
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրանտ Թումասյանը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում, բայց հաճախ է լինում Հայաստանում։ Ազատամարտիկի համար բարեգործությունը դարձել է կենսակերպ։ Օգնում է հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հատուկ ուշադրության տակ պահելով զինհաշմանդամներին։ Բայց այս անգամ ուշադրության կենտրոնում եղել է Պարույր Սևակի անվան հիմնական դպրոցը, որի շրջանավարտներից է նաև ինքը։
«9-րդ դասարանում Հայաստանի քարտեզն էի ցույց տալիս, ասեցի՝ Հայաստանի հարևան երկրներ, աշխարհագրության ուսուցչուհին ուղղեց՝ ոչ թե հարևան, այլ սահմանակից երկրներ»,-ասում է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հրանտ Թումասյանը։
Հերոսական ուղի անցած «Նիկոլ Դուման՚» ջոկատի անդամ, «Մարտական խաչ՚» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրանտ Թումասյանին հանդիպեցի Պարույր Սևակի անվան դպրոցում։ Հրանտն այս դպրոցի շրջանավարտ է ու կապը դպրոցի հետ միշտ պահել է։ Հարազատ դպրոց այցելելու պատճառ էլ կա։ Տարիներ առաջ՝ Անկախության 25-ամյակի առիթով դպրոցը մեծ միջոցառում էր կազմակերպել, և իրեն՝ որպես արցախյան ազատամարտի մասնակից, հրավիրել այդ միջոցառմանը։ Դպրոցի տնօրեն Վարդիթեր Թելունցը «Ռադիոլուրին» պատմեց, որ հենց այդ ժամանակ էլ, տեսնելով դպրոցի մարզադահլիճի ու դահլիճի անմխիթար վիճակը, Հրանտը որոշել է վերանորոգել այն։

«Երեխաներն ուղղակի երազում էին ունենալ նման մարզադահլիճ ու դահլիճ։ Հրանտի շնորհիվ կարող են վայելել»,—ասում է դպրոցի տնօրենը։
Հրանտ Թումասյանը սովորում էր Գյուղինստիտուտում ։ Մասնագիտությամբ ինժեներ է։ Երբ պատերազմը սկսվեց, կամավորագրվեց «Նիկոլ Դուման» ջոկատին, որի կազմում հիմնականում Երևանի բուհերի ուսանողներն էին, իսկական գաղափարի զինվորներ, որոնք մշտապես հայտնվում էին սահմանի ամենավտանգավոր հատվածներում: Հետագայում նրանց մեծ մասը ներգրավվեց Հատուկ գնդին: Ջոկատի մի դասակ էլ համալրեց «Արծիվ-մահապարտների՚» գումարտակը։ Այս ջոկատը երբեմն նաև «էլիտար» էին անվանում։ Հրանտը այդքան էլ չի սիրում խոսել իր մասին՝ չնայած անցած հերոսական ուղուն։ Հարցնում եմ, թե որ մարտերն են եղել ամենակարևորները։ Ժպտում է ու պատասխանում՝ բոլորը։
«Այն մարդիկ, որոնք կամավոր եղան պատերազմում, գաղափարով պատրաստ մարդիկ էին, ու ամեն մեկը մի առասպել էր։ Ու շատերն այսօր, որ տարված են նյութապաշտությամբ ու խոսում են ներդրումներից, այդ ժամանակ ներդրումը կյանքն էր ու առողջությունը, որ դրվեց հանուն հայրենիքի»,-ասում է Հրանտը։
Իսկ Հրանտն իսկապես իր առողջությունը ներդրեց հայրենիքի փրկության գործին։ Սխրավենդի մարտերից մեկը նրա կյանքում ճակատագրական եղավ։ Ողնուղեղի շրջանում ծանր վիրավորումն այդ օրվանից նրան գամեց անվասալյակին։

«Ինձ հանել են իմ ընկերները, շատ դժվար տեղից, չեմ կարող ասել՝ ինչ գործողություն էինք կատարում։ Հիմա Կոմանդոսը չկա,այլապես իրենից թույլտվություն կվերցնեի, նոր կպատմեի․ ինձ համար գոյություն ունի ռազմական ու պետական գաղտնիք, դրա համար նման քայլ չեմ անում» ։
Հրանտին ուղղաթիռով հասցնում են Երևան, սակայն վերջույթների զգայունությունը վերականգնելու փորձերը հաջողություն չեն ունենում: Հետագայում Հրանտը մոր և քրոջ հետ տեղափոխվում է ԱՄՆ, բայց կապը հայրենիքի հետ մշտապես պահում է։ Այժմ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Օգնում է հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝առանձնակի ուշադրություն հատկացնելով զինհաշմանդամներին։ Համահայկական հիմնադրամի հետ համատեղելով ջանքերը՝ նրանց նվիրաբերել են մեքենաներ՝ կառավարվող թեքահարթակներով , էլեկտրական մահճակալներ, հակապառկելախոցային ներքնակներ, թանկարժեք անվասայլակներ և այլն.
Հրանտը բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև այն գյուղում, որտեղ վիրավորվել է։

«Այն Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղն է, արևային լույսեր ենք տարել էլեկտրական սայլակներ և այլն։ Չի կարելի մարդկանց մենակ թողնել»։
Չնայած այսօր անվասայլակին է, բայց մեկ վայրկյան անգամ չի զղջացել իր առողջությունը հայրենիքին նվիրաբերելու համար։
«Մեզ պետք է շատ արագ ուշքի բերենք ու ազգային գիտակցությունը հետ բերենք։ Մարդիկ պետք է հասկանան մի բան՝ այս տարածաշրջանում երեք հավակնորդ կա՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Մենք պետք է այնքան խելացի լինենք, որ ոչ մեկին ոչինչ չտանք։ Ով իր գեներով հայ է, ոչ թե՝ խառնածին, ինչ էլ տաս, հաջորդին է գալու։ Խաղաղասիրություն քարոզելով՝ Կարսի դռները բացեցին»։
44-օրյա պատերազմի ժամանակ ազատամարտիկը մշտապես կապի մեջ է եղել ընկերների հետ: Ասում է՝ սահմանից եկող լուրերն ու տեղեկությունները հաճախ զարմացրել են։

«Ինձ, որ առաջին անգամ ասեցին ռացիա ու հեռադիտակ է պետք , զարմացա, ո՞նց թե, նման բաները մեր ժամանակ էին խնդիր։ Հիմա ո՞նց այդպես եղավ»,—ասում է Հրանտը։
Մենք եղել ենք «ոչ մի թիզական» գաղափարի կրողներ, ամեն մետրի համար պայքարել ենք՝ ասում է։
«Մենք 1993-ից ոչ Շուռնուխի անունն ենք լսել, ոչ էլ Կոռնիձորի ։ Հանգիստ ապրում էինք։ Հիմա եկան, մտան մեր տները։ Շատ են երես առել։ Դրվագներ ասեմ, այն տեղերում, որտեղ մերոնք վճռականություն են ցուցաբերել, տեսաք ո՞նց փախան։ Տասը օր կռվի ընթացքում տեսան ոչինչ չի լինում, իրենց նախարարին փոխեցին։ 45 օր կռիվ է եղել։ Մարդ պետք է լինի, որ իր վրա վերցնի այս վիճակը, ու ամեն ինչ հետ բերի»։




