ԿարևորՀասարակություն

Ղազախստանում իրավիճակը ամբողջությամբ վերահսկողության տակ է, առաջադրանքը՝ իրագործված․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Այսօրվանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սկսել է դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Ղազախստանից, ուր նրանք ժամանել էին այդ երկրի  նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի համաձայն:

Մինչ այդ Ալմաթիում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը, կայացել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների  ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը տեսակոնֆերանսի միջոցով։

Նիստի ավարտին նախարարները ստորագրել են խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու որոշումը։ Այս գործընթացն, ըստ պատասխանատուների, կտևի շուրջ 10 օր, կիրականացվի փուլային եղանակով։

«Իրավիճակը Ղազախստանում  ամբողջությամբ վերահսկողության տակ է, առաջադրանքը՝  իրագործված»,- հայտարարում է ՀԱՊԿ գլ քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այսօրվանից սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից։ Մինչ այդ կայացել է ՀԱՊԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը՝  տեսակոնֆերանսի միջոցով, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

«Համակարգը, որն ստեղծվել է ՀԱՊԿ-ում, աշխատում է: Այն խնդիրները, որոնք դրվել են խաղաղապահների առաջ, կատարվել են: Առջևում ավարտական փուլն է: Իրավիճակը, այդ թվում եւ Ալմաթիում, ամբողջությամբ վերահսկողության տակ է: Առաջադրանքը՝  իրագործված»,-լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նրա խոսքով՝  Ղազախստանը վերադառնում է կայնքի բնականոն հուն, ինչը տեղի է ունենաում նաև ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության և օգնության արդյունքում, առաջին հերթին այն խաղաղապահների,   որոնք կնագնել են մարտական դիրքում:

Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններ, ըստ Զասի, դաս են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար:

Նախօրեին Ղազախստանի նախագահ Տոկաևն այցելել էր Ալմաթի ու այստեղ նույնպես  նշել, որ ՀԱՊԿ-ը գործով  ցույց տվեց իր արդյունավետությունը:

«Իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ-ի որպես ռազմաքաղաքական միավորի արդյունավետությունը։ Կարծում եմ, որ ապագայում ՀԱՊԿ-ը դեռ իրեն կդրսևորի»։

ՀԱՊԿ 2030 խաղաղապահ և 250 միավոր տեխնիկա տեղեկայվեց Ղազախստանում, որտեղ տարեսկզբին սկսված հակակառավարական ցույցերի զանգվածային անկարգությունների էին վերածվել։ Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները տեղակայվեցին Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի շրջանում։ Ղազախստան ժամանեց  նաև 70 հոգուց կազմված  հայ խաղաղապահների խումբը։ Իրավիճակի  կայունացումից հետո  այդ երկրի նախագահը հայտարարեց, որ խաղաղապահների դուրս բերումը կսկսվի հունվարի 13–ից ու կտևի ոչ ավելի, քան 10 օր, դուրս բերումը կիրականացվի փուլային տարբերակով։

Լուսանկարը՝ Ռոյթերի

«Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, կատարելով առաջադրված խնդիրները, ձեռնամուխ են լինում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմա-տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մեջ տեխնիկայի ու նյութական միջոցների բեռնման նախապատրաստմանը և մշտական տեղաբաշխման կետեր վերադարձին»,-հաղորդել է ՌԴ ՊՆ-ն։  

ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանի ուժայիններին են հանձնում երկրի հանգուցային օբյեկտների պահպանումը: Արտակարգ դրությունն այսօր առավոտյան 7-ից դադարեցվել է, թեև  իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն էին հայտարարել ողջ երկրում։

Ղազախստանում անցած շաբաթ տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել մոտ 10 հազար մարդ։ Զոհերի թվի մասին պաշտոնապես չի հաղորդվել։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով իրավիճակը Ղազախստանում, նշում է,  որ ՀԱՊԿ միավորումների դուրս բերումը այդ երկրից չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվել է Ղազախստանում, և լարվածության նոր փուլեր հնարավոր չեն։

«Երևույթը ծնող խորը սոցիալական խնդիրները չեն վերացվել։ Չեն վերացվել ազգայնական ծայրահեղ դրսևորումները, պանթուրքիզմը, Թուրքիայի նկրտումները Միջին Ասիայի նկատմամբ։ Խաղը չի ավարտվել։ Մարդկանց թվում է, թե Ղազախստանում ավարտվեց լարվածությունը։ Ոչինչ էլ չի ավարտվել, ոչ Ղազախստանում, ոչ Անդրկովկասում, ոչ էլ Ուկրաինայում։ Ավելին, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։  Նազարբաևի ստեղծած վարչակառավարական համակարգը դիմացավ առաջին հարվածին, հետագայում Տոկաևի ստեղծած կառույցը կդիմանա՞ »։

Խաղաղապահների դուրս բերման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղազախստանի նախագահը տեղեկացրել է երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման մասին: Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահի միջև։ Վերջինը տեղեկացրել է երկրում  վերջնական կարգուկանոնը վերականգնելուն ուղղված քայլերի  մասին։   

Կարդացեք նաև

Back to top button