
Բովանդակային առումով՝ թույլ, օգտագործված տեխնոլոգիաների առումով՝ ուժեղ․ ընտրության օրը նախընտրական քարոզչության ամփոփ նկարագիրն է ներկայացրել տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը։ Նրա խոսքով՝ ցանցային տեխնոլոգիաները քարոզարշավի հիմնական գործիքներն էին, իսկ հայհոյանքը, ատելության խոսքը և ծաղրը՝ ընդհանուր ոճը։ Նախընտրական քարոզչությունում օգտագործվել է տիկ-տոկը՝ երիտասարդների, իսկ յություբն ու ֆեյսբուքը՝ մեծահասակների վրա ազդելու նպատակով։
«Եթե ուզում ես հաղթել ընտրություններում, ստեղծիր սոցիալական ցանցերում վախ, թշնամանք ու ոգևորություն, այսինքն՝ դա է ցանցային քարոզչության հիմնական մեթոդը։ Դուք պետք է ստեղծեք մթնոլորտ, որտեղ մարդը շատ դժվար կկողմնորոշվի, ու դրդեք նրան դեպի Ձեր ուզած տարբերակը։ Այսինքն, երբ մթնոլորտը շիկացած է, երբ մարդը նյարդայնացած է, լարված, նաև դժվար է ընկալում իրականությունը, նա շատ դժվարությամբ է որոշում կայացնում։ Դրա համար եթե զգում եք, որ արագ եք լարվում, նյարդայնանում, ոգևորվում, աշխատեք քիչ օգտվել սոցիալական ցանցերից»,- ասում է Սանդուխչյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ նախընտրական քարոզարշավում ցանցային քարոզչությունը ավելի ակտիվ էր, քան երեք տարի առաջ և առավել ակտիվ կլինի հաջորդ ընտրություններում։ Նրա խոսքով՝ ցանցային ռեսուրսի օգտագործումը օրինաչափ է, քանի որ Հայաստանում մոտ երկու միլիոն մարդ սոցցանցերի օգտատեր են, և մեծ մասն իրենց կյանքը չի պատկերացնում սոցցանցերից դուրս։
«Քանի որ ցանցում այդքան մարդ կա, և այդպիսի ազդեցության հնարավորություն կա, օգտագործվում է։ Խոսքը միայն ֆեյսբուքի ազդեցության մասին չէ, թեև ֆեյսբուքը Հայաստանում ամենատարածվածն է, բայց կան նաև երիտասարդների թիրախային խմբեր, որոնք այլ ռեսուրսների մեջ են՝ տիկ-տոկում, ինստագրամում և այլն։ Բնական է, եթե այդ ցանցերը հրապուրիչ են բոլորի համար, ապա դրանց միջոցով պետք է փորձես քո ուզածը տեղ հասցնել», — ասում է Վիգեն Հակոբյանը։
Թեև ապատեղեկատվությունը բնորոշ է առավելապես հետխորհրդային երկրներին,անգամ խոսքի ազատության բարձր վարկանիշով հայտնի Միացյալ Նահանգներում ֆեյքնյուզի մեթոդը լայնորեն կիրառվում է,- նկատում է Դավիթ Սանդուխչյանը։

«Միացյալ Նահանգերում ապատեղեկատվությունը տարածված էր Դոնալդ Թրամփի նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն ԱՄՆ-ում դատական միջոցները բավականին խիստ են։ Սահմանափակումները, որոնք ունենք Հայստանում որոշ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում կան, սակայն վարչական սահմանափակումներն ավելի քիչ են։ Այնտեղ կա հզոր դատական համակարգ, որը բավականին ցավալի է պատժում բոլոր նրանց, ովքեր զրպարտում և անտեղի վիրավորում են։ Քաղաքական գործիչներն, ըստ ավանդույթի, պետք է ավելի հանդուրժող լինեն նույնիսկ անտեղի վիրավորանքի դեպքում։ Սակայն լուրջ զրպարտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- նշում է Սանդուխչյանը։
Տեղեկատվական ապատեղեկատվությունը նպատակին ծառայելու համար պետք է չափավորված լինի, որպեսզի հանրության համար չդառնա սովորական,- ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվական աղմուկի մեջ նույնիսկ ամենասենսացիոն տեղեկատվությունը լավագույն դեպքում մեկ օր է ապրում։
«Ապատեղեկատվությունը չի կարող չկիրառվել։ Այն փոփոխական հաջողությամբ է կիրառվել, որովհետև տեղեկատվական դարում նաև մի նոր երևույթի հետ են բախվում քարոզչություն իրականացնողները․ ապատեղեկատվությունը շատ արագ հերքվում է։ Բացի դա, ապատեղեկատվությունը, երբ շատ է լինում, այսինքն, երբ ժամը մեկ 2–3 լրատվական աղմուկ է լինում, դա դառնում է սովորական մի բան և այդքան չի ազդում լսարանի վրա»,-ասում է Հակոբյանը։
Ցանցային տեխնոլոգիաներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախընտրական քարոզչության առանցքային գործիքներից են, առավել հաճախ՝ հաղթանակ ապահովող ռազմավարության «ծանր հրետանին»։ Հետևաբար, դրանք կիրառվելու են նաև ապագայում՝ մասնագետների դիտարկմամբ փոխվելու են միայն կիրառման ծավալները։




