
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այս օրերին Երևանում անցկացվում է «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» միջազգային թեմատիկ գիտաժողովը, որին մասնակցում են ոլորտի ավելի քան 300 առաջատար մասնագետներ` 32 երկրներից: Գիտաժողովի աշխատանքներին այսօր անդրադարձել են սոցիալ- հոգեբանական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը և Երևանի պետական բժշկակական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։
Հոգեբանների այս հավաքի մասնակիցների թվում են 5 միջազգային ասոցիացիաների ղեկավարները, ինչը մեծ կշիռ է հաղորդում գիտաժողովին: Եռօրյա գիտաժողովի ընթացքում կայացած 28 քննարկումները և ներկացված 8 զեկուցումները վերաբերվում են տարբեր երկրներում հոգեբանության փորձին և արդիական ձեռքբերումներին: Նախօրեին ստորագրված հռչակագիրը նախանշել է ոլորտի զարգացման նոր ուղենիշները։
Երևանյան գիտաժողովից բավականին տպավորված է Սոցիալ- հոգեբանական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը: Արտասահմանցի մասնագետը կարևորում է հոգեթերապիայի շրջանակներում վերականգնողական բուժումը եւ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել այս հարցում հայ մասնագետներին։
Գիտաժողովը կարևորեց և Երևանի պետական բժշկակական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մասնավորապես, առաջավոր միջազգային փորձին ծանոթանալու տեսանկյունից։ Դիտարկելով հոգեկան առողջությունը որպես առաջնահերթություն՝ անհրաժեշտ է գիտակցել, որ այն ազգի անվտանգության և ապահովության երաշխիքն է։




