ԿարևորՔաղաքական

Նոր խորհրդարանի հին «դեմքը»

7 օրից ԿԸՀ-ն կհրապարակի  արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները  և կներկայացնեի, թե ըստ դրանց ինչպես են բաշխվել մանդատները։

Բայց այսօր էլ՝ ընտրությունների հաջորդ օրը, ընդհանուր գծերով պարզ է, թե ինչ տեսք է ունենալու 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Նախորդ խորհրդարանի ուժերից խմբակցություններից երկուսը հեռանում են, նրանց փոխարեն գալիս են նորերը։ Թե որքան սահուն կլինի անցումը, դեռ պարզ չէ։ Կա օրենսդրական խնդիր, որի դեպքում նոր  խորհրդարանի ձևավորումը կարող է ձգձգվել։

Խորհրդարան անցած  երկրորդ  ուժը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել ընտրությունների արդյունքները։

Ընտրական բարդ մաթեմատիկան ձևավորում է ոչ այնքան նոր խորհրդարան։ Փոխվել են անունները, բայց դեմքերն,  ըստ էության, նոր չեն։ Ընտրողների քվեարկությամբ խորհրդարանում մեծամասնությունը մնաց անփոփոխ, փոխվեց ընդդիմությունը։ «Խորհրդարանական» տիտղոսից զրկվեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, նրանց փոխարեն խորհրդարան են գալիս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ընդդիմադիր ուժերի անունները նոր են, բայց դրանց ցուցակներում ընդգրկված գործիչների մի մասն առաջին անգամ չէ, որ քաղաքական գործունեություն է ծավալելու։

Այս ընդդիմության շնորհիվ նոր խորհրդարանում հին դեմքերից կտեսնենք մի շարք դաշնակցական գործիչների, նախկին պաշտոնյաների՝ ի դեմս Հանրապետության երկրորդ նախագահի, Երևանի նախկին քաղաքապետի, ԱԱԾ նախկին պետի, պաշտպանության նախկին նախարարի, Սյունիքի նախկին մարզպետի, Վերաքննիչ պալատի նախկին ղեկավարի։

Խորհրդարանական մեծ ընդդիմությունը ձևավորում է «Հայաստան» դաշինքը՝ շուրջ 27 մանդատով։ 6 կամ 7 մանդատ կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրության արդյունքները, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, բայց առայժմ որևէ հայտարարություն չի եղել մանդատները վերցնել-չվերցնելու մասին։   

Ինչ կլինի, եթե ընդդիմադիր երկու ուժերը հրաժարվեն վերցնել իրենց 33 մանդատը․հարցն այս պահին բաց է անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի համար։ Մանդատից հրաժարման ինստիտուտ չկա՝ ասում է․

«Մանդատների հրաժարման ինստիտուտը, ըստ էության, ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է և ԿԸՀ-ն հիմք ընդունելով նախնական տվյալները դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխումը։ Այս փուլում մանդատների հրաժարման ամրագրված ինստիտուտ որպես այդպիսին չունենք մենք։ Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք, թեկնածուները ում հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատ ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։

Իսկ եթե հրաժարվում են ամբողջ խմբակցություններո՞վ։

Այդ դեպքում ուրեմն, այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, իրենք են միայն ստանում իրենց մանդատները։

Այսինքն բաշխվելու է այնքան, մինչև ինչ–որ մեկը համաձայնի՞ վերցնել։

Դե կարգը այդպիսին է։

Ըստ նախնական արդյունքների ՝ «Քաղաքացիական պայմանագիր»–ը խորհրդարանում կունենա շուրջ 72 մանդատ։ Սա նշանակում է, որ այս ուժը կրկին ստանում է սահմանադրական մեծամասնություն և հնարավորություն ինչպես միանձնյա օրենքներ ընդունել ու որոշումներ կայացնել, այնպես էլ՝ առանց կոալիցիայի ձևավորել կառավարություն։

Այս ընտրություններում, ըստ էության, անցողիկ շեմը հաղթահարել է 2 քաղաքական միավոր՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայաստան» դաշինքը։ Երրորդ ուժը խորհրդարան է անցնում օրենքի ուժով։ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել դաշինքների համար սահմանված 7%-ի պատնեշը, բայց  ներկայացված կլինի ԱԺ-ում հենց ընտրական բարդ մաթեմատիկայի շնորհիվ։

Խնդիրն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքած ձայներով երրորդն է ընդհանուր ուժերի հաշվարկում, բայց  քանի որ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ում պարտադիր է քաղաքական 3 ուժի ներկայությունը, Վանեցյանի գլխավորած ուժը՝ որպես երրորդ ամեշատ ձայներ ստացած ուժ,  կհայտնվի խորհրդարանում։

Եթե ուշադրություն դարձնենք թվերին, ապա պարզ է, որ առաջին երեք տեղերը գրաված ուժերը միասին ստացել են  ձայների  շուրջ  80 %-ը։ Նրանց  միջև են,   փաստորեն,  մանդատների տեսքով բաշխվելու խորհրդարան չանցած ուժերի շուրջ 20 % ձայները՝ ըստ համամասնության։

Ընտրություններին ընտրողների ցածր մասնակցությունը և ընտրական «խոսուն» թվերը նաև փաստում են, որ խորհրդարանական մեծամասնությունն այս անգամ ձևավորվել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 27,5%-ի քվեարկության շնորհիվ։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների հաշվարկը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական ամփոփումից հետո: Ընտրական օրենսգիրքը դրա համար 7-օրյա ժամկետ է նախատեսում:

Կարդացեք նաև

Back to top button