ԿարևորՀասարակություն

Էլեկտրոնային հանցանք ու հանցագործ․ 2021–ին 103%-ով ավելացել են կիբեռհանցագործությունները

2021 թվին, 2019-ի համեմատ, ավելի քան 100%-ով ավելացել են կիբեռհանցագործությունները․ խոսքը համացանցի ու համակարգչի միջոցով կատարվող հանցագործությունների մասին է։ Քննչական կոմիտեում սա պայմանավորում են օնլայն տիրույթում կատարվող գործարքների թվով։

«Կիբեռհանցագործությունների ոլորտում մեծ թիվ են կազմում հատկապես ֆինանսական բնույթի հանցագործությունները։ Հանցագործները օնլայն կեղծ վարկեր են առաջարկում և դրա դիմաց դրամ շորթում։ Շատ են նաև ոչ ֆինանսական հանցագործությունները․ դա կարող է լինել սոցցանցերի էջեր մուտք գործելը, մարդկանց անձնական ինֆորմացիային տիրանալը, դրան հետևող տարբեր տեսակի շանտաժներ»,- ասում է Կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ Սասուն Գիրգորյանը։

Համակարգչային հանցագործոթյունների թիվը շատ ավելին է, քան ցույց է տալիս վիճակագրությունը․ վստահ է մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, որ իրենք հանցագործության զոհ են դարձել։ Հաճախ մարդկանց բանկային քարտի տվյալները վերցնում են և քիչ-քիչ գումար են գողանում, և շատ դժվար է հասկանալ, որ դու թալանվում ես»։

Կիբեռհանցագործությունների շուրջ 65 տոկոսը կազմում են ֆինանսական բնույթի հանցագործությունները, երբ հանցագործը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով դրամական միջոցներ է շորթում։ Ավագ քննիչ Սասուն Գրիգորյանն ասում է՝ այս հանցագործների հիմնական թիրախը հենց սոցիալապես անապահով մարդիկ են․

«Մի անձ Facebook սոցիալական ցանցում «Վարկեր սև ցուցակում գտնվողներին» անունով էջ էր բացել և, իբրև թե, վարկեր էր առաջարկում այն մարդկանց, որոնք բանկերից չեն կարողանում վարկեր ստանալ։ Նա քաղաքացուց շուրջ 1 միլիոն դրամ էր պահանջել՝ 2 միլիոն դրամի վարկ ձևակերպելու համար։ Այս գործն արդեն բացահայտված է»,– պատմում է ավագ քննիչը։

Քննչական կոմիտեից հորդորում են ուշադիր լինել, չվստահել համացանցային առաջարկներին, որոնք հեշտ եղանակով վարկ ստանալու կամ գումար աշխատելու հնարավորություն են առաջարկում․

«Անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել, և պետք է ասեմ, որ դա բավական հեշտ է։ Ընդամենը կարելի է որոնողական համակարգերի միջոցով փնտրել այն կազմակերպության անունը, որը վարկ է առաջարկում, և փորձել գտնել կոնտակտային հեռախոսահամարներ կամ հասցե»։

Հանցագործությունների շուրջ 30 տոկոսն էլ ֆիշինգային բնույթի են․ հանցագործը ինչ-որ եղանակով ձեռք է բերում անձի սոցիալական ցանցի օգտահաշվի տվյալները և սպառնում որոշակի պայմաններ չկատարելու դեպքում հրապարակել անձնական տեղեկություններ կամ լուսանկարներ։

«Ուղարկում են ինչ–որ հղում, և այդ հղումով անցնելիս բացվում է որևէ սոցիալական ցանցի նմանությամբ ստեղծված էջ։ Այնտեղ տրվում է մուտքաբառի և գաղտնաբառի տեղ, մարդիկ միամտաբար լրացնում են, և հանցագործն ստանում է էջի տվյալները։ Դրանից հետո արդեն հանցագործը կապ է հաստատում օգտատիրոջ հետ և սպառնում, որ եթե վերջինս համապատասխան գումարը չվճարի, ինքը կհրապարակի նրա անձնական տվյալներն ու լուսանկարները»,– ասում է Սասուն Գրիգորյանը։

2021-ին շատ էին նաև քաղաքական բնույթի կիբեռհանցագործությունները՝ նկատում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հիշեցնում է մեծ աղմուկ հանած «Պեգասուս»-ը։

«Առաջին մեծ աղմուկը հանեց «Պեգասուս»-ը, որը տարածվել էր մի շարք քաղաքական գործիչների շրջանում։ Տարվա վերջ էր, մի քիչ ավելի աննկատ անցավ, բայց կիբեռ–լրտեսական գործիք էր կիրառվում Հայաստանում։ Այն կոչվում է Թեդիաթոր։ Այստեղ աննախադեպություն կար, քանի որ Հայաստանը առաջին անգամ որպես երկիր, հայտնվեց զեկույցում, որ ինքն է կիրառում այդ գործիքը իր երկրի ներսում»։

Հանցագործությունների թվին զուգահեռ՝ ավելանում է քննիչների ծանրաբեռնվածությունը։ Եթե 2020-ին մեկ քննիչը տարեկան քննում էր շուրջ յոթանասուն գործ, ապա 21-ին այդ թիվն ավելի քան 10-ով մեծացել է։ Տարեցտարի ավելանում են նաև բացահայտված գործերը,-ասում է Սասուն Գրիգորյանը։ Նկատում է՝ որպեսզի բացահայտումների գործընթացն առավել արդյունավետ լինի, պետք է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը։ Կիբեռհանցագործության յուահատկությունն է՝ հանցագործությունը, հանցագործը և նույնիսկ ապացույցները էլեկտրոնային են։

Կարդացեք նաև

Back to top button