
Երկու օրվա ընթացքում Կապան համայնքի Ագարակ բնակավայրում 16 հա տարածք է վառվել։ Ագարակը սահմանակից է հարևան պետությանը, հեռավորությունը սահմանից 1 կմ է։ Հրդեհաշիջման աշխատանքներին, բացի հրշեջ ծառայության 3 մեքենաներից, ընդգրկվել են նաև Կապանի համայնքապետարանի 12 տոննա տարողությամբ ջրցանները։
Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Սահակյան․ «2-3 օր է՝ իրենց կողմից վառում են խոտերը, կրակը գալիս հասնում է մեր տարածքը: Ցորեն էինք ցանել, հնձել էինք, անասնակերն է վառվել: Կրակը հիմա մեր կողմից մարված է, իրենց կողմից՝ չէ։ Դեռ վառվում է»:
Հայկ Սահակյանի խոսքով՝ ադրբեջանցիները, փոխանակ հնձելու իրենց հսկողության տակ անցած տարածքների խոտհարքները, հեշտ ձև են գտել՝ վառել։ Դա նաև այլ նպատակով են անում։
«Վառում են, հաջորդը օրը սկսում մինաիսկատելով ականներ ման գալ այդ տարածքներում»։
Նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև սահմանամերձ Տեղ համայնքում։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ռուս սահմանապահների միջոցով թշնամուն առաջարկել էր անհրաժեշտության դեպքում գյուղտեխնիկա տրամադրել՝ ցորենի արտերը հնձելու համար։ Ներսես Շադունց․«Մնացել է նույն վիճակին։ Իրենք չեն հնձել։ Նույնիսկ առաջարկել ենք տեխնիկան բերենք հնձենք, կեսը տանք իրենց, կեսը մենք տանենք, հաց է՝ ափսոս է։ Բայց կատեգորիկ մերժել են։ Ստիպված հակահրդեհային գործողություն եմ արել։ Մի հատվածում մեր ու իրենց սահմանի երկայնքով տրակտորով վարել եմ, որպեսզի եթե հրդեհեն, հրդեհը չանցնի մեր կողմը»։
Ներսես Շադունցի առաջարկը ադրբեջանցիները մերժեցին՝ պատճառաբանելով, թե իրենք չեն որոշողը։ «Հրաժարվեցին, ասացին՝ մեր կառավարությունը պիտի որոշի, այդպես էլ մինչև հիմա չեն հնձել։ Տեխնիկա իրենք չունեն։ Շատ լավ էլ ցորենի դաշտեր կան, որ մեր ֆերմերները ցանել են, երևի կմնա կփչանա»։
Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանի խոսքով՝ բնակավայրի 40 ընտանիք տուժել է հրդեհից․«Գյուղացիներն անասուներն էդ տարածքում էին պահում, հիմա ամբողջը վառված է էդ հատվածը»։
Ըստ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի՝ հակահրդեհային գործողություններ չիրականացնելու դեպքում համայնքի բնակիչները հսկայական վնաս կկրեին։
Ներսես Շադունց․«Քանի որ իրենց կողմում խաղաղ բնակչության չկա այս պահին, հրդեհ էլ լինի՝ ոչինչ։ Իսկ եթե մեր արոտավայրերը վառվեն, գյուղացիներն ուրիշ տեղ չունեն անասուններին արածացնելու։ Պիտի գոմերում կապեն։ Խնդիրներ են, ու պետք է դրա համար շատ զգույշ լինել»։
Ամեն դեպքում Տեղի համայնքի ղեկավարն ակնկալում է, որ առաջիկա օրերին ռուս սահմապահների միջոցով կհաջողվի շփման գիծ դարձած արոտավայրերի հարցին լուծում տալ։






