Հասարակություն

Զգուշացե՛ք, զեղծարարներ են․ անհայտ «գնորդները» կարող են յուրացնել ձեր բանկային հաշիվը

Մարդիկ տանը նստած հարձակման նոր ձևեր են հորինում, որովհետև դա շահավետ է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսպես է բացատրում վերջին շրջանում օնլայն հարձակումների աճը։ Դրանք, ասում է,  սպառնում են հատկապես ֆինանսներին․ դառնալով խաբեության զոհ՝ կարելի է կորցնել բանկային քարտի վրա եղած ամբողջ գումարը։ Թիրախում հաճախ են հայտնվում list.am կայքում վաճառք իրականացնող մարդիկ։

Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը․ Վերոնիկա Բուռնուչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր մանկական աթոռի համար list.am–ում հայտարարություն էի տեղադրել։ Մեկը whatsapp-ի միջոցով կապվեց հետս, իբր՝ խիստ հետաքրքրված է այդ իրով։ «Գնորդը» ներկայացավ որպես Սևանի բնակիչ ու ասաց, թե գործարքը պետք է հայփոստի առաքչի միջոցով իրականացվի։ Իրենք գումարը կփոխանցեին, հայփոստից առաքիչը կմոտենար, կվերցներ քարսիթը։ Անուն-ազգանուն հարցրեց, ըստ որի ինչ-որ ֆորմա լրացրեց ու հղումն ինձ ուղարկեց»։

Վերոնիկային ուղարկված հղումը առաջին հայացքից հիշեցնում է «Հայփոստ»-ի կայքը՝ առկա է «Հայփոստ» բառը, լոգոն ու նկարները։ Կապ հաստատած կեղծ «գնորդը» գումար փոխանցելու նպատակով պահանջել է կայքում լրացնել բանկային քարտի տվյալները։ Ուշադիր չլինելու դեպքում Վերոնիկայի քարտի գումարը կդառնար գնորդինը։

«Հայփոստ»-ում տեղյակ են, որ իրենց անունն ու լոգոն գործածվում են ոչ բարի, խարդախության նպատակով։ Ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյան․

«Ժամանակ առ ժամանակ որոշ խարդախներ փորձում են շահարկել «Հայփոստ»-ի անունն ու ապրանքանշանը, ինֆորմացիա ստանալ մարդկանցից, իսկ հետո գումար կորզել։ Վերջերս՝ 2 օր առաջ, նորից ստացանք ահազագ, որ էլի բանկային տվյալներ են ուզում՝ իբր «Հայփոստ»-ի առաքիչը կբերի»։

Աբրահամյանը նշում է՝ պարբերաբար դիմում են իրավապահ մարմիններին, սակայն չի կարող ասել, թե հաջողության հասել են։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս հարցում հաջողության հասնելը բարդ է ոչ միայն Հայաստանի ոստիկանության համար․

«Խնդիրն այն է, որ սա միջսահմանային հանցագործություն է, այսինքն՝ հանցագործը կարող է նստած լինել լրիվ այլ երկրում։ Բացի դրանից, օգտագործում են քողարկման մեթոդներ, դրա համար գտնելը շատ դեպքերում անհնարին է։ Եթե ստացվում էլ է՝ տևում է ամիսներ, տարիներ։ Իրավապահ մարմինները աշխարհով մեկ բարդություններ ունեն»։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքում ավելի հստակ է․ պետք է ոչ թե ելք փնտրել իրավիճակից, այլ պարզապես չհայտնվել այդ իրավիճակում․

«Եթե, օրինակ, մարդը ուտելիքից է օգտվում, գիտի՝ ում արտադրանքն է առնում, ինչ տեսք ունի, օրինակ, կաթի շիշը և այլն։ Ինչու՞ նույնը մարդ չպիտի իմանա ինտերնետի դեպքում։ Այսինքն՝ եթե ձեզնից տվյալ են ուզում, երևի արժի ինտերնետում որոնել «Հայփոստ» և տեսնել՝ ինչ տեսք ունի, ինչ հղում ունի»։

Իրազեկվածությունը միակ լուծումն է, քանի որ կեղծ կայքեր բացելը հեշտ է, բացողին գտնելը՝ դժվար։ Հաջողվե՞ց մեկ կայք  փակել․ նորն ստեղծելն ընդամենը րոպեների հարց է։ Մեխանիզմը հայտնի է, ուղղակի այս անգամ ստեղծողները որոշել են քողարկվել Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի՝ «Հայփոստ»-ի անվան տակ։

Փորձեցինք Ոստիկանությունից պարզել՝ ինչքանո՞վ է տարածված հանցագործության այս տեսակը, ու քանի՞ մարդ է դրանց առիթով բողոքով դիմել իրավապահներին։ Մեզ խնդրեցին գրավոր հարցում  ներկայացնել․ օպերատիվ տվյալներ կստանանք լավագույն դեպքում՝ 5 կամ 30 աշխատանքային օրում։

Կարդացեք նաև

Back to top button