Տունը՝ կառավարություն, ծննդյան ամսաթիվը՝ 1941։ Հասակը՝ 360 սմ։ Կլոր, բայց ոչ գեր, ոսկորն է ծանր։ Մեծ սլաքը՝ 170 սմ, 4 կգ 800 գ։ Փոքր սլաքը՝ 110 սմ, 3 կգ 500 գ․։ Սիրտը՝ բռաչափ, բայց մեխանիկական։ Պատմում երկրի 80-ամյա գլխավոր ժամացույցի 18 տարվա ընկերը՝ ժամագործ Լյովա Ալեքսանյանը։
«Տեսեք՝ ինչ փոքրիկ ատամնանիվներ են, բայց ինչ ծանրություն են իրենք իրենց հետ ամեն րոպե տանում։ Այս պահը ֆիքսեք, հիմա մեր րոպեասլաքը մեկ րոպե առաջ է գնում, այս ձայնը շարժիչի աշխատանքն է, որն իրեն տանում է մեկ րոպե առաջ»։
1941-ին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի մեկնարկին, օդային, ծովային ու ցամաքային տրանսպորտը զբաղված էր զինվոր, զենք ու զինամթերք տեղափոխելով։ Երկաթգծերից մեկով Հայաստան էր գալիս ժամացույց, որը պիտի լիներ հանրապետության գլխավորը։

«Հնչում են Ռուսական զանգերը, որոնք 200, 300, 400 տարեկան են։37 թվականին Ստալինը եկեղեցիները այրել է, մեր հիմնական զանգերը այդ եկեղեցիների զանգերն են եղել, մեզ հասել»։
Ժամացույցի եկեղեցական զանգերից պիտի հնչեին պետական օրհներգի առաջին 4 նոտաները, բայց դրանցից մեկը չկար։
«Չենք ունեցել ֆա նոտան, փոփոխություն է եղել, սուրբ Զորավոր եկեղեցուց բերվել է, փոփոխվել է։ Մենք իրենց ուրիշ զանգ ենք տվել, ստացել ենք ֆա նոտան ու ունեցել ենք հիմնի սկզբնական մասը, առաջին 4 նոտան։ 18 տարի ես այս ժամացույցի հետ, իմ գլխավոր ընկերոջ հետ եմ եղել, կարելի է ասել կենդանի շունչ է, ես իր հետ զրուցում եմ, իրեն բարի լույս, բարի գիշեր ասում»։
Հանրապետության գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների ականատեսն իր կյանքում դադարներ էլ է ունեցել, բայց ոչ ոք չի նկատել։․
«Մենք ունեցել ենք մեծ թերությունը, որը մոտ 48 ժամ, բայց աննկատ է եղել քաղաքի համար
–Ո՞նց է տենց լինում
–Որովհետև ես ցուցանակից չեմ հեռացել, իրեն կամաց–կամաց առաջ եմ տարել ու աննկատ, ոչ մեկ չի իմացել, որ ժամացույցը չի աշխատում․ երկու օրուգիշեր ուղիղ կանգնած եմ եղել»։
Ժամացույցը դեռ նախորդ տարի կառավարվում էր մի ողջ սենյակ զբաղեցնող տեխնիկայով, հիմա՝ այս փոքր արկղով․
«Ունենք 2 ժամանակ, մեկը բլոկի հիմնական ճշգրիտ ժամանակն է, մյուսը թվատախտակինն է; Եթե մենք ունենում ենք անճշտություն, օրինակ թվատախտակը չի համապատասխանում բլոկի հիմնական ժամանակին, անմիջապես վառվում է վթարը, ինձ հուշում է, որ բլոկի ճշգրիտ ժամանակն ու թվատախտակն իրար հետ չի համապատասխանում»։

Սինքրոն- 1985 թվական կառավարական տան աշտարակային էլեկտրական ժամացույցի գրանցման ժամերի մատյան։ լրացվել է անճշտությունները ժամերի, զանգերի, սլաքների։
Ժամագործը 1985 թվականի կառավարական տան աշտարակային էլեկտրական ժամացույցի գրանցման ժամերի մատյան է ցույց տալիս։ Գրանցամատյանները ցույց տալիս Արծրուն Յավրոյանին է հիշում․ 1-ին կապավորն էր, որը հավաքեց ժամացույցը կառավարության աշտարակի վրա․
«Ամեն ինչ ինքը պահպանել, պաշտպանել է, ընդուպ մինչև գայկա, շուռուպ, ես որ ընդունվեցի 2003-ին իմ գլխավոր էներգետիկը՝ Գեղամ Սուրենիչն ասաց՝ նայի հա, էս 1941 թվականի գայկա է։ Արծրունի Ավրոյանն է պաշտպանել, նայի դու էլ պաշտպանես դրանք։ Ու ես էլ ունեմ մինչև հիմա, պահում եմ նույնությամբ»։
Ժամսլաքին համահունչ երկրում կարգեր ու կյանքեր են փոխվել, պատմության ընթացքի ամենամեծ բեկումները հենց այստեղ ու այստեղից են սկսվել։ Երկրի սրտի զարկերը չափող գլխավոր գործիքով մարդիկ տասնամյակներով իրենց ժամն են ուղղել։
Հրապարակում մեծ իրադարձությունների ժամանակ իրար կորցրած մարդիկ հանդիպում են հենց այս ժամացույցի տակ։
Անգամ ամենաթաքուն հանդիպումներն հենց այս ծերուկի ամենատես աչքի տակ են եղել։ Կարեւոր որոշումները՝ Հայաստանի գլխավոր իրադարձատեսի ստորագրությամբ ու վավերացմամբ։
Մայրաքաղաքում ժամադրվելու բազմաթիվ շքեղ ու գողտրիկ վայրեր կարելի է գտնել, բայց այստեղ հանդիպելն առանձնակի խորհուրդ ունի։ Սա նաեւ սիրո սպասումի սիմվոլ է։
«Կհանդիպենք ժամի տակ»․ բազմաթիվ նոր սերեր հենց այս ժամացույցի տակ են սկսվել․ ու շատերի սրտի զարկերն են ժամացույցի վայրկյաններից արագ խփել։
Թվում է՝ նոր տարին գալիս է ամանորյա վալսերով, շամպայնով կամ ուղերձներով։ Իրականում մեզ նոր տարի բերողը նա է։ Այսպես արդեն 80 տարի։




