ԿարևորՀասարակություն

Երբ ու որքան բարձրացնել նվազագույն աշխատավարձը․ պատգամավորները քննարկում են, գները՝ աճում

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և 68 հազար դրամը դարձնել 100 հազար։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կառավարող ուժի նախընտրական խոստումներից է, բայց կարծում են, որ դա ավելի նպատակահարմար է անել, օրինակ, 2023թ․ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս։ Մինչ պատգամավորները քննարկում են՝ երբ ու որքան բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կյանքը շարունակում է թանկանալ։ Ընդ որում, ամեն ամիս՝ մոտ 0․5 տոկոսով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ նավազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին, Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց, բայց նիստերի դահլիճում դրա շուրջ կարճ քննարկում ծավալվեց։  Նախագծով առաջարվկում բարձրացնել նվազագույն ամսական  աշխատավարձը ու 68 հազար դրամը դարձնել 100 հազար։ Խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ասաց՝ իրենց առաջարկության հիմքում օրեցօր բարձրացող գներն են․

 «Նվազագույն աշխատավարձը պետք է գնաճին հավասար բարձրացվի»։

Արթուր Խաչատրյանը՝ դարձյալ «Հայաստան»-ից, նկատեց՝ ընդդիմությունը առաջարկում է  ավելացնել սոցիալական ծախսերը, իշխանությունը խոսում է ինֆլյացիայից ու  կապիտալ ծախսերից։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, տվյալներն այլ բան են հուշում․

«Նայում էի մաքսային ծառայության հաշվետվությունը։ Այս պահին դեռ առաջին կիսամյակի տվյալներն են։ Եթե համեմատենք ներկրվող ապրանքների գների  բարձրացումը, կտեսնենք,  որ ինֆլյացիան, այսինքն, էն գները, որոնք աճել են ներկրվող ապրանքների զգալի մասի վրա, առաջին անհրաժեշտության ապրանքներ են, կտեսնենք, որ խնդիրը ներսում է»։

Կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, դեմ չէ  նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Խմբակցությունից Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ խոստացել են նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու անելու են, բայց եթե ներկայացված նախագիծն ընդունվի, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը ավելի կբարձրանա։

«Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ շատ վատ տեղ է տանելու։ Միջին աշխատավարձը պետք է սոցիալական խարտիայով լինի 50–60 տոկոս։ Այլ տնտեսագիտական հաշվարկներ էլ կան․ արդյո՞ք միջին աշխատավարձը այդքան է, թե՞ ավելի քիչ է։ Եթե ամեն ինչ օրենքով լիներ, կարելի էր օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է լինի ուրախ, ապրուստը՝ ձրի, Հայաստանն էլ՝ ծովից ծով։ Օրենքը նպատակ չէի, միջոց է ՝ նպատակներին հասնելու համար։ Մենք խոստացել ենք աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, անելու ենք դա՝ տնտեսական զարգացումներին համահունչ»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն էլ հիշեցրեց, որ իշխանությունը 2020 թվականին նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձրել է 68 հազար դրամ։ Դրանից առաջ հինգ տարի նվազագույն աշխատավարձը չէր փոխվել․

«Նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեր առաջնահերթություններում է, մենք սա ոչ միայն որպես նախընտրական ծրագիր ենք առաջարկել, այլ նաև ապացուցել ենք գործով»։

Մինչ պատգամավորները քննարկում են՝ երբ ու որքան  բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կյանքը շարունակում է թանկանալ, ընդ որում, ամեն ամիս՝ մոտ 0․5 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ 2021–ին 7․7 տոկոս գնաճ է արձանագրվել։ Հայաստանում գնաճի տեմպերը փոխել են պարենային և նվազագույն սպառողական զամբյուղների արժեքը, մինչդեռ  նվազագույն աշխատավարձը մնացել է նույնը։  Տնտեսագետներն իրենց պնդումները ապացուցում են թվերով՝  2020–ին Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը շուրջ 66 հազար դրամ էր, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ, այս տարի նվազագույն աշխատավարձը նույնն է, իսկ նվազագույն զամբյուղի արժեքը 71 570  դրամ է։ Ստացվում է, որ նվազագույն աշխատավարձը չի ծածկում անգամ  սպառողական զամբյուղի արժեքը,- «Ռադիոլուր»–ին ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․

«Մենք խոսում ենք այն մասին, որ ունենք աշխատող աղքատներ, մարդիկ, որոնք ունեն աշխատանք, բայց աղքատ են, քանի որ նրանց աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղից ցածր է։ Էլ չխոսենք, որ այդ աշխատավարձով կարող են պահվել կամ ֆինանսավորվել ընտանիքի մյուս անդամները»։

2020-ին Հայաստանում տնտեսական  անկումը համաշխարհայինից  2․5 անգամ ավելին էր։ 2021–ին 5․8 տոկոս էր։ Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, միջին ամսական աշխատավարձը անցած տարի Հայաստանում աճել է 7,6 տոկոսով, պետական հիմնարկներում ավելի քիչ՝ 5,2 տոկոսով՝ դառնալով, համապատասխանաբար, ավելի քան 204 հազար և գրեթե 180 հազար դրամ։ Այնինչ, նույն տվյալնեըր փաստում են, որ անցած տարի սննդամթերքը Հայաստանում թանկացել է 11,5 տոկոսով՝ էականորեն բարձր աշխատավարձի աճից։ Սա նաև քաղաքացիներն են փաստում․

«Իհարկե, ավելի դժվար է դարձել ապրելը։ Եթե նախկինում տասը հազար դրամով կարողանում էինք մեկ շաբաթ ապրել, հիմա այդ գումարը մեկ օրվա է բավականացնում»։

 Տարբեր հաշվարկներով՝ մեկ տարում բնակչության գնողունակությունը նվազել է շուրջ  15 տոկոսով։ Տրամաբանությունը հուշում է՝ գնողունակության նվազման ֆոնին գները պետք է նվազեին, սակայն հակառակ միտումն է գրանցվել։ Եկամուտները մնացել են նույնը, գնողունակությունը նվազել է․ Հայաստանում աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում։

«Հայաստանում ինդեքսավորման մասին վաղուց մոռացել են։ Չի արվում, քանի որ բյուջեում այդ գումարները չկան։ Պարզապես չի տեղավորվում բյուջեի ծախսերի մեջ»։

Փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանում աղքատության աճ է սպասվում։ Նկատում են՝  2022թ․ բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի  աճով  խորացող սոցիալական խնդիրների լուծումը կդժվարանա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին խոսել 2023թվականի բյուջեի համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button