
Հնարավո՞ր է Հայաստանում զարգացնել տնտեսությունն՝ առանց հանքարդյունաբերության․ դիտարկումները տարբեր են։ Բացասական ատասխանի հիմքում փաստարկն է՝ հազար խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հանքարդյունաբերական ընկերություններ են։
Եվ քանի որ այս պահին տնտեսության կառուցվածքի փոփոխություն չի ուրվագծվում, կառավարությունը փորձում է ներդնել ընդերքօգտագործումից ստացվող եկամուտների արդարացի բաշխման մեխանիզմներ։ Կարևորվում է հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկելու ինստիտուտի ներդրումը։
23 համայնք՝ 700 մլն դրամ․ մոտավորապես այսքան է հաշվարկվում այն գումարը, որը կարող է հոսել համայնքներ, եթե տվյալ տարածքում հանքի շահագործման վճարներից 2 տոկոսը սկսի ուղղվել համայնքային բյուջե։ Ընդերքօգտագործումից ստացվող եկամուտները պետք է ավելի
արդարացի բաշխվեն՝ կառավարության մոտեցումն է։ ՏԿԵՆ Գնել Սանոսյանն առաջարկում է ՝ հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներին։
Պարզաբանում է՝ խոսքը ոչ թե նոր 2 տոկոսի մասին է, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման․ «Այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում»:
Ռոյալթի վճարող են համարվում մետաղական օգտակար հանածոների հանքավայր շահագործող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք: Ռոյալթիի հաշվարկման բազան տվյալ ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ավելացված արժեքի հարկի։

Թե համայնքն իր բյուջե հոսող նոր գումարները որ ուղղությամբ կծախսի, կորոշի ավագանին՝ ոչ թե համայնքի ղեկավարը՝ շեշտում է նախարարը։ Սա կբարձրացնի ավագանու դերը։ Նաև ընդգծում է՝ պարտադիր պահանջ է, որ հաշվետվությամբ հանդես գան։
«Կբարձրացվի գումարները ծախսելու հասցեականությունը, և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, օրինակ, համայնքապետի աշխատասենյակի վերանորոգմանը»:
Հանքերից ստացվող հարկերի մի մասը համայնքին ուղղելը փորձված մեխանիզմ է այլ երկրներում, այժմ այն փորձում են ներդնել Հայաստանում։ Համայնքները կարող են այդ գումարներով ընդլայնել սուբվենցիոն ծրագրերին ուղղվող միջոցները՝ հիշեցնում է վարչապետը։
«Հայաստանում կան փողոցներ, որոնք 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, ճանապարհները 50 տարի չեն նորոգվել, նորոգվում են, պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել, նորոգվում են: Այնպես որ, կարծում եմ՝ մեխանիզմն ավելի կարևոր է: Այլ բան, որ մենք պետք է հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ համայնքներին»:
Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը, հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկելու մոտեցմանն անդրադառնալով, ընդգծում է՝ այստեղ կարգավորումների ենթակա այլ հարցեր էլ կան։ Մանսավորապես, 2020-ին բնօգտագործման վճարները 53 մլրդ դրամ են կազմել, 2019-ին՝ 63 մլրդ դրամ։ Գումարները բնությանը հասցված վնասներին համարժեք չեն, եւ սա եւս ենթակա է վերանայման։
«Այնպես չէ, որ կարելի է անխնա շահագործել բնությունը, վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Երբ ուսումնասիրում ես «Բնօգտագործման վճարների մասին օրենքը», այնտեղ արտանետումների մասով նշված է, որ սահմանված կոնցենտրացիան գերազանցելու դեպքում կրկնակի ես վճարելու։ Ենթադրենք մեկ տոննա ցիանի դեպքում սահմանված է 500 հազար դրամ, երկու տոննա արտանաետման համար վճարում են 1 մլն դրամ ու վեր ՞րջ»։
Տնտեսագետն արձանագրում է՝ այս պահին հնարավոր չէ Հայաստանում տնտեսությունը զարգացնել առանց հանքարդյունաբերության: Բայց սա հնարավոր կլինի միայն տնտեսության կառուցվածքի փոփոխության ու հանքարդյունաբերության մեջ որոշակի կարգավորումներ տալու դեպքում։ Օրինակ՝ պետք է բնօգտագործման ողջամիտ բարձր վճարներ սահմանել։ Դա շատ լուրջ հաշվարկ է, որը պետք է արվի, եւ որն անհրաժեշտ է Հայաստանի նման երկրին, որն իր տնտեսական հետագա ծրագրերը մեծապես կապում է հենց հանքարդյունաբերության հետ։
Հատկանշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում հանքարդյունաբերական ընկերություններ են՝ «Գեոպրոմայնինգ»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (3․6 մլրդ դրամով ավելացրել է վճարումները), Թեղուտը (այս տարվա առաջին կիսամյակում մոտ 10 մլրդ դրամ է վճարել, անցյալ տարի՝ 4 մլրդ դրամ), «Լիդիան Արմենիա»-ն՝ (3․9 մլրդ դրամով ավելացրել է հարկային վճարումները):




