
Իրանը խոսում է Ադրբեջանում ահաբեկչական խմբերի գոյության մասին ու վստահեցնում, որ փաստական տվյալների ունի, Բաքուն էլ տեղեկություն է տարածում, թե Իրանը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնել է Հայաստանին։ Սա երկու երկրների լարված հարաբերությունների վկայությո՞ւն է, թե՞ կան այլ թաքնված նպատակներ։
44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանը ահաբեկչական խմբեր է տեղափոխել տարածաշրջան, եւ Թեհրանը այս մասին վկայող փաստաթղթեր ունի, հայտարարում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Իրանի հանրային ռադիոյի հետ հարցազրույցում նա ասել է, որ Իրանն ստացել է նրանց խոսակցությունների ձայնագրությունները, ու դրանք այժմ հետախուզական ծառայությունների մոտ են։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ նշում է, որ Թեհրանն այդ ընթքացքում ադրբեջանական կողմին բացատրել է ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Ադբուլլաևան էլ ի պատասխան հայտարարում է, թե Իրանը շարունակում է հակաադրբեջանական արշավն ու Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին անհիմն մեղադրանքներ հնչեցնում։
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին Երեւանում ընդգծեց, որ Իրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ եւ շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ:
Թեհրանից հնչող հայտարարություններին զուգահեռ՝ Բաքվից այսպես ասած «սենսացիոն» բնույթի տեղեկություններ են տարածվում։ Տեսագրությունը, որով ողողված են սոցիլական ցանցերը, պատմում է այն մասին, որ Իրանը 44-օրյա պատերազմում օգնել է Հայաստանին և զորքեր մտցրել սահմանակից շրջաններ:
2020-ի պատերազմի ժամանակ Իրանը մի քանի օր մտել է Արցախի Ջրականի շրջան ու խանգարել ադրբեջանաթուրքական զորքի առաջխաղացմանը, մինչև հայկական զորքը ինքնակազմակերպվի։ Ըստ ադրբեջանական մեղադրանքի՝ Իրանի հետախուզությունը կարողացել է գաղտնալսել ադրբեջանաթուրքական ռազմական ներքին խոսակցությունները և դրանք փոխանցել հայկական կողմին։ Իրանագետ Գարիկ Միսակյանը այս փոխադարձ բացահայտումները քարոզչական դաշտի հնարքներ է որակում՝ որոշակի նպատակներով։ Այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ահաբեկիչներ էր բերել տարածաշրջան, հայտարարում էր նաեւ Հայաստանը, անգամ հրապարակային ապացույցներ ներկայացվեցին։ Սակայն Բաքվի կողմից Իրանին մեղադրող տեսագրությունը, իրականությանը չի համապատասխանում, դա արվում է Ադրբեջանում հակաիրանական տրամադրություններ ստեղծելու համար․
«Իրանը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում շիական հավատացյալների շրջանում, եւ այս քարոզչությունը նպատակ ունի հակաիրանական ազգայնական տրամադրություններ ստեղծել»։
Իրանը հերքել է այդ տեսագրության մեջ ներկայացվող պատկերը։ Իրանագետ Էմմա Գաբիջյանի կարծիքով՝ Իրանն այսօր ակտիվացել է՝ իր աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար։ Որքան լարվում են Իրան–Ադրբեջան հարաբերությունները, այնքան փաստերը ջրի երես են դուրս գալիս, սակայն ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանում դեռ մեկ տարի առաջ փաստել է Հայաստանը։ Իսկ որ Իրանը օգնել է Հայաստանին 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ իրանագետի, իրականությանը չի համապատասխանում․
«Դա չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես մեղադրանք է։ Պարզապես Իրանը Վրաստանի նման ճանապարհը չի փակել շտապ օգնության մեքենաների առաջ։ Ավելին, Պակիստանից ահաբեկիչներն անգամ Իրանի տարածքով են անցել Ադրբեջան»։
Գարիկ Միսակյանի խոսքով՝ Իրանն այսօր հասկանում է, որ իր համար ամենաապահով այլընտրանքը Հայաստանով անցնող ճանապարհն է, եւ ուղի է հարթում այդ ուղղությամբ։
«Եթե թշնամի պետության հետ հարաբերությունները սրվում են, հարեւան եւ բարեկամ երկրների հետ է փորձում հարաբերությունները լավացնել։ Իրանը այդպես է վարվում»։
Իրան–Ադրբեջան հարաբերություններն այսօր ամենավատ փուլում են, սակայն դա չի նշանակում, թե ուր որ է՝ ռազմական գործողություններ են սկսվելու։ Իրանագետի կարծիքով՝ այդ մասին դեռ վաղ է խոսել առավել եւս, որ Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հեռախոսազրույցի ժամանակ շեշտել են բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:




