ԿարևորՀասարակություն

«Նա դարձավ իմ կյանքի հնչյունային ձևավորողը». պատմություններ Ռադիոտանը ծնված ընտանիքներից

Այս ընտանիքների առաջին ժամադրության վայրը եղել է Ռադիոտունը։ Նրանք իրար գտել են Ռադիոտան պատերի ներսում։ Բոլորի պատմությունները տարբեր են, բայց մեկ ընդհանրություն ունեն՝ սկզբում եղել են կոլեգաներ, ընկերներ, հետո՝ սիրահար զույգեր, վերջում՝ ամուսիններ։   

Ռադիոտունը շատերիս համար ուղղակի աշխատավայր չէ․ այս հայտնի ճշմարտությունը ռադիոյի աշխատակիցների մի մասի համար ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստ ունի․ հենց Ռադիոտանն է խարսխվել նրանց ընտանեկան երջանկությունը։

«Եթերում «Ռադիոլուրն» է, խոսափողի մոտ՝ Բարեղամ Ղուկասյանը»։

Այս ձայնն արդեն 20 տարի հնչում է մեր եթերում։ Ապագա կնոջը նա հանդիպեց ռադիոյի ձայնագրման ստուդիաներից մեկում․ Քրիստինեն հնչյունային օպերատորն էր։ Սկզբում շփվում էին որպես կոլեգաներ։ Խոստովանում է՝ պարբերաբար իջնում էր հենց այդ ձայնագրման ստուդիա ու, ինչպես ասում են, հեռվից «տնտղում էր»  Քրիստինեին։

Մեր գործընկերն այս պահին ժամանակավորապես օվկիանոսի այն կողմում է, ժամային հակառակ գոտում, բայց սիրո մասին խոսելու համար, ինչպես ասում են, ժամ ու պատարագ չկա։

«Հաճախ էի գնում այդ ձայնագրման ստուդիա ու աչքի տակով հետևում էի՝ որպես թեկնածուի։ Բայց մի օր ինչ-որ մի տեղից ծագեց այն միտքը, որ Քրիստինեին պետք է նայել այլ աչքով։ Նա դարձավ իմ կյանքի հնչյունային ձևավորողը, որի արդյունքում ծնվեցին իմ կյանքի ամենասիրուն երկու ձայները՝ երեխաներս»,-պատմում է Բարեղամը։

Քրիստինե Քոչարյանը խոստովանում է, որ տևական ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել՝ ընդառաջ գնա՞լ Բարեղամի առաջարկին, թե՞ ոչ։ Չկողմնորոշվելու պատճառը բավական «հիմնավոր» էր։

«Այո, նա ստացել էր այդ մականունը՝ սրտակեր, ես էլ մտածում էի իր հերթական որսը չլինեմ, ու ինձ շատ հպարտ էի պահում, անգամ բարևելուց շատ զգույշ էր, բայց ինչ-որ պահից սկսած՝ իմ մեջ էլ ինչ-որ բան փոխվեց»,-ասում է Քրիստինեն։ 

Ղուկասյաների ընտանիքն արդեն 15 տարեկան է։

«Իմ սիրելի Հանրային ռադիո, իմ բարի ծերունի, քո պատերի տակ ծնվեց մեր սիրուն ընտանիքը։ Ուզում եմ, որ ռադիոն միայն բարի լուրեր հայտնի»,-ասում է Քրիստինեն։

Օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերը խոստովանում է՝ ամենաշատը կցանկանար հայտնել այս լուրը, թեկուզ դա լիներ իր աշխատանքային գործունեության ավարտը։ 

«Վերջապես Հայաստան ու Արցախ աշխարհում հաստատվել է խաղաղություն»։

Արփինե Անտոնյանի ընտանիքը, որը նոր է կազմավորվել,  ինչ-որ չափով կապ ունի պատերազմի հետ։ Կարելի ասել՝ պատերազմն էլ միավորել է նրանց։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Արփինեն Հանրային ռադիոյի հնչյունային օպերատորներից է։ Ապագա ամուսինը մասնագիտությամբ ծրագրավորող էր, զուգահեռաբար  լուսանկարչություն էր սովորեցնում սահմանափակ կարողություններ ունեցող  երեխաներին։ Հենց այս առիթով էլ հյուրընկալվել էր  Հանրային ռադիոյի ծրագրերից մեկին։

