ԿարևորՀասարակություն

2022-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը․ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում

Կենսաքայքայվող տոպրակներ և էկո պայուսակներ ՝ պոլիթիելնային տոպրակների փոխարեն։ Հայաստանում տարեկան մոտ 12 տոննա պոլիէթիլենային տոպրակ է սպառվում, որոնց թե արտադրությունը, թե սպառումը վնաս է հասցնում  շրջակա միջավայրին՝ ասում է շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

«Ունենք տնտեսվարողներ, որոնք չեն սպասել օրենքի՝ ուժի մեջ մտնելուն։ Օրինակ, Քարֆուր ընկերությունը հուլիսի 3-ին՝ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու օրը,  հրաժարվել է դրանց վաճառքն ու տրամադրումն իրականացնելուց։ Բոլորիս գիտակցության մեջ պետք է լինի, որ դրանք շահավետ չեն և վնասակար են առողջության ու շրջակա միջավայրի համար»,-ասում է Լուսինե Ավետիսյանը։

Պոլիէթիլենային տոպրակների այլընտրանք կարող են լինել կենսաքայքայվող տոպրակները՝  ասում է «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը։

«Բազմակի օգտագործման կենսքայքայվող տոպրակներ ենք արտադրում, որոնք մինչև 15 կգ տարողունակություն ունեն, և դրանք կարելի է օգտագործել մոտ 1 ամիս։ Արժեն 700 դրամ և երբ պիտանի չլինեն, կարելի է ուղղակի թեյնիկի մեջ ջուր եռացնել, տոպրակը դնել ջրի մեջ  և այն կքայքայվի՝ բացարձակ ջրին վնաս չհասցնելով, դրանով հետո ծաղիկներ էլ կարող եք ջրել»,-ասում է Ավետիս Վարոսյանը։

Պոլիէթիլենային տոպրակների մյուս այլընտրանքը էկո պայուսակներն են։ Շուկայում արդեն կան նման տոպրակներ՝ IT լուծումներով․ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը «Րիսայքլ իթ» (Recycle It) ծրագրի շրջանակում վերամշակում են պլաստիկը, ստանում թելեր և կարում էկո պայուսակներ, որոնք մատչելի են, կարող են  փոխարինել պոլիէթիլենային տոպրակներին՝ ասում է կազմակերպության նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Էկո պայուսակներն ունեն կոդեր, որոնց միջոցով հնարավոր է  բոնուսներ կուտակել կամ զեղչեր ստանալ խանութներից։ Դրանք ծրագրի հեղինակներն անվանել են   «հավատարմության տոպրակներ»։

«Արդեն ունենք 200 շահառու, որոնք ամեն օր օգտագործում են մեր տոպրակները։ 8 տնտեսվարող էլ միացել է մեր ծրագրին։ Նաև ասեմ, որ եթե մեր ՀԿ մոտեցնեն 15 կգ պլաստիկ կամ թուղթ, մենք անվճար նրանց կտրամադրենք բառ–կոդ ունեցող էկո պայուսակ։ Նախքան ծրագիրը սկսելը իրազեկող արշավ ենք արել, որովհետև էկո պայուսակից օգտվելու մշակույթը ձևավորելու խնդիր ունենք հասարակության շրջանում»։

Աշխարհում տարեկան սպառվում է 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ։ Ըստ հաշվարկների՝ եթե աշխարհը համապատասխան քայլեր չձեռնարկի, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։ Նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում ևս հանդիպում կունենան պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունների հետ, նրանց ժամանակ է տրվել վերաորակավորվելու և քայլեր ձեռնարկելու կենսաքայքայվող հումք օգտագործելու ուղղությամբ։ Ավետիս Վարոսյան․

«Ամբողջ աշխարհում պլաստիկից հրաժարվելու պրոցեսը խնդրահարույց է, որովհետև պլաստիկի արտադրությունը ավելի շահավետ բիզնես է , քան զենքի բիզնեսը։ Հիմա մեր արտադրողը պետք է վերաորակավորվի, սարքերի ջերմաստիճան և հումք փոխի, որպեսզի հետո աշխատատեղի կրճատման խնդիր չունենա, մենք հումքի առումով էլ են հայ արտադրողին այլընտրանք առաջարկում»։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝  2022 հունվարի 1-ից առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակների վաճառքը շարունակելու դեպքում նախատեսվում է  վարչական պատասխանատվություն՝ 30 հազար դրամի չափով։ Պոլիէթիլենային տոպրակներից հետո հաջորդ թիրախը մեկանգամյա օգտագործման պլաստիկ  սպասքն է՝ վստահեցնում են նախարարությունից։

Կարդացեք նաև

Back to top button