ԿարևորՔաղաքական

Բաժանարար գծերը շատ են, բայց պետք է միավորվելու ներուժ գտնել․ քննարկում

Անկախ պետականությանն և ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները հաղթահարելու ուղիների շուրջ քաղաքական ուժերին միաբանելու, միասնական հայեցակարգ ձևավորելու և գործողությունների ծրագիր մշակելու նպատակով Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդը և «Ջենեսիս Արմենիան» նախաձեռնել են կլոր սեղան-քննարկում։ Քննարկմանը մասնակցել են նախընտրական հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Բոլորը կարևորել են բաժանարար գծերը հարթելու, տարաձայնությունները մի կողմ դնելու և հասարակությանը ոչ թե պառակտելու, այլ միավորելու գաղափարը։ 

Երկիրն օրհասական վիճակում է, սպասվում են ոչ սովորական ընտրություններ։ Իրավիճակը սթափ գնահատելու և  ազգային անվտանգության սպառնալիքների շուրջ քաղաքական ուժերին միաբանելու նպատակով  Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը և «Ջենեսիս Արմենիա» նախաձեռնությունը, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, քաղաքական ուժերին  առաջարկում են համախմբվել և միասին  փորձել ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից։  Խնդիրները, որոնք ստիպում են հանդես գալ այս նախաձեռնությամբ, ըստ խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանի, ակնհայտ են։

«Գիտակից մարդու համար ակնհայտ է՝ անվտանգության խնդիրն է առաջին հերթին։ Անվտանգությունից բացի ազգային ինքնության լուրջ սպառնալիք ունենք։ Եվ եթե մենք հայոց պետականության համար նման օրհասական պահի չպետք է կարողանանք համախմբվել թեկուզ պայմանական առումով, գլխավոր, առաջնահերթ հարցերի շուրջ մենք պարտավոր ենք գոնե մեկ սեղանի շուրջ՝ իբրև ազգի առավել ակտիվ ներկայացուցիչներ, համարձակություն ունենանք շիտակ խոսք ասելու»։ 

Բաժանարար գծերը շատ են, բայց պետք է  ներուժ գտնել միավորվելու համար։  «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանն առաջարկում է մի կողմ դնել համատարած ատելությունը և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները համազգային համերաշխության մթնոլորտում անցկացնել։

«Նախորդ և ներկա իշխանությունների միջև ձևավորված ատելությունը հույսեր չի տալիս, որ մենք կհաղթահարենք առկա ճգնաժամը»։

Համերաշխության կոչ է անում նաև «Լուսավոր Հայաստան»-ից  Կարեն Սիմոնյանը։ Առաջարկում է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համերաշխության կառավարություն ձևավորել։ Կարծում է, որ դրա համար պետության կառավարման գործընթացում պետք է ներառվեն բոլոր ազդեցիկ ուժերը

«Մենք պառակտվելու ճոխություն չունենք։ Կունենանք հնարավորություն զարգացում ապահովելու, հետ վերադառնանք մեր մրցակցությանը։ Իսկ մրցակցությունը պետք է լինի զուտ բանավեճային մակարդակով, և ոչ թե բաժանարար գծերը խորացնելու»։

Պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք․ նրանք, ովքեր ընտրություն են կատարում անվտանգության և ազատության միջև, երկուսն էլ կորցնում են՝ նկատում է «Ազատ Հայրենիք դաշինքից» Միքայել Հայրապետյանը։ Նրա գնահատմամբ՝   հասարակությունը բարոյական խորը ճգնաժամ է ապրում և գլխավոր խնդիրը սա է։  

«Երբ սևազգեստներ կան, երբ իմ ուսանողները ձեռնափայտով են գալիս ստուգարք ստանալու, բայց  մենք գինու փառատոն ենք անում և 10 մետրանոց տորթերով հարսանիք, մենք ունե՞նք բարոյական ճգնաժամ, թե՞ չէ։ Մեր ճգնաժամը լրիվ այլ տեղ է։ Թե չէ՝ մի Նիկոլ ավելի, մեկը պակաս․․ Նիկոլը չի կարևորը, սա վաղուց քննարկված է։Ստալինիզմը ծնե՞ց Ստալին, թե՞ Ստալինը ստալինիզմ։ Նիկոլն ինքնին մի բան չէ, գյուղացի մի տղա։ Ո՞վ սարքեց այդ հրեշը մեզ համար։ Ինչո՞ւ մենք այդ  հրեշից ազատվել չենք կարողանում։ Սա է խնդիրը»։

Հզոր երկիրն առանց հզոր հասարակության չի կարող կառուցվել՝ կարծում է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։ Նրա գնահատմամբ էլ՝ հասարակությունը բևեռացված է և պառակտված, իսկ քաղաքական դաշտը չկայացած։

Առջևում հայրենիք պահելու ընտրություններ են և «Բարգավաճ Հայաստանից» Լուիզա Սարգսյանը կարծում է, որ ինչ քննարկում էլ ծավալվի,  ժողովուրդն է որոշելու՝ կմնա՞ գործող իշխանությունը,  թե՞ կհեռանա։

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ նախաձեռնողներն  առաջարկում են  հանդիպումները դարձնել շարունակական։

Կարդացեք նաև

Back to top button