
Ադրբեջանն այսօր Հայաստանի դեմ հայց է ներկայցարել Արդարադատության միջազգային դատարան՝ մեղադրելով վերջինիս Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել ադրբեջանցիների նկատմամբ՝ «ազգային կամ էթնիկ» պատկանելության հիման վրա:
Ըստ հայցվորի՝ Հայաստանն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով շարունակում է «էթնիկ զտման» քաղաքականությունը և «ատելություն և ազգամիջյան բռնություն է հրահրում ադրբեջանցիների դեմ ՝ ներգրավելով ատելության խոսք և տարածելով ռասիստական քարոզչություն»:
Ադրբեջանը պնդում է, որ «Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների, մշակութային բնաջնջման և ադրբեջանցիների նկատմամբ ատելության հրահրման քաղաքականությունը համակարգված կերպով ոտնահարում է ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունները»:
Ադրբեջանը կոչ է անում դատարանին «որպես ծայրահեղ անհրաժեշտություն» միջանկյալ միջոցներ ձեռնարկել:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 16-ին նմանատիպ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ նշելով, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասսայական խտրականության է ենթարկել», և որ «հայատյացության այս պետական քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»:
Հայաստանը նշել էր, որ այս գործելակերպը մեկ անգամ ևս ցայտուն կերպով դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել հիշյալ կոնվենցիայի կոպիտ խախտումներ»:
Նշվել էր, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո Ադրբեջանը շարունակել է սպանել, խոշտանգել և այլ բռնությունների ենթարկել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց:
Տես նաև.




