
Պետական գույքի մասնավորեցումը տարիներ շարունակ ուղեկցվել է ոչ թափանցիկ գործարքներով ու կասկածներով։ Հանրությունը մշտապես մտահոգվել է, որ պետության ունեցվածքը վաճառվել է «ջրի» գնով։ Տարբեր ուսումնասիրությունները և բացահայտումները փաստում են, որ պետական գույքի մասնավորեցման ոլորտում շարունակվում են «հին» բարքերը՝ պետության հաշվին օգուտ ստանալու ակնկալիքով։ Գլխավոր դատախազության վերջին բացահայտումներն ու հարուցած քրեական գործերը պետգույքի մասնավորեցման նոր «մութ» գործարքների մասին են փաստում։
Պետական գույքի «ջրի» գնով մասնավորեցումների պատմությունները աստիճանաբար դուրս են գալիս «ջրի» երես։ Գլխավոր դատախազությունը 2016–2017 թվականների մասնավորեցումների մասով նոր բացահայտումներ է արել։ Բացահայտվել է կոռուպցիոն շղթա, որի միջոցով պետգույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին առաջարկել են անշարժ գույքի գնահատում անել։ Մեկ տարում պետությանը պատճառվել է շուրջ 300 միլիոն դրամի վնաս՝ ասում է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Կարապետ Հակոբյանը։
«ՍՊԸ–ի մասնագետների կողմից կազմվել են կեղծ եզրակացություններ անշարժ գույքերի իրական շուկայական արժեք ի վերաբերյալ, մասնավորապես, շուրջ 380 միլիոն դրամ իրական արժեքով անշարժ գույքերը գնահատվել են շուրջ 165 միլիոն դրամ՝ իրական շուկայական արժեքից անգամ պակաս, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքերը մրցույթով օտարելու համար։ Եվ մրցույթի շրջանակներում անշարժ գույքերը օտարվել են շուրջ 80 միլիոն դրամով, այսինքն՝ 5 անգամ պակաս իրական շուկայական արժեքից։ Այս գործընթացի հետեւանքով պետական գույքային շահերին պատճառվել է շուրջ 300 միլիոն դրամի վնաս»։
4-5 տարի առաջվա «մութ» գործարքների մասով փաստերի առթիվ հարուցվել է քրեական 15գործ, նախաքննությունը հանձնարարավել է Քննչական կոմիտեին։
Պետական գույքի մասնավորեցումը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է դիտարկվել, գործընթացները՝ վիճարկելի, կասկածներ և ասեկոսեներ միշտ պտտվել են։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մեկ տարի առաջ ծավալուն ուսումնասիրության էր ենթարկել 1997–2020 թվականների մասնավորեցումներն ու փաստել՝ դրանց զգալի մասն ուղեկցվել է խնդրահարույց գործընթացներով: Հետազոտության առանցքում էին էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսական, հանքարդյունաբերության, տրանսպորտի և մի քանի այլ ոլորտների խոշոր գործարքները։ Պետգույքի օտարումների 23 տարվա գործարքներն ուսումնասիրելիս հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Քյուրումյանն առանձնացրել է «ավանդական» դարձած խնդիրները։
«Գործարքների զգալի մասը ոչ թափանցիկ է։ Օրինակ, դա նաև թույլ չի տվել պատկերացում կազմել մասնավորեցնվող կամ վաճառվող գույքի շուկայական գնի մասին։ Օրինակ, «Սևան-Հրազդան» կասկադի դեպքում այն ռուսական կողմին է փոխանցվել 40 միլիոն պարտքի դիմաց՝ որպես 25 միլիոնի հատուցում, սակայն պնդումներ կան, որ նման կարողություններ զարգացնելու համար մի քանի միլիոն դոլար էր անհրաժեշտ։ Որոշ փաստաթղթեր գաղտնի են, սա ինչ-որ առումով անհասկանալի է։ Օրինակ՝ Որոտանի կասկադի վաճառքի սկզբնական պայմանագիրը մինչև հիմա գաղտնազերծված չէ, և անհասկանալի է, թե պետական գույքի սեփականաշնորհման հետ կապված ի՞նչ գաղտնի հանգամանքեր կան։ Ներդրողների, սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ, եթե ՍՊԸ–ների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է գտնել e-register–ում, ապա ՓԲԸ–ների վերաբերյալ տեղեկատվություն գրեթե անհնար է գտնել»։
Եզակի և ծավալուն հետազոտությունը վեր է հանել «պետական կառավարման, հանրային ծառայությունների կարգավորման, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության, օրենքի գերակայության թույլ կողմերը և, դրան զուգահեռ, պետության պատասխանատու պաշտոնյաների ակնհայտորեն ծրագրված և կազմակերպված գործարքները, որոնք միտված են եղել սեփական իշխանությունը պահելուն և ամրապնդելուն։ Ուսումնասիրության մեջ կան հետևյալ տողերը․ «Օգտագործվելով արտաքին ուժերի կողմից, ռիսկի տակ են դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, խոցելի դարձրել երկրի կայունությունը և տնտեսությունը դրել զգալի կախվածության մեջ»:
«Պետական ընկերությունների սեփականատեր են դարձել ոլորտի փորձ և բավարար կապիտալ չունեցող ընկերություններ։ Օրինակ, ՀԷՑ-ի սեփականաշնորհման դեպքում։ Փողերի լվացման դեմ պայքարը, մեր կարծիքով, անբավարար է։ Մասնավորապես, Global financial integrity-ի զեկույցների համաձայն, այդ ժամանակաշրջանում, որի մասին մենք խոսում ենք, Հայաստանից դուրս է հանվել ավելի քան 10 միլիարդ դոլար։ Բայց հանրությանը հայտնի չէ փողերի լվացման դեմ պայքարող Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նման որևէ էական դեպքի բացահայտում»։
Հետհեղափոխական Հայաստանում պետական գույքի մասնավորեցման ծրագրերը շարունակվել են ու խնդիրները չեն բացառվել։ Խորհրդարանում պարբերաբար հաստատվում, լրամշակվում կամ փոփոխվում է մասնավորեցվող գույքի ցանկը։ Նախորդ տարիների բարքերը, սակայն, շարունակվում են՝ փաստում են Գլխավոր դատախազության բացահայտումները։ Ընդ որում՝ վերջին մեկ տարում պետությանը պատճառվել է ավելի մեծ վնաս, քան՝ 2016-ից 17-ի բացահայտումների դեպքում։
«2020 թվականին պետական գույքի կառավարման իրավասու լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությամբ հարուցվել է ևս 12 գործ էլի նույն գործընթացի առնչությամբ, երբ առանց պայմանագիր կնքելու, խախտելով անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, ՍՊԸ–ն իրականացրել է անշարժ գույքի գնահատման աշխատանքները, էլի շուկայական իրական արժեքից բազմապատիկ ցածր գնահատելով գույքը, որն էլ հիմք է ընդունվել այդ գույքերի օտարման համար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս՝ շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով»։
Վերջին ընդամենը 1 տարում՝ 2020-21 թ․թ․ հարուցվել է 3 տասնյակ քրեական գործ՝ պետությանը պատճառված մոտավորապես 2 միլիարդ դրամի վնասի հիմքով։ «Ջրի» գնով մասնավորեցումները, փաստացի, «ջրի» երես են դուրս գալիս։





