ԿարևորՄշակույթ

Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի երրորդ և չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Երեկ մեկնարկել է մրցույթի երրորդ փուլը, որի ընթացքում դաշնակահարները կատարում են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 20 կոնցերտը, ինչպես նաև մրցույթի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի “Travel Notebook” կոնցերտը։ Մրցույթի երրորդ փուլում հանդես կգան 18 դաշնակահարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, Ֆրանսիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա և այլն։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ, ժյուրին գլխավորում է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին։

Classic Piano-ի առաջին փուլին մասնակցել է 70 երաժիշտ, որոնք 2019-2020թթ․ Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Հայաստանում անցկացված «14 ուղի դեպի Դուբայ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցներն են։

Classic Piano-ի մրցանակային ֆոնդը 300 հազար եվրո է։

Միջոցառման կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC) ու SAMIT Event Group-ը։

Classic Piano 2-րդ միջազգային մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 4-ին։

Կարդացեք նաև

Back to top button