
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Գործընթացը ոչ թե ավարտվում, այլ՝ միայն սկսվում է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման, դրա հիմքում ընկած պատճառների ու հետևանքների մասին:
Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանի առջեւ իրականում ԵՄ ու Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու հարց չկար: Ըստ նրա վերլուծության՝ ԵՄ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ կառույց, որի օգնությամբ ԱՄՆ վերահսկում է Եվրոպան։ Հետևաբար՝ բախումը կամ առճակատումը պետք է դիտարկել ոչ թե ԵՄ-Ռուսատան, այլ ԱՄՆ -Ռուսաստան հարթության մեջ։ «Այդ բախման ընթացքում Միացյալ Նահանգները տեսավ մեկ բան. կոշտ բախման գնալու դեպքում կարող է կորցնել ամեն ինչ, հետևաբար՝ ավելի ճիշտ է զիջել մի դիրքը, այսինքն՝ հնարավորության տալ, որ Մաքսային միության հետ պայմանգիր ստորագրվի, իսկ հետագայում շարունակել գործել: Թե ինչպես՝ կտեսնենք»:
Կողմերը զիջել չեն պատրաստավում, բայց նաև զգույշ են իրենց քայլերի մեջ: Ցանկացած անզգուշություն կարող է անկանխատեսելի հետևանանքեր ունենալ: Աշխարհում, ընդհանրապես, ըստ Մանուչարյանի, կոշտ հակադրությունների շրջան է, բայց նաև որևէ մեկը չի ցանկանում հատել սահմանը: Որոշ հարցերում հակամարտող կողմերն անգամ օրինական շահեր ու տիրապետություն են ճանաչում միայն նրա համար, որ կարողանանան շարունակել պայքարը։ «Ռուսաստանը հիմա համաշխարհային ջոկերն է: Հիմնական խաղացողները ԱՄՆ-ն ու Չինաստանն են, որոշակիորեն նաև Եվրոպան: Այս եռակողմ դինամիկան է որոշում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ռուսատանը առայժմ ջոկեր է՝ ում կողմն անցավ, այդ կողմը հաղթելու է: Բայց ջոկերն ինքն էլ ուզում է դառնալ հիմնական խաղացող: Սա էլ նրա շահն է»։




