
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,-գրել է նա:

Դիարբեքիր նահանգի Սուր թաղամասի Ալիփաշա թաղամասում 16-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ունի 3769 քմ տարածք։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող եկեղեցին, որի վերին կառույցն ամբողջությամբ ավերվել է, երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ տարբեր հասարակական հաստատությունների կողմից:
Դիարբեքիրի հնագիտական թանգարանում գտնվող մի գրության մեջ ասվում է, որ քրիստոնեական պաշտամունքի վայրը վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին:
Դիարբեքիրում Մշակույթի նախարարության հետազոտության և հուշարձանների տնօրինության ղեկավար Ջեմիլ Քոչն ասել է, որ «մոնումենտալ» շենքը մեծ նշանակություն ունի Դիարբեքիրի համար։
«Կատարվում են չափումներ, որոնք հիմք են հանդիսանալու շենքերի ուսումնասիրության և նախագծերի համար: Վերցվել են նաև նմուշներ, որոնք կօգնեն ավելի շատ տեղեկություններ ստանալ եկեղեցու ճարտարապետական ոճի մասին»։
Հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիկը նշել է, որ շենքը Դիարբեքիրի երկու փրկված եկեղեցիներից մեկն է, և իրենք սկսել են այն նախկին վիճակին վերադարձնելու գործընթացը։




