
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
25 տարի առաջ Լեյլա Հովհաննիսյանը հավաքեց ճամպրուկները, վերցրեց առաջին անհրաժեշտության իրերն ու գիշերով իր սիրելի հետ մեկնեց Վրասատան։ Հայրական տունը չէր լքի, եթե ամենակարող սերը չլիներ: Լեյլայի հայրը համաձայն չէր, որ աղջիկը ամուսնանա վրացահայի հետ, բայց, ինչպես այսօր ժպիտով հիշում է տիկին Լեյլան, չլսեց հորն ու ամուսնացավ։ «6 երեխա ունեմ, երեքի անունները հայկական են, մյուս երեքինը՝ վրացական: Այդպես ենք արել, որ սկեսուրս չնեղանա, քանի որ նա ազգությամբ վրացի է»,- ասում է զրուցակիցս ու պատմում, որ ամուսնու ընտանիքին գրեթե բոլորն են ճանաչում, նրանք հանրահայտ մեղվապահ Ղուկասյաններն են: «Այդպիսի մեկը չկա Շռոմա գյուղում, որ գոնե մեկ անգամ օգտված չլնի մեր մեղրից»,- ասում է։
Տիկին Լեյլան Ուռեկի հանգստավայրի շուկայում վաճառում է միրգ, բանջարեղեն, համեմունքներ և, իհարկե, մեղր։ «Ես հենց իմանում եմ, որ մեկը եկել է Երևանից, չեք պատկերացնի` ոնց եմ ուրախանում, հայրենիք ուշ- ուշ եմ գնում, վերջին անգամ 12 տարի առաջ եմ եղել: Խոսակցականից հենց հասկանում եմ, որ Երևանից եկած հայ են, ուրախանում եմ: Մի տեսակ Գիքորի օրն եմ ընկնում, սաղից հարցուփորձ անում, իսկ եթե ապրանք են առնում, ամպայման էժան եմ տալիս»,- պատմում էր տիկին Լեյլան։
Մինչ մենք զրուցում էինք, նրա հարևանությամբ առևտուր էր անում ազգությամբ թուրք մի կին: Վերջինս սկսեց իր մայրենի լեզվով բարձր տոնով խոսել զրուցակցիս հետ: Ես զարմացած նայում էի ու միայն զրուցակցիս ռուսերեն պատասխանելուց հետո հասկացա, որ խոսքը ինձ էր վերաբերվում:։ «Ինձի ասում ա` քո հայը գալիս քո մոտ ա առևտուր անում, իմ մոտ չի գալիս: Ասում եմ` քո մոտից էլ են առնում, էդ քո աչքին ա երևում: Սկզբում շատ էի նեղվում, բայց հիմա չէ»,- ներկայացնում է նա:
Զրուցակիցս սկսեց պատմել. «Երբ սկսվեց վրաց- օսեթական պատերազմը, ոչ մեկ սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ տարիներին ով հնարավորություն ունեցավ, փախավ, ով չէ` մնաց այստեղ ու տանջվեց: Ամենավատ վիճակում հայտնվել էին վրացիները, շատ ընտանիքներ եղան, որ ուղղակի սարերով փախան: Վրացիք չուզեցին, որ մենք գնանք: Ասեցին՝ մեզ կպահեն։ «Այդ տարիներին, իհարկե, շատ հայեր ու վրացիներ եղան, որոնք վախենալով իրենց կյանքի համար` փոխեցին ազգանունները: Ես էլ էի սկսզբում ամուսնուս համոզում, որ նման բան անի, քանի որ երեխաներիս համար շատ էի մտածում, բայց ամուսինս ազգանունը չփոխեց»,- պատմում է տիկին Լեյլան:
Խոսակցությամբ տարված չէինք նկատել, որ արդեն հերթ էր գոյացել տիկին Լեյլայի տաղավարի մոտ, մեղր էին ուզում գնել: Ինձ մնում էր ասել ցտեսություն ու հեռանալ։




