Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա են նկատել։ Կանգնեցրել են։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ է եղել, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսե տարա և պոլիէթիլենային տոպրակ է նետել, ինչը չի վրիպել պարեկների աչքից։
Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ են կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը րոպեներ անց Կարապետ Ուլնեցու փողոցում էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, այդ թվում՝ բյուրեղանման զանգված և կաթուցիչներ։
25-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ բյուրեղանմանը՝ այլ թմրամիջոց, որը գնել էր համացանցի միջոցով։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։
մեկ րոպեից էլ քիչ




