Թեպետ սկզբնական շրջանում մտածում էր ուսումը շարունակել տեխնիկական ուղղությամբ, սակայն հասկացավ, որ պետք է ընտրի մարդկանց օգնելու ճանապարհը: Բժշկի դժվար ու ծանր ճանապարհը նրան մեծ բավանակություն է պատճառում, զրոյանում են բոլոր չարչարանքներն ու վատ մտքերը, երբ բուժառուի հետ հաղթում է հիվանդությանը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս Լևոն Գրիգորյանն ասում է, որ համբերությունը նույնպես բուժում է, հետևաբար, բժիշկը պետք է լինի համբերատար։ Չնայած տարածված կարծիքին, նա կարծում է, որ բժշկի ձեռագիրը պետք է լինի հստակ, գեղեցիկ և ընթեռնելի:
Վիրաբուժությունը համեմատում է նկարչության հետ․ բժիշկը սովորել և սովորում է նկարելով: Բնույթով պերֆեկցիոնիստ է, պարտաճանաչ, մաքսիմալիստ ու էսթետ, սիրում է ամեն ինչ հասցնել կատարելության: Ասում է, որ նույնիսկ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին հայտնվելով՝ առանց աշխատասիրության հաջողության հասնել հնարավոր չէ: