ԿարևորՄշակույթ

«Գարուն ա․․․»․ պատերազմի ու սիրո մասին ֆիլմը էկրանին կլինի մարտի մեկից

«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո ու մեր օրերի նվիրյալների,  մասին։ Այն փորձ է պատերազմ արհավիրքի միջոցով  պարզելու մեր ինքնությունը, հասկանալու  միասնության ու հայրենասիրության  բովանդակությունը՝ երեք սերունդների աչքերով։ Ֆիլմը մեծ էկրանին կլինի մարտի 1-ից:

Պապ, որդի ու թոռ․ երեք սերունդ, երեք տարբեր բնավորություններով մարդիկ, որոնք կրում են մերօրյա հասարակության տարբեր ընկալումները։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականաշինության գործին։ Որդին՝ Գնելը, բիզնեսմեն է, մինչև այսօր չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, տաղանդավոր երաժիշտ է, որին ոգեշնչում է պապի կենսագրությունը։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար։

«Գարուն ա»  ֆիլմը նկարելու գաղափարը ծագել է դեռևս 2015 թ–-ին։ Կինոնկարում կա հայրենիք և կա պատերազմ: Գաղափարի հեղինակ,   գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյան։ 

«Արցախյան պատերազմի մասին ֆիլմ ստեղծելու գաղափար վաղուց կար։ 2000 տարի անընդհատ բարոյական հաղթանակ  ենք ունեցել, և ամեն բարոյական հաղթանակից հետո կորցրել ենք տարածքներ ։ Վերջապես ունեցանք մի բարոյական և նյութական հաղթանակ ու կարողացանք մեր տարածքներից մի փոքրիկ մաս վերադարձնել: Ու այդ մասին ֆիլմ չկա նկարահանված։ Արդեն սկսվել էին նախապատրաստական  աշխատանքները ,երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը։    Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում և համախմբվում բարդ իրավիճակներում։  Այդ ժամանակ եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել ոչ թե պատերազմի, այլ համախմբվելու ու  հայրենասիրության մասին»։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սցենարը չի փոխվել։ Ֆիլմը պետության ու պետականության նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Ըստ Խաչատրյանի՝ թեման այնքան կարևոր ու ազդեցիկ էր, որ պատերազմից հետո միայն որոշ հարցադրումներ ավելի  են շեշտադրվել:

«2021 թ․մենք ուշացանք մեր ֆիլմով ու գաղափարախոսությամբ , բայց երբ նկարահանում էինք պատերազմական կտորները, հասկացանք, որ  ճիշտ ժամանակն է, ու հիմա այն շատ ավելի է անհրաժեշտ։ Քանի որ սա ֆիլմ չէ միայն պատերազմում հաղթել–չհաղթելու մասին, այլ մեր մասին է»։

Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ջութակահար է: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանին հետաքրքիր է եղել  արվեստագետի աչքերով պատերազմը տեսնելն ու  ներկայացնելը: Բարբարոսության և արվեստի միջև զուգահեռները հետաքրքիր են՝ ասում է ռեժիսորը:

Դրական կերպարներից բացի,  որոնք մարմնավորում են սիրված հայ դերասանները, ֆիլմում նաև հակահերոս կա․ ադրբեջանցի զինվորականի կերպարը  մարմնավորել է պարսիկ դերասան Թումաջ Դանեշ Բեհզադին:

«Ֆիլմի գլխավոր հերոսներից է Արամ Ամատունին՝ զորացրված սպան, որը հայրենիքի շահերը վեր է դասում  ամեն ինչից: Նա ասում է, որ հայրենիքը զուտ հողակտոր չէ, և այն սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից, անհատի մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ամատունին համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,-եզրափակեց ռեժիսորը:

«Գարուն ա…»-ն  ֆիլմը  փորձ է  պատերազմ արհավիրքի միջոցով  պարզելու մեր ինքնությունը․ դիտարկումը  ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանինն է։

 «Այն հայրենասիրության մասին է, բայց ունի հակասություններ, որոնք մարդկանց մտածելու առիթ կտան»։

«Գարուն ա…» ֆիլմը  մեծ էկրաններ կբարձրանա մարտի 1-ին:

Կարդացեք նաև

Back to top button