
Սյունիքի մարզի 117 դպրոցներում այս տարի կսովորի 16919 աշակերտ՝ նախորդ տարվա 17941–ի փոխարեն։ Մարզի 12 գյուղական դպրոց առաջին դասարանցի չունի։ Սահմանային Դավիթ Բեկում աշակերտները 35-ն են, առաջին դասարանցիները՝ 4–ը, 4-ն էլ՝ տղա։
«Սիրում եմ Դավիթ Բեկը, էստեղ ավելի լավ կլինի, իմ սիրելի գյուղն է»։
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանամերձ գյուղի դպրոցի 3-րդ դասարանցի Վահե Ջհանգիրյանն է։ 5 տարի առաջ գյուղից տեղափոխվել էին Երևան, բայց հայրը՝ Գրիգոր Ջհանգիրյանը, արցախյան վերջին պատերազմից հետո որոշեց, որ պիտի վերադառնան Դավիթ Բեկ։ Նա գյուղի դպրոցում պատմություն է դասավանդել, պատերազմի ժամանակ էլ զենքով գյուղի սահմաններն է պաշտպանել։ Վահեն դպրոց է գնում, փոքր քույրն ու եղբայրը՝ մանկապարտեզ։ Գրիգոր Ջհանգիրյանը գիտի, որ մայրաքաղաքային կյանքից հետո գյուղում երեխաների համար մի քիչ անսովոր կլինի։ Բացատրում է, թե ինչու նորից Դավիթ Բեկ եկան.

«Կան արժեքներ, որոնց դավանելով է մարդը որոշում, թե ինչն է կյանքում առաջնային։ Իմ երկիրը սկսվում է Դավիթ Բեկից, դրա համար տեղափոխվեցի այստեղ»։
Ուսումնական տարվա առաջին օրը Դավիթ Բեկի դպրոց էին այցելել Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Օրը տոնական էր, իսկ խնդիրները՝ առօրեական․ դպրոցի ուսուցիչները, լուծմանն աջակցելու ակնկալիքով, դրանք ներկայացրին հյուրերին. ճանապարհներ, դպրոցական գույք և ոչ միայն.

«Դրույքաչափերը թող վերանայեն 0.25 ն ու 0,5-ը չլինի։ Պարապում ենք շատ ժամեր, ստանում ենք քիչ աշխատավարձ։ Պարապում ենք 25 ժամ, ստանում 13 ժամի աշխատավարձ։ Ինչո՞ւ»։
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը գրառեց խնդիրներն ու խոստացավ օգնել դպրոցին։ Ասաց՝ սահմանամերձ համայնքները հատուկ ուշադրության կարիք ունեն․ «Մեր պետությունը սկսում է սահմանից, ամուր սահման ունենալու դեպքում կունենանք ամուր պետություն։ Կարևորում ենք սահմանամերձ համայքների խնդիրների հրատապ կարգավորումը»։

Սյունիքի մարզում 117 դպրոց կա, որից 111 մարզային ենթակայության, 5-ը՝ ավագ, 1 հատուկ դպրոց։ Նախորդ տարի աշակերտների թիվը 17941 էր, այս տարի 16919։ Մեկ աշակերտ ունի Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղը, երկու աշակերտ՝ Աղվանի և Բալաք գյուղերը։ Մարզն այս տարի ուն 1576 առաջին դասարանցի։ 12 գյուղական դպրոցներում առաջին դասարանցի չկա։ Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում 3 առաջին դասարան կա։ Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը չի դժգոհում՝ համավարակի ու պատերազմական վիճակում վատ ցուցանիշ չէ։
Նշանակում է՝ ոչ մեկ չի լքել Կապանը։ Մարինե Դավթյան. «Այսօր դուք հուզված եք։ Նախ խաղաղություն եմ մաղթում։ Ուրախալի է, որ Կապանի զինկոմը պիտի դառնա մեր ծնողը։ Մեզ համար պատիվ է, որ մեր հայր ծնողները մասնակցել են արցախյան պատերազմին ու այսօր էլ ծառայում են։ Շնորհակալ ենք»։

Դավիթ Բեկը արցախյան վերջին պատերազմում 5 զոհ է տվել, 3-ը՝ դպրոցի շրջանավարտ։ Անմահացած Արեն Ավանեսյանը Մանակավարժական համալսարանում էր սովորում։ Պիտի ավարտեր ու աշխատեր գյուղի դպրոցում։ Սեպտեմբերի 1-ին Արենի ծնողները դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին Արենի լուսանկարներով տետրեր նվիրեցին՝ մաղթանքով, որ «Արենը միշտ սիրելի դպրոցի հետ լինի»։
Դավիթ Բեկը սահմանամերձ է, հատկապես պատերազմից հետո կյանքն այստեղ դժվարացել է, եղած հոգսերին նրերն են ավելացել, բայց գյուղի դպրոցում նորից առաջին զանգ է հնչում, Դավիթ Բեկում գյուղացին ամուր կանգնած է իր հողին։




