
Նպատակ ունենալով զարկ տալու մշակութային կյանքի զարգացմանը` Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը հունվարի 25-ին ընդունել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը և Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությամբ ապրիլ ամսին Հրազդանում փառատոների և երիտասարդական ֆորումի անցկացման ծրագիր:
Հակոբ Ղազանչյանը շեշտել է, որ ծրագրում նախատեսվում է ներգրավվել երիտասարդ ռեժիսորների և ճանաչված դերասանների: Ծրագիրը կկոչվի «Թատերական տասնօրյակ» կամ «Թատերական շաբաթ»:
Ղազանչյանը բարձր է գնահատել համագործակցային կապը, շեշտելով, որ ի դեմս Վահագն Մարգարյանի՝ վերջին շրջանում Հրազդանի դրամատիկական թատրոնում նկատվում են զգալի դրական տեղաշարժեր:
Վահագն Մարգարյանի խոսքով թատրոնն ունենում է 1000-ից մինչև 3000 այցելու 1 ամսում, և հաճախ հենց հանդիսատեսն է պահանջում բերել այս կամ այն ներկայացումը: Հակոբ Ղազանչյանի խոսքով փառատոնը կնպաստի համայնքում թատերական կյանքի աշխուժացմանը:




