ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀԷՑ բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ նախագիծը դրվել է քննարկման

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում նոր նախագիծ է տեղադրել։ Սա կառավարության որոշման նախագիծն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին։ Նախագիծը կքննարկվի մինչև հուլիսի 8-ը։

Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։ Այս մասին մայիսի 26-ին սոցցանցում գրել էր ՀԷՑ ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Այս պահին մենք արդեն, այսպես ասած, պետականացման գործընթացի հանգուցալուծման փուլում ենք։ Մայիսի 25-ին լրացավ այն ժամկետը, որը վարչական դատարանն էր նաև սահմանել»։

Պետրոսյանի փոխանցմամբ՝ սեփականատերերը պետք է պատասխանեին կառավարության առաջարկին` տեղի ունենային բանակցություններ, կնքվեր գործարք, և կառավարության առաջարկած գնով 100 % բաժնետոմսերը օտարվեին։ Բայց քանի որ սեփականատերերն այդ ուղղությամբ քայլեր չարեցին և գործարք տեղի չկնքվեց, մայիսի 25-ից կառավարությունն իր համապատասխան գերատեսչություններով սկսեց մշակել ընկերության 100 % բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը։ Այն արդեն տեղադրված է իրավական ակտերի e-draft.am հարթակում։ Հեղինակը ՏԿԵ նախարարությունն է։ Նախագծի հիմնավորման մեջ  նշվում է, որ Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք է, որի գործունեության խափանումը կարող է լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ուստի սույն որոշման ընդունման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի) 100 %-ի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ:

«ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ, այլ հանրային նշանակության ենթակառուցվածքի կառավարում, որը ենթակա է խիստ պետական վերահսկողության։

Հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտելու, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

Հայաստանի օրենսդրությամբ՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության գերակա շահի նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում և համաչափության սկզբունքով։ Եթե պետական մարմինը հիմնավորում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առկա խնդիրները վտանգում են հանրային շահը, ապա միջամտությունը կարող է իրավաչափ համարվել։

2025 թ․ հուլիսի 1-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը։ Ընդդիմությունը համոզված էր, որ գործընթացը քաղաքական է և ուղիղ կապ ունի Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունների և դրանց հաջորդած իրադարձությունների հետ։ Իշխանությունն այդ գնահատականը չի ընդունում և հայտարարում է, որ ՀԷՑ արդյունավետության շուրջ քննարկումներն ավելի շուտ էին սկսվել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ էր հարուցել։ 2025 թ․ նոյեմբերի 21-ին դադարեցվեց ընկերության լիցենզիան։ Այդ որոշման հիմքում  արձանագրված խախտումներն էին, որոնց հիման վրա էլ ժամանակավոր կառավարիչը ՀԾԿՀ էր դիմել։  

Հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը վստահեցնում է, որ  հանձնաժողովի համար որևէ խախտում ընդունելի չէ, արդարացում չունի, բայց պատիժ սահմանելիս պետք է հաշվի առնվի խախտման չափը․

«Եթե մենք, օրինակ, գերազանցում ենք արագությունը, անմիջապես վարորդական իրավունքից չենք զրկվում։ Կախված նրանից, թե ինչքանով ես դու գերազանցել։ Ես համոզված եմ, և կյանքը ցույց կտա, եթե դրան հասնի, որ ցանկացած աուդիտորական եզրակացություն, եթե վերցնի այս վարույթի նյութերը, ուսումնասիրի, ապա ոչ ոք չի ասի, որ այստեղ ինչ-որ էականության շեմին նույնիսկ մոտ ցուցանիշներ կան»։

Հակառակ այս դիտարկմանը՝ ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից: ՏԿԵՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով՝ պահպանելով համաչափության, իրավաչափության և անհրաժեշտության սկզբունքները։ Տվյալ դեպքում հանրության գերակա շահը դրսևորվում է հանրապետության բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

«Հաշվի առնելով ՀԷՑ-ի կողմից իրականացվող գործունեության բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար»։

Ըստ նախագծի՝ բաժնետոմսերը ձեռք կբերի ՀՀ-ն, որի անունից հանդես է գալիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Գործառույթների կատարումը պատվիրակվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում ՏԿԵ նախարարը պետք է որոշումը պատշաճ ձևով ուղարկի oտարվող բաժնետոմսերի (բաժնեմասի) uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։ Բացի այդ՝ ՀՀ վարչապետին կիսամյակային պարբե­րա­կա­նությամբ պետք է տեղեկացնի  գործընթացի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button