ԿարևորՀասարակություն

Քովիդի նոր շտամը` Հայաստանին մոտ․ մասնագետները մտահոգ են

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը հարաբերական կայուն է։ Դեպքերի կտրուկ աճ չկա, վերարտադրումը դանդաղ է։ Սակայն, ինչպես առողջապահության նախարարության  հնարավոր են համարում, որ վարակի տարածումն ավելանա մինչև շաբաթական 600 նոր դեպքի։

Բնականոն կյանքի վերադառնալու համար անհրաժեշտ է պատվաստվել, և Հայաստանը շարունակում է բանակցությունները պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ։

Քովաքս Ֆասիլիթի հարթակը նոր առաջարկներ ունի Հայաստանի համար։ Սրան զուգահեռ՝ ոլորտի մասնագետները մտահոգվում են՝ քովիդի ծանր հետեւանքները ոլորտի վրա դեռ իրենց զգալ կտան։

ՀՀ–ում քովիդի դեմ պատվաստվողների օրական թիվը հիմա շուրջ 1500 է, պատվաստման սկզբնական շրջանի համեմատ նվազում կա։  Ընդհանուր հաշվարկով՝  երկու դեղաչափով Հայաստանում պատվաստվել է արդեն շուրջ 12.000 մարդ։ Այս ցուցանիշերը մտահոգում են առողջապահության ոլորտի պատասխանատուներին։  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում պատվաստումների թվով վերջին հորիզոնականում է։

«Եթե այս տեմպերով մենք գնանք, ապա այն նպատակը, որ կարող ենք կոլեկտիվ իմունիտետ ստեղծել, երկար ժամանակ կպահանջի»։

Հայաստանը շարունակում է բանակցել ՌԴ–ի հետ՝ ձեռք բերելու «Սպուտնիկ Վի»–ի նոր խմբաքանակ։ Հաջող ընթացքի դեպքում կփոխվի նաև այս պատվաստանյութով  պատվաստվելու քաղաքականությունը։

Հայաստանը շարունակում է բանակցել «Քովաքս Ֆասիլիթի» հարթակի հետ, որը Հայաստանին նոր պատվաստանյութեր է առաջարկել։

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը «Կովաքս» հարթակի հետ, որը մեզ նոր պատվաստանյութեր է առաջարկել՝ «Johnson & Johnson»-ի,  ինչպես նաև ամերիկյան արտադրության «Նովավաքս» պատվաստանյութերը: Կլինեն նաև «AstraZeneca»-ի նոր խմբաքանակներ»։

Աշխարհի դեռ չի հաղթահարել կորոնավիրուսի մարտահրավերը, շատ երկրներում իրավիճակը լարված է։ Շատ երկրների դեռ չեն համարձակվում հանել սահմանափակումները, անգամ նոր լոքդաունի են գնում։ Վիրուսի մուտացիաները նոր չարիք են։ Առողջապահական կառույցները զգուշացնում են կոլափսի ռիսկի մասին։ Հնդկական շտամն արդեն ներթափանցել է ՌԴ եւ Վրաստան։ Այս շրջանում մեծ թվով զբոսաշրջիկներ են  գալիս Հայաստան, և Գայանե Սահակյանը չի բացառում, որ նոր շտամը ՀՀ թափանցի, հատկապես, որ դրա վարակելիությունն ավելի բարձր է, իսկ տարածման ինտենսիվությունը՝ մոտ երկու անգամ ավելի:

«Այս պահին շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները և դա նոր չարիք է դառնում պետությունների համար։ Հնդկական շտամը ներթափանցեց  ՌԴ։ Այս  պահին արդեն պատասխանատու կառույցների կողմից հնչեցվում է, որ ռուսական շտամ գոյություն ունի։ Հնդկական շտամը փոփոխվել է և չարիք է դարձել ՌԴ–ում»։

Հանրապետությունում համաճարակային  վիճակը հարաբերական կայուն է, կտրուկ աճ չի դիտարկվում։ Վերջին 14 օրում  վերարտադրման ցուցանիշը դանդաղ տեմպերով է աճում։ 7օրվա կտրվածքով հասել է 1.1–ի։  Եթե վերարտադրման ցուցանիշը մեկից բարձրանա, կարող է շաբաթական 600 նոր դեպքի հասնել՝ ասաց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ 

«Եթե դիտարկենք, որ այդ նոր դեպքերի  30 տոկոսը կհոսպիտալացվեն, ապա 180 հոսպիտալացման դեպք կունենանք։ Եթե դիտարկենք, որ նրանցից 3 տոկոսը ծանր, ծայրահեղ վիճակում  կհայտնվեն վերակենդանացման բաժանմունք ում, ապա 5 նոր դեպք ծայրահեղ ծանր վիճակում կգտնվի վերակենդանացման բաժանմունքում»։

Մինչ առողջապահայության նախարարությունում մտահոգ են պատվաստման ընթացքով եւ քովիդի տարածման նոր ռիսկերով, ոլորտի մասնագետներն այլ մտահոգություններ էլ են հայտնում։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ առողջապահական համակարգը դեռ կզգա այս խնդիրների ծանր հետեւանքը։ Համակարգչային տոմոգրաֆիայի սարքերն այս ընթացքում աշխատել են գերծանրաբեռնված, ինչը նշանակում է, որ դրանց շարքից դուրս գալու ավելի մեծ ռիսկ է ծագում։ Քովիդի պատճառով հետաձգված պլանային վիրահատությունները եւ պետպատվերով միջամտությունները կարող են կուտակվել ու ծանրանալ։ Այս ընթացքում պետական արդյունավետ ծրագրերը հույժ անհրաժեշտ են՝ ասում է Մուրադյանը։

Առողջապահական համակարգի հետագա վիճակը, ստացվում է, կապված է ամեն առանձին քաղաքացու պատասխանատվությունից՝ թե պաշտպանվելու, թե պատվաստվելու առումով։ Քովիդի նոր՝ ավելի մտահոգիչ շտամը Հայաստանին արդեն շատ մոտիկ է՝ զգուշացնում են մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button