
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Տրանսպորտի սակագների բարձրացումը կասեցնելու որոշումից հետո հասարակության լայն զանգվածներն այժմ էլ շարունակում են իրենց պայքարը, որպեսզի որոշումը վերջնականապես հաստատվի: Սրան զուգահեռ մի շարք երիտասարդներ խոստանում են այսօրվանից ձեւավորել պայքարի նոր ուղղություն` այս անգամ ուսումնական նոր տարում սպասվող ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Նոր նախաձեռնության մասնակիցներն այսօր հանդիպել են լրագրողներին ու մանրամասնել` ինչպես եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:
Հասարակական բողոքի ալիքն այժմ տեղափոխվում է նոր հարթություն: Առջեւում նոր ուսումնական տարին է` ուսման վարձի նոր սակագներով: Հայաստանյան մի շարք պետական բուհեր նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշել են ուսման վարձավճարները բարձրացնել մինչեւ 30 տոկոսով` պատճառաբանելով` տարիներ շարունակ այն ցածր է եղել ու խոստանալով` դա կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Տրանսպորտի սակագների բարձրացման որոշումն առկախելը նոր հույս է ներշնչել հասարակության հատկապես երիտասարդ շրջանակներին: Մի խումբ երիտասարդներ միավորվել են` բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ նոր պայքար ձեռնարկելու նպատակադրմամբ:
Հանրային խորհրդի երիտասարդական թևի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր հայտարարեց` իրենք մտադիր են դիմել բոլոր բուհերի ուսխորհրդի նախագահներին՝ առաջարկելով իրենց միանալ և առաջարկությունների փաթեթ ստեղծել: Արդեն ստացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս թեմայով խոսելիս ավելի վաղ ինքն էլ էր դժգոհել` ինչ անում ենք, քննադատում եք:
Երիտասարդներին բարկացնում է, որ հենց Կրթության եւ գիտության նախարարի հայտարարությունն ու խոստումը չեն համապատասխանում իրականությանը: Արմեն Աշոտյանը նախապես հայտարարել էր, որ վարձավճարները բարձրանալու են 20-ից 100 հազար դրամով, այնինչ արդեն հինգ բուհում դրանք բարձրացվել են 100-200 հազարով: Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանեկյանը կրթության ոլորտի թանկացումը չի տարանջատում մյուս թանկացումներից: Ակտիվիստ Ռուբենը միֆ է համարում կրթության ոլորտի բարեփոխումները: Նա հակված է կարծել, որ այն գումարները, որոնք վճարում են ուսանողները, չեն նպաստում գիտության զարգացմանը, այլ ուղղվում են կոնկրետ մարդկանց գրպաններ:
Ըստ նրա` ուսման վարձը բարձրացնելու փոխարեն նախ պետք է մտածել, թե ինչու են այսօր բոլոր բուհերը ծայրից ծայր կուսակցականացված: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կիսում է մտահոգությունները` սա հայ ընտանիքների ուսերին ծանրացող նոր բեռ է:
Պայքարի ինչ միջոցների են պատրաստվում դիմել երիտասարդները: Տարբերակներից առաջինը դասադուլներն են: Դրան զուգահեռ` մեկտեղելով ջանքերը` երիտասարդները պատրաստվում են կրթության ոլորտի վերաբերյալ առաջարկների իրենց փաթեթը կազմել եւ ներկայացնել կառավարությանը: Առաջարկների այդ փաթեթի առանցքում լինելու են ցածր վճարները ու բարեփոխումներին սեփական մոտեցումները:
Հիշեցնենք` ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարների նախկին նվազագույն շեմը 300 հազարից դարձնել 400 հազար դրամ: Տնտեսագիտական համալսարանում, օրինակ, վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի (965-1250 դոլար) սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով: Այսուհետ տարեկան 600 հազար դրամի փոխարեն ապագա երաժիշտները կվճարեն տարեկան 700-800 հազար դրամ:




