
Փոքրիկ, սիրուն, նաև վտանգավոր․ նրանք ամենուր են՝ սեղանի տակ, ստուդիայի դռան առաջ, եթերին պատրաստվող լրագրողի գրկում, երբեմն էլ՝ բազմոցին ուղղակի քնած։ Սա պատմություն է Ռադիոյի ամենահնչեղ ձայների մասին, որոնք եթերում չեն լսվում․
ՌադիոՏան մթնոլորտն ամբողջացնող «ՌադիոԵրեխա» կատեգորիային պատկանող այս մարդիկ ամենաձայնային լրատվամիջոցի ամենահաճելի ձայներն են։ Նրանց ձայնը Ռադիոյի պատերից ներս ամենաբարձրն է հնչում, բայց երբեք չի լսվում եթերից, նրանք կյանքի առաջին տարիներից են յուրացնում առեղծվածային աշխատանքի գաղտնիքները։
Այդ գաղտնիքները յուրացրածներից մեկն էլ Հայաստանի հանրային Ռադիոյի գործադիր տնօրենն է։ Գարեգին Խումարյանը Ռադիո-մանկապարտեզի ամենաավագ «շրջանավարտներից» է։ Կարծում է՝ 20-30 տարի անց իր աթոռը այս երեխաներից մեկն է զբաղեցնելու։