«Իմ սիրելի գործընկեր Կուշանե Չոբանյանը հաղորդում էր վարում՝«Ճանաչիր ինձ» խորագրով և այդ հաղորդման շրջանակում տաղավար էր հրավիրել երեխաների, որոնք պետք է նկարեին ռադիոյի աշխատողներին։ Ինձ էլ են նկարում։ Ես այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ նման բան տեղի կունենա։ Քանի որ աշխատանքային շատ ծանրաբեռնված օր էր, ու ես վազում էի այս ու այն կողմ»։

Այդ լուսանկարից էլ սկսվեց նոր ընտանիքի պատմությունը։ Արկադի Քալանթարյանը համացանցում փնտրեց ու գտավ Արփինեին, սկսվեց ծանոթության փուլը։  Շատ չանցած էլ՝ սկսվեց 44-օրյա պատերազմը, ու Արկադին մեկնեց ճակատ։

«Ջաբրայիլում էր ծառայում, վիրավորվեց, ու դա դարձավ ճակատագրական։ Սկսեցինք ավելի մտերմանալ։ Երբ հիվանդանոցից դուրս գրվեց, մի որոշ ժամանակ անց ամուսնացանք»։

Քնարիկ Շիմալյանի ու Անագ Զաքարյանի ընտանիքը ձևավորման փուլում է։ Մեկ ամիս առաջ են նշանադրվել։ Հանդիպել են ռադիոյի արխիվի բաժնում։ Քնարիկն ասում է՝ ամուսնու անունը Անդերսենի հեքիաթներից մեկից է, նրան ընտրել է՝ համոզված, որ իր կյանքը Անագի կողքին հեքիաթ է լինելու։

«Նույն բաժնում ենք աշխատում, Անագը արխիվի թվայանացման աշխատանքներն  է կատարում, իսկ ես թարգմանությամբ եմ զբաղվում։ Չէի մտածում, որ մի օր, բացի կոլեգա լինելուց, այլ կերպ էինք կապվելու»։

Իսկ Արփինե Մակարյանի ընտանիքն արդեն 23 տարեկան է։ Արփինեն սովորում էր  պոլիտեխնիկական ինստիտուտում, պետք է պրակտիկա անցներ  հեռուստատեսությունում կամ ռադիոյում։ Ընտրեց ռադիոն՝ այդ ժամանակ չիմանալով, որ նաև կյանքի ընտրություն է անում։ 

«Այդ թվականներին տրանսպորտի հետ կապված խնդիրներ կային, ու հեռուստատեսություն գնալը ավելի դժվար էր, եկա ռադիո»։

Աշխատանքային պրակտիկան պետք է անցներ տեխնիկական բաժնում։ Ապագա ամուսինը՝ Հրաչյա Սահակյանը, նրա պրակտիկայի ղեկավարն էր։ Ասում է՝  Հրաչը տարբերվում էր իր շրջապատի տղաներից։

«Նա արդեն կայացած տղամարդ էր ու հստակ բնավորությամբ։ Ինձ հենց դա դուր եկավ»։

Ամուսիններն այժմ էլ աշխատում են միասին ու ռադիոյի երկարամյա աշխատողներից են։ Այս պատմությունները փոքրիկ մասն են այն սերերի, որոնք ծնվել են հենց ռադիոյում։  95-ամյա մեր բարի ծերունու հայացքի տակ, համոզված ենք, դեռ շատ ընտանիքներ են  ձևավորվելու, քանի որ ռադիոն միշտ լինելու է ու միշտ հնչելու է՝ Երևանն է խոսում։

Կարդացեք նաև

Back to top button