ԿարևորՀասարակություն

Կենդանաբանական այգու կառավարման շուրջ աղմուկը չի լռում

Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցների միջև կռիվ է ընկել։ Նախկինները բողոքի ակցիաներ են անում՝ մտահոգված, որ կենդանիները քաղցած մնալու և այգու սխալ կառավարման հետևանքով անկում են ապրում, ներկաները պնդում են, որ իրենց գալով այգում իրավիճակ է փոխվել։ Այգու կառավարման խորհուրդը խոստանում է առաջիկայում   հանդես գալ ասուլիսով ու անդրադառնալ բոլոր հարցերին։  

«Մեկ ասում են` ճիճու է եղել, մեկ ասում են՝ չէ, թունավորում է եղել։ Այս վեց ամսում շատ կենդանիների անկումներ են եղել, ու դրա մասին ուղղակի չի բարձրաձայնվել։ Արջերն էլ իրար գզել են»։

Արջերն իրար գզել են, քանի որ սոված են։ Գրանցվում է կենդանիների անկում, որովհետև այգում աշխատանքի են ընդունվում ոչ կոմպետենտ ու մասնագետ մարդիկ,-ասում է Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։ Նա և ևս երկու նախկին աշխատակից բողոքի ակցիա էին իրականացնում Կենդանաբական այգու դիմաց։ 

Ըստ Անուշի՝ այգում աշխատանքի են ընդունել էկոլոգի, որն զբաղվում է ռացիոններով ու կերերով, բայց չունի մասնագիտացում։  Մեկ ամսվա ընթացքում  աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է աշխատանքից։

«Ըստ օդում կախված լուրերի՝ դեռ 2011 թվականից շրջանառվում են լուրեր, որ կենդանաբանական այգու փոխարեն ցանկանում են էլիտար թաղամաս կառուցել։ Չի  բացառվում նաև այն վարկածը, որ  նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հիմնադրամից կենդանիներ բերեն՝ վարձով ցուցադրության»:

Բողոքի ակցիային մասնակցում էր նաև այգու շահագործման բաժնի աշխատակից, շինարար Սարգիս Շահրամանյանը։ Նա լրագրողներին ասաց, թե իր վրա հոգեբանական ճնշում են գործադրում, որ ինքնակամ ազատման դիմում գրի ու հեռանա աշխատանքից։ Նա այգում աշխատում է արդեն տասը տարի։

«Արհամարհում են ինձ, իբր ես չկամ։ Ոչ մի աշխատանքում չեն ներգրավում, արձակուրդ եմ ցանկանում գնալ, չեն տալիս, սակայն ես դեռևս չեմ ստորագրում։ Շինաշխատանքներն այժմ սկսել են քննարկել այգու այգեգործի հետ, և նա է իրականացնում դրանք։ Նման վերաբերմունքն ընդամենը երկու ամսվա պատմություն ունի ու սկսվեց նրանից, որ ես էլ ստորագրեցի բողոք-նամակի տակ»։

Կենդանաբանական այգու  կենդանիներն արդեն սովորել են բողոքի ակցիաներին։ Տնօրենի վերջին փոփոխությունից հետո՝այգու դիմաց բողոքի ակցիաներն անպակաս են։ 2018-ից հետո այգու 4 տնօրեն է փոխվել, ու գրեթե բոլոր նշանակումներն ուղեկցվել են աղմուկով, դժգոհություններով։ 2019թ նոյեմբերին Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնը թողել էր սեփական դիմումի համաձայն, հետո տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։ Նրան, դարձյալ որպես պաշտոնակատար, հաջորդեց Արևիկ Մկրտչյանը։

«Մենք պայքարեցինք,  որ այստեղ լինի մասնագետ, բայց ռեժիսորին հանեցին, բերեցին ճարտարապետ, որը կապ չունի կենդանիների հետ»,- ասում է այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։  

Բողոքի ակցիա իրականացնողներն ընդամենը 3-ն էին, բայց իրավիճակից դժգոհողների թիվն ավելի մեծ է։ Նրանցից շատերն ուղղակի անսացել էին Կենդանաբանական այգու կոչին՝ զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից և չխաթարել այգու բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով տուժում են առաջին հերթին կենդանիները։

Վերջին շրջանում Կենդանաբանական այգում հինգ անգղ էր անկել, 4-ը՝ սպիտակագլուխ։ Մամուլը գրել էր, որ անկման պատճառը սովն է եղել, սակայն Այգու կառավարման խորհուրդը հերքել էր լուրը ու պարզաբանել, որ անկման պատճառները ճշտելու համար իրականացվում են լաբորատոր հետազոտություններ։ Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ առաջիկայում հանդես կգան մամուլի ասուլիսով ու կտան բոլոր հարցերի պատասխանները։

Կարդացեք նաև

Back to top button