
Հանրության մեջ տարակուսանք է հարուցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքը, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային այլ երկրներ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»։ Պատգամավորների արձագանքը չի ուշացել։ Ազգային ժողովի ամբիոնից նախ Վաղարշակ Հակոբյանը դատապարտեց Լուկաշենկոյի հայտարարությունը՝ նշելով, որ գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի այդպես արտահայտվել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։
«Ես ուզում եմ հիշեցնել, թե վերջերս՝ ղազախական դեպքերի ժամանակ, ում էր պետք Հայաստանը: Վստահ եմ` պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»։

Այնուհետև թեմային անդրադարձավ Հովիկ Աղազարյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարությունը որակելով որպես արջի ծառայություն Ռուսաստանին.
«Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն նման գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որ ավելի շատ հիշեցնում է խոզանոց»:
Լուկաշենկոյի՝ ու՞մ է պետք Հայաստանը հարցին հռետորական հարցով պատասխանեց իշխանական խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հակադարձելով՝ իսկ ու՞մ է պետք Լուկաշենկոն։
«Էս հռետորական հարցը, կարծում եմ, իր ժողովուրդն իրեն տվել է, և էն պրոցեսները, որ էդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատական էր իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, թե երկիրն ինչ վիճակում է պահել, ու դրա արդյունքում ինչ եղավ»:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախընտրեց Լուկաշենկոյի հարցին ուղիղ պատասխանել։
«Հայաստանը մեզ է պետք, պրն Լուկաշենկո։ Դուք լավ կանեք Ձեր երկրի մասին մտածեք»։
Պետության առաջնորդները սովորաբար իրենց թույլ չեն տալիս հնչեցնել գնահատականներ, որոնք շոշափում են ազգային ու պետական արժանապատվությունը։ Այս տեսանկյունից էթիկական կարմիր գծերը հազվադեպ են հատվում՝ նկատում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Սակայն այն «քաղաքակրթական տարածությունում», որտեղ հայտնվել է Հայաստանը, այդպիսի դեպքերը կրկնվում են որոշակի պարբերականությամբ։
«Պետական արձագանքը շատ հստակ պետք է լինի, միաժամանակ ունենալ պատրանք, որ դա փոխելու է Լուկաշենկոյին կամ հաջորդ պահին նրան զերծ է պահելու որևէ նման արտահայտություն թույլ տալուց, ես պատրանք չունեմ այդ առնչությամբ, որովհետև մենք գիտենք Լուկաշենկոյին, գիտենք քաղաքական իրավիճակը թե՛իր երկրի ներսում, թե՛ արտաքին միջավայրում, այդ թվում՝ Ռուսաստանի և Արևմուքտի հետ հարաբերություններում։ Դա այնպիսի ծայրահեղ և ծուղակային միջավայր է, որտեղ Լուկաշենկոն ընդհուպ կարող է պարզապես անկառավարելի և անկանխատեսելի դառնալ ցանկացած իմաստով»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին արձագանքեց նաև ԱԳՆ-ն ։ Ըստ հայտարարության՝ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ: Քաղաքական դաշտում անգամ կարծիք հնչեց, որ Բելառուսի նորանշանակ դեսպանը պետք է կանչվի ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, սակայն, Հայաստանի լավագույն պատասխանը իր իսկ կենսունակության աստիճանի փոփոխությունը կլինի։
«Լավագույն պատասխանը Հայաստանի կլինի այն, որ կարողանանք հնարավորինս արագ և հնարավորինս հաստատուն փոխել մեր երկրի քաղաքական կենսունակության աստիճանը, քաղաքական, ընդհանրապես տնտեսական անվտանգության և այլ ոլորտների մեր որակները, և դա, անշուշտ, կստիպի նաև այդպիսի գործիչներին փոխել մեր երկրի հանդեպ վերաբերմունքը։ Կարծում եմ՝ սա է լավագույն պատասխանը, որ Հայաստանը կարող է տալ»։
Քաղաքական գնահատականները որքան էլ կոշտ կամ էթիկապես ոչ տեղին լինեն, միևնույն է, ազդեցություն չունեն տարածաշրջանային իրավիճակի և պատկերի վրա։ Սակայն, քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ, քաղաքական հայտարարությունները ևս կարմիր գծեր ունեն, որոնք չպետք է հատեն ազգային արժանապատվության և ինքնիշխանության թույլատրելի սահմանները։




