
Հարավային Կովկասը խաղաղության տարածաշրջան են ցանկանում դարձնել բոլորովին վերջերս այն պատերազմի թատերաբեմ դարձրած երկու պետությունների ղեկավարները։ Նախօրեին «Շուշիի հռչակագիրը» ստորագրած Էրդողանի խոսքով՝ այս նպատակին հետամուտ է նաև Ռուսաստանը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանին կարող են պարտադրել անգամ խաղաղ հարևանություն, եթե դա բխում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերից։
«Տարածաշրջանում խաղաղությունն այս պահին անհրաժեշտ է նաև Հայաստանին, քանի որ մենք ռեսուրս չունենք խաղաղությունը խախտելու համար, սակայն խաղաղության վճարը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանը որոշ ժամանակ հետո գոնե ուշքի գալու հնարավորության ունենա։ Այստեղ նույնպես աշխատանք կա անելու, կարևոր է Հայաստանի կողմից այլ դերակատարների ներառումը գործընթացում և նրանց միջոցով ռուս-թուրքական համաձայնությունն ընդդեմ Հայաստանի գործելաոճից այլ կողմ ուղղորդելը»,- ասում է Ղևոնդյանը։
Տարածաշրջանում խաղաղության և համագործակցության գաղափարը կարևոր է, բայց այդ ճանապարհը մեզ համար կարող է կործանարար լինել՝ կարծում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով՝ դա հնարավոր կդառնա միայն թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականության դադարեցման դեպքում։
«Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեն իրենց դիրքերը ուժեղացնել Հայաստանի և Արցախի հաշվին։ Պետք է տարածաշրջանը հաղթահարի Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ պատերազմի բոլոր բացասական հետևանքները։ Կարծում եմ՝ դրանից հետո կարող է սկսվել տարածաշրջանում համագործակցության շրջան, իսկ հիմա դրա մասին խոսելը թուրքական հերթական հնարքն է, որով Թուրքիան փորձում է տարածաշրջանում ուժեղացնել իր ազդեցությունը»,- նշում է թուրքագետը։
«Շուշիի հռչակագրով» Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամրագրել այն արդյունքները, որոնք գրանցել են 44-օրյա պատերազմի հետևանքով։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը պատահական չի համարում, որ հղում է արվում Կարսի պայմանագրին՝ ցույց տալով, որ այդ ամրագրումը կատարվում է նաև Ռուսաստանի հետ փոխհամաձայնությամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հռչակագրով փորձում է աշխարհին ցույց տալ՝ տարածաշրջանում կա նոր ստատուս քվո, որը ձևավորվել է հիմնական խաղացողների մոտեցումների հիման վրա՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
«Սա նաև արտաքին աշխարհին ազդակ է Թուրքիայի, Ադրբեջանի, նաև Ռուսաստանի կողմից իր լռությամբ, որ տարածաշրջանում արդեն հաստատվել է որոշակի ստատուս քվո, և այն փոփոխման ենթակա է միայն տարածաշրջանի հիմնական խաղացողների կամքով, իսկ այլ դերակատարները, որոնց ներգրավվածությունը կարող է ազդել ստատուս քվոյի վրա, պարտավոր են հաշվի առնել տարածաշրջանի հիմնական խաղացողների կամքը։ Սա ամբողջապես հակասում է Հայաստանի շահերին, հայկական տեսակետին և Հայաստանն ուղղակի պարտավոր է գործողություններ ձեռնարկել, որ հիմքեր ստեղծի որոշ ժամանակ հետո այս խաղում սեփական շահերը ներառելու համար, որովհետև այս պահին մենք, ցավոք, նման հնարավորությունից զրկված ենք»,- ասում է Ղևոնդյանը։
Թուրքիան սկսում է տարածաշրջանում իր ազդեցության ոլորտի տարածման գործընթացը։ Ռոբերտ Ղևոնդյանը պատահական չի համարում անգամ վայրի ընտրությունը, իսկ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այդ ընտրությամբ փորձ է արվում Շուշին դարձնել խորհրդանիշ։
«Շուշիի հռչակագիր»-ը պատմական է, գրվում է Կովկասի պատմության նոր էջը․ թուրքական կողմի հիմնական շեշտադրումներն են։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ ստիպված է համաձայնել թուրք քաղաքական գործիչների հետ։
«Ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, սա նոր էջ է, և այդ նոր էջը բացում է Թուրքիան թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի հետևանքով։ Մյուս կողմից՝ նոր էջ բացելը ոչ միայն Թուրքիայի գերակայության նոր էջն է, այլև Հարավային Կովկասի, հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի, Շուշիի պատմության թուրքական տեսակետից վերաշարադրումն է»,- ասում է Սաֆրաստյանը։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թթ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է՝ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Նաև ընդգծել, որ միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար, հարված բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը ևս դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունը Շուշի։ Քաղաքագետների դիտարկմամբ ՝ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունները հուշում են՝ Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել սեփական շահերը պաշտպանելու ուղղությամբ և այդ նպատակով արված շեշտադրումները թիրախային են։






