
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հուլիսի 2-ի դատավճռով 4 ամսվա ազատազրկման դատապարտված 12 հայ ռազմագերիները կտեղափոխվեն Հայաստան՝ կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ դատական ակտը, հավանաբար, չի բողոքարկվի, քանի որ մեղադրանքը փոխվել է հենց դատախազի պահանջով։
Հունիսի 16-ին Բաքվում սկսվել էր 14 հայ ռազմագերիների դատավարությունը, նրանք մեղադրվում էին ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների մեջ։ Հուլիսի 2-ի երեկոյան հրապարակված դատավճռով շիրակցի 14 գերիներից 2-ը՝ Հրաչ Ավագյանն ուԳեղամ Սերոբյանը, դատապարտվել են 4, իսկ մյուս 12 գերիները՝ 6 ամսվա ազատազրկման։ Մեղադրող դատախազը դատարանին խնդրել է փոխել մեղադրանքը և թողնել միայն մեկը՝ պետական սահմանի ապօրինի հատումը։
«Պետք է հիշել, որ Ադրբեջանում բռնապետական համակարգ է, և քրեաիրավական որակումը կարող է կտրուկ փոխվել, նույնիսկ օրենքի խախտումներով։ Կարծում եմ՝ հենց դա է տեղի ունեցել։ Հնարավոր է քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Սրանով Բաքուն նաև միջազգային հանրության մեծացող ճնշմանը դիմագրավելու հարցն է լուծում», -ասում է Արա Ղազարյանը։
Հայ ռազմագերիները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին և արդեն 6 ամիս անազատության մեջ են, ինչը, Ղազարյանի կարծիքով, նշանակում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո գերիների ազատ արձակում, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։ Հաշվի առնելով հայերի նկատմամբ այդ երկրում առկա թշնամական մթնոլորտը ՝ Ղազարյանը հավանական է համարում հայ ռազմագերիների տեղափոխումը երրորդ երկիր կամ ուղղակի վտարումը։ Ղազարյանը չի բացառում նաև 4 տարվա ազատազրկման դատապարտված 2 ռազմագերիների արտահանձնումը Հայաստանին ։




