ԿարևորՀասարակություն

Դահուկավարման դասընթացներ՝ պատերազմում վիրավորում ստացած տղաների համար

Դժվար է, բայց ոչ անհնար․44-օրյա պատերազմում հաշմված տղաները կարող են զբաղվել ակտիվ սպորտով, ավելի կոնկրետ՝ դահուկավարմամբ։ Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար լեռնադահուկային սպորտի առաջին դասընթացներն անցկացվել են Ավստրիայում՝ 1948 թվականին։ Հայաստանում նախկինում նման դասընթացներ երբևէ չեն կազմակերպվել։

Պատերազմի հետևանքով վերին կամ ստորին վերջույթը կորցրնելն ու անվասայլակով տեղաշարժվելը դահուկավարման դասերին մասնակցելու համար խոչընդոտ չեն։ 10 տղաներ արդեն մասնակցում են այս դասընթացներին։ «Հայկական ճամբար»-ում է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված, հատուկ նստարան և սահելու հարմարանք ունեցող Հայաստանում միակ սարքավորումը։ Այն անվճար կտրամադրվի պատերազմին մասնակից տղաներին, իսկ ճամբարի մասնագետները նրանց կսովորեցնեն դահուկավարել։ «Հայկական ճամբար»–ի կազմակերպիչներից մեկը կամավորական գործունեություն ծավալող Վաչե Վարդանյանն է։  «Ռադիոլուր»-ը զրուցել է նրա հետ․

«Ծանր վիրավորում ստացած տղաներին ակտիվ հանգստի տանելու գաղափարը դեռ 2021 թվականի գարնանն ենք հղացել։ Նպատակը այդ տղաներին կտրել առօրյայից և ցույց տալ, որ հնարավոր է զբաղվել ակտիվ սպորտով, թեկուզ այս վիճակում։  Սովորաբար, երբ Ծաղկաձոր կամ Դիլիջան ենք գնում, 20-30 տղա մասնակցում է, հիմա ավելի շատ ֆինանսավորում պետք կլինի, 10-ը տղաներ, գուցե մի քիչ ավել, կմասնակցեն դահուկավարման դասընթացներին։ Ընտրելու ենք հատկապես այն տղաներին, որոնց ստորին վերջույթը անդամահատված է,  և անդամ պրոթեզներ չունեն՝ անվասայլակով են»,-ասում է Վաչե Վարդանյանը։

Ծանր վիրավորում ստացած զինվորների համար ակտիվ հանգիստ ապահովող  ծրագրերը ֆինանսավորում են բարերարները։ «Հայաստանում առաջին անգամ են կազմակերպվելու դահուկավարման դասեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մեր մասնագետները տղաներին կօգնեն նաև բասկետբոլ խաղալ։ Սա, իսկապես, եզակի երևութ է  և տղաների համար էլ է անսովոր»,-ասում է զրուցակիցս․

«Մեր աջակիցների համար էլ է անսովոր, ինչպե՞ս կարող է սայլակի վրա մարդը դահուկավարել, բայց վստահ եմ՝ կհավաքվի գումարը։ Ներդրում կարող եք ունենալ փոխանցելով մեր հաշվեհամարներին, որոնք մեր գրառումների տակ նշում ենք»,-նշում է Վաչե Վարդանյանը։

Դահուկավարման և բասկետբոլի դասերից զատ ծանր վիրավորում ստացած տղաները կմասնակցեն լողի թերապիայի, նրանց հետ կաշխատեն նաև հոգեբաններ։ Գաղափարն իրականացնող «Հայկական ճամբար»–ը դեռ 2005 թվականից «Հայաստանի բարեկամներ» բրիտանական կազմակերպության ֆինանսավորմամբ ամեն ամառ ու ձմեռ  Սևանի ափին և Ծաղկաձորում կազմակերպում են վերականգնողական ճամբարներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: «Մեր նպատակն է ապացուցել, որ հաշմանդամություն ունենալը դատավճիռ կամ սոցիումից կտրվելու պատճառ չէ»,-ասում է է զրուցակիցս՝ «Հայկական ճամբարի» կազմակերպիչներից Վաչե Վարդանյանը։  

Կարդացեք նաև

Back to top button