժողովը կորոշի՝ ոնց, երբ հրավիրել եւ ում, որ ոչ մեկը չխուսափի գալուց։

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ավարտին եզրակացությամբ կարձանագրվեն արդյունքները։ Ե՞րբ՝ դժվար է հիմա ասել։  Այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի՝ խոստանում է քննիչ հանձնաժողովը։

«Երբ կհասնենք՝ դժվար է ասել, բայց այդ Ապրիլյանի ժամանակ մենք ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունն այն էր, որ դա անհասանելի չեղավ հասարակությանը․ բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի, և ես կարծում եմ, որոշ ժամանակ հետո այն հասանելի կլինի նաև մեր հասարակությանը»,-խոստանում  է Քոչարյանը։

Կարդացեք նաև

Back to top button