ԿարևորՀասարակություն

Առաջին անգամ քաղաքական ուժերը կպայքարեն մարզերում․ ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ցուցակներով

Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզի 9 համայնքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Մինչև տարեվերջ՝ նոյեմբերի 14-ին ու դեկտեմբրի 5-ին կանցկացվեն ևս երկուսում։ Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ դրանք անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի համամասնական ցուցակների միջև, որոնց առաջին համարը, ենթադրվում է, լինելու է տվյալ ուժի քաղաքապետի թեկնածուն։ Առաջիկա ընտրություններին անդրադարձ է եղել այսօրվա կառավարության նիստում։

Հանրապետության՝ 4  հազարը գերազանցող բնակչություն ունեցող համայնքներում առաջին անգամ կանցկացվեն ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ պայքարելու են քաղաքական ուժերը։ Մինչև տարեվերջ Հայաստանի մարզերում տեղական ինքնակառավարման  մարմինների այդպիսի 3 ընտրություն կանցկացվի։ Սրանով, ըստ էության, կավարտվի համայնքների միավորումը։ Այս համյանքներում, ինչպես Երևանում, քաղաքապետ կընտրի ավագանին։ Վարչապետը կարևորում է Ընտրական օրենսգքրի այս դրույթի կիրառումը ու հիշեցնում է նախկին կարգը, երբ համայնքում առաջադրված թեկնածուներից մեկն ընտրվում էր, ստանձնում համայնքի կառավարումը, իսկ չընտրվածները դուրս էին մնում կառավարման գործընթացից։ Ասում է՝ այս անգամ այդպես չի լինելու․

«Խոշորացված համայնքների մեծամասնությունում տեղի են ունենալու համամասնական ընտրություններ, ինչը  նշանակում է, որ ընտրողներն ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը, ենթադրվում է, որ քաղաքապետի թեկնածուն է: Բայց ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է քաղաքապետն ընտրվել և՛ ընտրողների քվեարկության արդյունքում, և՛ կարող է նաև ավագանիում տեղի ունենալ»

Հոկտեմբերի 17–ին Սյունիքի, Տավուշի ու Շիրակի մարզերում նախատեսված ընտրություններին մասնակցում են հայտնի ու անհայտ   քաղաքական ուժեր՝ ծանոթ, անծանոթ ու անսովոր անվանումներով։ Գյումրիի ընտրություններին, օրինակ, մասնակցելու են «Հայրաքաղաք»-ն ու «Թասիբով»-ը, Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Ինքը՝ Գորիսի գործող քաղաքապետ Առուշանյանը ընտրապայքարին կալանավայրից է մասնակցում։ Նրա անվամբ դաշինքը կազմված է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցություններից։

Ըստ նախաքննական մարմնի՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Առուշանյանը նախապատրաստել էր ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի մի քանի հոդվածով։ Ընդդիմադիրները կարծում են, որ Առուշանյանի կալանավորված լինելու փաստը այս ընտրապայքարում մեծացնում է իշխանության հնարավորությունները։

ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը հիշեցնում է հունիսի 20-ի ընտրություններում մարզում իշխանության տարած հաղթանակի մասին․

«Որևէ մեկը կալանավորված չէր այդ ընտրություններում։ Արդյունքը տեսել եք, չէ՞։ Քաղաքապետերը  ազատության մեջ են եղել։ Ես զբաղվում եմ այն գործառույթներվ, որոնք ունեմ, և որոնք պատադրում է իմ ժողովուրդը»։

Գորիսում ավագանի ձևավորելու ու քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար պայքարում է  նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը։

Սյունիքում հոկտեմբերի 17-ին ընտրություններ են անցկացվելու Գորիսում, Կապանում, Մեղրիում, Տաթևում, Տեղում:  

Գյումրիում  քաղաքային իշխանություն ձևավորելու ու քաղաքապետի աթոռն զբաղեցնելու համար պայքարում է 10 ուժ։ Դրանցից երեքը դաշինք են ՝  «Գյումրին կռնա», «Հայրաքաղաք», «Թասիբով»։

Գյումրիում ընտրություններին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր»–ն ու ՀՀԿ-ն,  «Բալասանյան դաշինք» կուսակցությունը։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում բավարար ձայներ չհավաքելուց հետո որոշել է ուժերը Գյումրիում փորձել։ Այս ընտրապայքարում  նաև նորաստեղծ  «Արժանապատիվ ուղի», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու հայ կոմունիստներն են մրցելու։  

Տավուշի մարզում ընտրությունների մասնակցության հայտ է  ներկայացրել 5՝   «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունները։

Այս ընտրություններին պասիվ են նախկին խորհրդարանական ընդդիմադիրները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն  ու «Լուսավոր Հայաստան»-ը։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններին չեն մասնակցի,  մյուս երկուսի մասով որոշում կկայացնեն ավելի ուշ։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգսիյանն էլ «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ կմասնկացնեն, եթե   տեսնեն ունեն համապատասխան քաղաքական ներուժ․

«Ուղղակի չենք մասնակցի՝ մասնակցելու համար։ Պետք է գնահատենք՝ որքանով է քաղաքական դաշտը, միջավայրը փոփոխությունների պատրաստ, որքանով է այսօրվա քաղաքական ամայացած վիճակն ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Դեռ առաջադրումների համար ժամանակ կա,անպայման կտեղեկացնենք»։
          

Հոկտեմբերի 17–ին միայն համամասնական ընտրություններ չեն անցկացվելու։  Մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի Շամիրամ, Արմավիրի Ֆերիկ և Լոռու Ֆիոլետովո համայնքներում: Ընտրական տարին կավարտվի դեկտեմբերի 5–ի ընտրություններով։

Կարդացեք նաև

Back to top button