
2020 թվականին «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանն սկսել են համատեղ ծրագիր: Նպատակն է Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներին ապահովել քարաշեն տներով։ Համագործակցության 1-ին փուլում բնակելի տներ կկառուցվեն 16 ընտանիքների համար: Կառավարությունը և մարզպետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում: Անհրաժեշտ 50 միլիոն դրամից 30 մլն. դրամը կհատկացնի համայնքը, 20 միլիոն՝ կառավարությունը:
Վանաձորցի Արկադի Հովհաննիսյանը տնակում է մեծացել: Բնակարանային հերթացուցակում էին: Տուն ստանալուն քիչ էր մնացել. խանգարեց երկրաշարժը: 31 տարի ընտանիքը մաշկի վրա զգում է տնակային կյանքի դժվարությունները.5 անձով` 18 քառակուսի մետրի վրա

«Մարդ պետք ա ապրի, որ էդ դժվարոթյուններն ինքը զգա իրա կաշվի վրա, տնակ ա էլի, 3-ը 6-ի վրա: Ես էդտեղ մեծացել եմ, իմ երեխեքն են էդտեղ մեծացել, մտածեցի՝ ավելի լավ ա՝ գլխիս վերևը տանիք ունենամ, քան թե մնամ տնակի հույսին»։
Լոռու մարզպետարան-Վանաձորի համայնքապետարան- «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում՝ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցի տնակավանի 16 ընտանիքներ կապահովվեն քարաշեն տներով: Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տաճատ քահանայի ձեռամբ ու տերունական աղոթքով կատարվեց հողօրհնեքի կարգ: Քարե տներ կառուցելու նպատակով համայնքապետարանը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին 5 տարի ժամկետով 2 հողատարածք է տրամադրել ՝ 3.960 և20. 939 քմ. մակերեսներով: Տարածքները Տարոն-4 թաղամասում են՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Մարզպետարանն էլ կաջակցի ենթակառուցվածքների հարցում: Առաջին 16 տան կառուցումը նախատեսված է 5 տարում: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խոսքով՝ փուլ առ փուլ կյանքի են կոչելու Վանաձորը տնակներից ազատելու իրենց կարգախոսը.

«Պիտի կառուցենք 16 դուպլեքս բնակարաններ։ Սա շարունակական կլինի: Մենք կարգախոս ունենք՝ Լոռին՝ առանց տնակների և, կարծես թե, այն քայլ առ քայլ կյանքի է կոչվում»:
«ԱՌՔ» բարեգործականի տնօրեն Հրահատ Ստեփանյանն ասում է՝ այցելել են տնակավանի բոլոր բնակիչներին, կատարել գնահատում: Ընտրվել են հիմնականում բազմազավակ և վճարունակ ընտանիքները: 12,5 մլն. դրամ արժողությամբ 1 տան արժեքի 50 %-ն ընտանիքները կվերադարձնեն 10 տարում՝ անտոկոս փոխառության կարգով։
«Ծախսերի 50 %-ը բնակիչների համար նվեր է լինելու՝ անհատույց, մնացած 50 %-ը փոխառության կարգով 10 տարվա ընթացքում հետ կտան: Ծրագիրը պիտի սկսեինք 1 տարի առաջ, բայց գիտեք համավարակ, հետո նաև՝ պատերազմ: Լավ է, որ գոնե սկսում ենք։ Շատ մեծ ոգևորություն կա մեր դոնորների կողմից, որ այս ծրագիրը շարունակական լինի, որ ոչ մի մարդ Հայաստանում տնակի մեջ չապրի»:

«Տրիպտիխ» ընկերության նախագծած 2 առանձին մուտքով դուպլեքս տներից յուրաքանչյուրն ունի 76 քմ մակերես և 3 սենյակ։ «Կարևոր է, որ վճարունակության հարցում բնակիչներն ազնիվ լինեն մեզ, որ խնդիրների չբախվենք ո՛չ մենք, ո՛չ իրենք»,- ասում է Հրահատ Ստեփանյանը: Հուսով են, առաջին տների կառուցումը կոգևորի տնակավանի մյուս բնակիչներին ևս, և շատերը կգերադասեն քարաշեն տունը՝ երկաթե տնակին: Կառուցող «Պապ և Դավիթ» ընկերության ղեկավարության հավաստմամբ, եթե չլինեն խոչընդոտող հանգամանքներ, 1-ին դուպլեքսը շահագործման կհանձնեն արդեն այս տարեվերջին:






