
Կութեցի 6-ամյա Ժիրայր Գևորգյանը այսօր հեռուստաաստղ էր․ գյուղի միակ առաջին դասարանցին է, բոլորի ուշադրության կենտրոնում։ Գիտելիքի օրը նրան շնորհավորելու էին եկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Քչախոս, ամաչկոտ, բայց ժպտերես Ժիրայրը, որ դպրոց էր եկել իր հեծանիվով, հստակ որոշել է՝ ոստիկան է դառնալու ու սահմաններն է պաշտպանելու։ «Լավ կսովորեմ ու կդառնամ ոստիկան: Մինչև 19-ը հաշվել գիտեմ»,- ասաց Ժիրայրը:
Նախարարն ու փոխնախարարն այցելեցին Սոթքի միջնակարգ դպրոց, որն այս տարի 19 առաջին դասարանիցի ունի՝ նախորդ տարվա համեմատ 2–ով ավելի։ Դպրոցի նոր աշակերտները Կութ են եկել Արցախից։
44-օրյա պատերազմի օրերին հրետակոծությունից վնասված դպրոցը մարզպետարանի և բարերարների աջակցությամբ մասամբ վերանորոգվել է․ նոր պատուհաններ են տեղադրվել, փոխվել են ապակիները։
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով՝ դպրոցն ադրբեջանական դիքերի ուղիղ նշանառության տակ է, ու ծնողների մտավախությունները տեղին են:
«Մեր դպրոցն ուղիղ ադրբեջանական դիտակետի տակ է, չնայած նրանց դիրքերը 7-8 կմ հեռավորության վրա են: Ադրբեջանցիներից ամեն բան սպասելի է»,- ասաց Ավետյանը։ Համայնքի ղեկավարը չի կասկածում՝ համայնքի բոլոր գյուղերի երեխաները լավ կրթություն են ստանալու ու ճանաչված մարդիկ են դառնալու:
Նախարար Դումանյան էլ նկատեց՝ այցելությունը Սոթք և Կութ համայնքներ պատահական չէ․ «Մենք այստեղ ենք վերահաստատելու, որ հաստատակամ ենք՝ Սոթքից պետք է սկսվի ճանապարհը դեպի հզորացում»։
Գեղարքունիքի մարզում այս տարի դպրոց է գնացել շուրջ1900 երեխա:
«Ուսուցչի մասնագիտությունն ամենակարևորն է, սիրե՛ք և լսե՛ք ձեր ուսուցչուհուն»,-Սոթքի դպրոցի առաջին դասարանցիների հետ զրույցի ժամանակ հորդորեց նախարարը՝ մաղթելով, որ սեպտեմբերի 1-ից սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվի խաղաղության դարաշրջան, ու երեխաները, դասերին պատրաստվելուց ու սովորելուց բացի, այլ հոգս չունենան:
Նա նաև շնորհակալություն է հայտնել սահմանամերձ դպրոցներում աշխատող ուսուցիչներին՝ անկախ դժվարություններից և բարդություններից, հաճախ նաև կրակոցների ներքո կրթության առաջին գիծը անառիկ պահելու և ազգանվեր գործունեության համար:
«Մեր պետության առաջնային խնդիրն անվտանգությունն է, որի հիմքում պետք է ընկած լինեն գիտելիքը, կրթությունը, ճիշտ մտածելակերպն ու հզոր գաղափարական մոտեցումները: Եթե մենք պետք է նպատակ դնենք, որ լինելով փոքրաթիվ ժողովուրդ՝ ունենալու ենք գերհզոր բանակ, որից հարևանները կվախենան, ապա նաև պետք է հասկանանք այդ նպատակի իրատեսական լինելու հնարավորությունները:
Ես համոզված եմ, որ եթե մեր անվտանգության հիմքում դնենք կրթությունը՝ պահպանելով նաև ճիշտ հարաբերություններ դիվանագիտական ասպարեզում, վստահաբար կլինենք ամենաանվտանգը և կհասնենք նախանշված բարձր նպատակին: Եվ հակառակը՝ քանի դեռ մենք անվտանգային խնդիրներին չենք մոտենում գիտելիքահեն և կրթված մարդու տեսանկյունից, կարծում եմ, կունենանք խնդիրներ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Սոթքի և Կութի դպրոցները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և կրել վնասներ:















