ԿարևորՀասարակություն

ԳՈւՄ-ը՝ հնաբնակների ու համեղ գույների շուկան

Երևանի ԳՈւՄ–ի շուկայում կարելի է գտնել ամեն ինչ՝ բառի ուղիղ իմաստով․ քաղցրահամ չրերից մինչև բազմատեսակ թեյեր, միրգ, բանջարեղեն, կաթնամթերք ու մսեղեն։ ԳՈւՄ–ի շուկայում են Երևանի ամենափորձառու առևտրականները, ամենահին արհեստավորները։

Շուկայում մարդաշատ է։ Ամենուր ախորժաբեր գույներ են։ Առաջինը շուկա մտնողի դիմաց բացվում է գույնզգույն ու սիրուն չրերի տաղավարը։ Լենա տատիկն իր ձեռքով պատրաստած անուշահամ չրերը վաճառում է արդեն 35 տարի․

«Հայկական ռաֆաելո եմ պատրաստում չրերից, մեր հայկական մրգերը շատ համեղ են, ամենաշատը սուջուխն է վաճառվում, 2 օրը մեկ պատրաստում եմ»,-ասում է Լենա տատիկը։

Լենա տատիկը չրերը հիմա ավելի սիրով է պատրաստում, ասում է՝ նաև բանակում ծառայող թոռանն է ուղարկում։ Ինձ էլ է չիր տալիս, քաղցրով ենք բաժանվում։

ԳՈՒՄ–ի շուկայում դժվար է գտնել վաճառողների, որոնք գոնե 20 տարվա փորձառություն չունեն։ Գրեթե բոլորը հնաբնակներ են։ Արթուր Մարկոսյանի տաղավարի կողքով դժվար է անտարբեր անցնել․ ծանոթ ու անծանոթ բույրեր խառնվել են իրար։ Արթուրը համեմունք ու թեյեր է վաճառում՝ արդեն 30 տարի։

«Մենք ենք հավաքում, խառնում, պատրաստում թեյերը։ Տեսեք, օրինակ, այս մեկը վարդ է, այս մյուսը բուժիչ հատկություններ ունի, դաղձ, ուրց, նանա, համեմունքներ։ Ամեն ինչ ունեմ, ու ամեն ինչն էլ պահանջարկ ունի, իհարկե, ոչ առաջվա նման, բայց թե՛ տեղացիների,  թե՛ զբոսաշրջիկների շրջանում այս ապրանքի պահանջարկը կա»,-ասում է Արթուր Մարկոսյանը։

Մոտենում ենք պանրի տաղավարներին։ Վաճառողները դժգոհ են․ գնոդները քչացել են։ Պատճառները մի քանիսն են․տարին սակավաջուր էր, անասնակերը քիչ էր, կաթն ու պանիրը՝ նույնպես, եղածն էլ թանկացել է։ Վաճառողներն ասում են՝ պանիրն այս տարի  շուկայում ամենաշատ թանկացած մթերքն է։

               Այս տաղավարների դիմաց մի մեծ պաստառ կա՝ «Աննայի մոտ»։ Տիկին Աննան փոքրիկ զամբյուղներ է պատրաստում․ Զատկի տոնին ընդառաջ՝ դրանց մեջ ցորեն է աճեցնելու։ Ի՞նչ կարելի է գտնել Աննայի մոտ, պատասխանում է՝ բոլոր հիվանդությունների դեղաբույսերն ունեմ, ինքս եմ հավաքել

        «30 տարի առաջ ամուսնուս համոզեցի այս գործը սկսել։ Առհասարակ չէր հավատում, որ մարդկանց դեղաբույսեր պետք կգան։ Ես դրանք դաշտերից ու սարերից եմ հավաքում։ Ես ասում էի՝ գումարը հողի վրա է, պետք է ուղղակի ճիշտ օգտագործել։ Հաճախորդների պակաս չունեմ, արդեն իրենք էլ գիտեն, թե իրենց ինչն է օգնում»,-ասում է տիկին Աննան։

ԳՈւՄ–ի շուկան ոչ վաղ անցյալի Երևանն է հիշեցնում։ Այստեղ կգտնեք բացառիկ արհեստավորների, որոնց առաջ հաճախ էինք հանդիպում քաղաքի փողոցներում։ Երկու դանակ սրող կա։ Մեկը, որ չներկայացավ, ասաց՝ ժամանակին «Երազ» գործարանում ինժեներ է աշխատել։ Հաճախորդների պակաս չունի։ Դիտարկմանը, թե դանակ սրողի կարիք մի օր այլևս չի լինի, հումորով է արձագանքում․ մարդուն, ինչպես առողջ ատամ ու կարված կոշիկ է պետք, այնպես էլ սուր դանակ է հարկավոր։

«Մի դանակ սրելը արժի 200 դրամ, 250 դրամ, օրինակ, էս մսաղացները արժեն 800 դրամ, բայց հո հետո չե՞ք գնալու գրեք՝ էս ինչ թվեր են / ծիծաղում է/»։

ԳՈւՄ–ում դանակ սրող մյուս վարպետը Նորիկ Պետրոսյանն է, նախկին զինվորական։ 15 տարի դանակ է սրում։ Ասում է՝ չարխը՝ սրաքարը, իր ձեռքերով է պատրաստել։ Վարպետ Նորիկը մտավախություն ունի, որ մի օր ինքն ու գործընկերը աշակերտ չեն ունենա։ Հիշում է՝ կար ժամանակ, որ դանակ սրողին փնտրում, տուն էին կանչում։ Հիմա իր ընկերներից քանիսն են մնացել քաղաքում, չգիտե․

 «Կոմիտասի վրա մեկը կար, բայց մահացավ։ Հիմա Մալաթիայում կա մեկը, որ աշխատում է։ Հիմա քչերն են աշխատում, երիտասարդների համար պատվաբեր չէ, մեզնից հետո էս գործը, վախենամ՝ վերանա»։

Հին Երևանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ ԳՈւՄ–ում կարելի է գտնել՝ ինչ ուզես, միրգ ու բանջարեղեն, թթու ու չրեղեն, միս, կաթնամթերք, քաղցրեղեն ու համեմունք։ Շուկան մարդաշատ է, բայց վաճառողներն ասում են՝ նախորդ  տարիների համեմատ գնորդները քչացել են։ Տաղավարներն էլ են պակասել՝ ասում են՝ բաստուրմայի՝ տասնյակների հասնող տաղավարներից մնացել են միայն 7-ը։

ԳՈւՄ–ում, ինչպես նախկինում և ի տարբերություն նորաբաց շուկաների, կտեսնեք բեռնակիրների՝ սայլակներով։ Շուկայում սա ամենօրյա աշխատանք է։   

Կարդացեք նաև

Back to top button