
Հայ-գերմանական արշավախումբը Արտաշատ մայրաքաղաքի հնավայրում հայտնաբերել է 4 սյան խարիսխներ, մյուս սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են: Պեղումներն իրականացվում են արդեն 3 տարի։ Հայկական արշավախմբի ղեկավարը Մկրտիչ Զարդարյանն է։ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում նա ղեկավարում է «Հին Հայաստանի հնագիտություն» բաժինը։ Ասում է՝ իրենք գտել են մի կառույց, որն ունի մի քանի մշակութային շերտեր և թվագրվում է հեթանոսության ժամանակաշրջանով․
«Սյունախարիսխը մույթերի վրա է դրվում։ Նման մույթաշատ մի կառույց հայտնաբերել ենք, ուսումնասիրում ենք, երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը մոտ 40 մետր է։ Նախնական մեր տվյալների համաձայն՝ այն թվագրվում է մ․թ․ա․ 2-1 դարերին»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։
«Ռադիոլուր»-ը զրուցել է նաև գերմանական արշավախմբի ղեկավար, Մյունստերնի համալսարանի պրոֆեսոր Ահիմ Լիխտենբերգերի հետ․
«Մեր այս համատեղը ծրագիրը գործում է 2018 թվականից, երբ համագործակցություն սկսվեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերնի համալսարանի միջև։ Ես այցելեցի Երևան և հանդիպեցի Մկրտիչ Զարդարյանի հետ։ Քննարկեցինք նախնական անելիքները։ Կարող եմ ասել, որ մենք շատ ներգրավված ենք աշխատում, թիմային աշխատանք ենք իրականացնում, այսինքն, չկա առանձին գերմանացիների խումբ և առանձին հայերի խումբ, պարտադիր համագործակցում ենք։ Արտաշատը շատ գրավիչ պեղումանվայր է, մենք այստեղ արդեն 3 տարի աշխատում ենք, և կարող եմ ասել, որ գերազանց արդյունք ենք գրանցել»,-ասում է գերմանացի պրոֆեսորը։

Ուսումնասիրությունները երկու ուղղությամբ են ընթանում՝ գեոֆիզիկական ուսումնասիրություններ և բուն պեղումներ, -ասում է Ահիմ Լիխտենբերգերը։ Պեղումների ընթացքում արշավախումը նաև խնդիրների է բախվում։ Մկրտիչ Զարդարյանի խոսքով՝ դրանք երեքն են, և դրանցից ոչ մեկը դեռ լուծված չէ․
«Առաջին խնդիրը Խոր Վիրապի գերեզմանոցն է, որի ընդլայնվելու պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք շատ կարևոր պեղումնավայր և շարունակում ենք կորցնել։ Երկրորդ խնդիրը Արտաշատի ստորին հատվածն է, որտեղ մենք հիմա պեղումներ ենք իրականցնում։ Այն ընդգրկված չէ հատուկ պահպանության գոտում, և երրորդը համատարած գանձագողությունն է, որը շարունակվում է Արատաշատ հնավայրի տարածքում»,-նշում է Մկրտիչ Զարդարյանը։

Զարդարյանը դժգոհ է, որ առ այսօր գանձագողության համար որևէ դատական գործ չի բացվել, իսկ փոսերի պակաս, վստահեցնում է՝ հնավայրի տարածքում չկա։ Խոր Վիրապ վանական համալիրի հարևանությամբ էլ 19-րդ դարի գերեզմանոց կա, որը դեռ շահագործվում է։ Թեմային ավելի վաղ «Ռադիոլուր»-ն անդրադարձել էր․ որ իրենց հարազատին այս գերեզնոցում հուղարկավորող քաղաքացիներն ասում էին, թե դա իրենց պապական, ընտանեկան գերեզմանոցն է։ Խնդիրը, ըստ մասնագետների, կարելի է լուծել գերեզմանոցին շահագործման նոր տարածք տալով։




