Սրանից 15 տարի առաջ Շվեդիայի Կալմար քաղաքում իմ ավագ գործընկերը շփվել էր փոխքաղաքապետի հետ։ Պատմում էր, որ նա շվեդական եկեղեցու հոգեւորական էր, կանաչների կուսակցության անդամ, միայնակ հայր։ Նրա կենսագրությունն իրեն այնքան էր հետաքրքրել, որ խոսակցության՝ նախօրոք պլանավորած թեմայից շեղվել էր։ Իսկ նրա հետ խոսակցությունը գործընկերս սկսել էր Ավետարանից եւ Քրիստոսի խոսքից. «Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին»` փորձելով պարզել, թե քաղաքական գործիչ հոգեւորականի համար որտեղ է անցնում այդ սահմանը։
Իսկ որտե՞ղ է անցնում Աստծո եւ Կեսարի, հոգեւորի եւ աշխարհիկի սահմանը։
Թվում է, թե հանրագիտարանը տալիս է հարցի հստակ պատասխանը.
- աշխարհիկ պետություններն անջատված են եկեղեցուց,
- պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործունեությանը,
- պետությունը պարտավոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։
Հակառակ պետության՝ եկեղեցուց անջատման գործընթացի ավելի քան երկուհարյուրամյա պատմությանը, այնուամենայնիվ, բազմաթիվ` այդ թվում եվրոպական ժողովրդավարական պետություններում սահմանադրորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական եկեղեցու ինստիտուտը։
Բայց Սահմանադրությամբ ինչ էլ որ ամրագրված լինի, հավատի հետեւորդները մարդիկ են, ոչ թե պետությունը։ Ու մարդիկ անկախ պետության ու եկեղեցու հարաբերություններից, երբեմն իրական հավատի, երբեմն իներցիայի ուժով մնում են որոշակի կրոնական կազմակերպության հետեւորդ։
Ու անկախ նրանից, թե ինչպես են շատերն այսօր վերագնահատում Հայ առաքելական եկեղեցու դերը, պատմական փաստ է, որ այն մեր ժողովրդի կյանքում շատ մեծ դեր ու նշանակություն ունի եւ ունեցել է, անգամ խորհրդային անաստվածության շրջանում։
Ինչո՞ւ այդ դեպքում անկախության վերահաստատումից հետո մենք այդպես էլ սահմանադրորեն պաշտոնական կարգավիճակ չտվեցինք ազգային մի ինստիտուտի, որին իր հավատարմությունն է հայտնում բնակչության 90 տոկոսից ավելին։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ
Հարցերի պատասխանները «Խոշորացույցի» տակ փորձել ենք գտնել աստվածաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանի հետ։





