ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻ պաշտպանը Հռոմի Պապին է փոխանցել երեք զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Պապին է ներկայացրել հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումներն ու ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Աշխատակազմը նաև հրապարակել է հանդիպումից լուսանկարներ և մանրամասներ հաղորդել։

«Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի հետ անհատական ձեռքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ: 

Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս և ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Արման Թաթոյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:

Ապա Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին: 

Այդ պահին նաև նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել Պապին: 
Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, բացել, թերթել, դիտել դաժանությունների վերաբերյալ նկարները: 

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել կարևոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այդ հարցը նույնպես քննարկել են:

Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն է հայտնել կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարել է նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՄԻՊ աշխատակազմի՝ Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցվել.

  • Առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:
  • Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով,
  • երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է: 

«Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխանությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button