
Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունն ու արարքները լրջորեն վտանգել են սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը վերաբերում է Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ և Կութ գյուղերի բնակիչներին։
Ըստ Արման Թաթոյանի՝ արոտավայրերն ու խոտհարքները հնարավոր չէ օգտագործել, քանի որ դրանք ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են: Գեղարքունիքի մարզի՝ Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ արոտավայերի միայն ստորին հատվածն են կարողանում օգտագործել, քանի որ թշնամին զբաղեցրել է բարձր դիրքերը։
«Վերև չեն տանում անասուններին, ո՞նց տանեն, եթե իրենք այնտեղ նստած են։ Բայց ներքևի մասերում արածեցնում են։ Մասամբ են օգտագործում, առաջվա արոտավայրերը չեն տանում, մոտիկ գյուղամերձ տարածքներում են արածեցնում»։
ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել նաև ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը: Կութ համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին ջրի խնդիր դեռ չկա, սակայն ջրի հունը ադրբեջանցիների զբաղեցրած բարձրադիր հատվածում է, եթե ցանկանան՝ կվնասեն։

«Մեր ջրի կապտաժները մեր տարածքում են, բայց ջրի հունը վերևից է գալիս, որտեղ իրենք են նստած։ Ոռոգման ջուրն էլ գետ է, էլի վերևից է գալիս, որտեղ իրենք են։ Ջրամբար կա, ջրի կապտաժներ կան, դրանք մեր տարածքում են, բայց ջուրն այնտեղով է գալիս։ Եթե մտքերին դնեն, դա էլ կանեն»։
170 բնակիչ ունեցող Կութում դեռ խոտհարքը չի սկսվել, սակայն սկսվելու դեպքում էլ այն տարածքները, որոնք այժմ ադրբեջանցիներն են զբաղեցնում, անհասանելի են մնալու գյուղացիների համար։
«Ընդհանրապես հնարավոր չի լինելու, որ քաղեն։ Ներքևի մասում վարելահողերն են մեր, բայց խոտհարքի մեծամասնությունը իրենց նշանառության տակ է»։
Սիմա Չիթչյանի խոսքով՝ գյուղում համբերատար սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների միջոցով սահմանի հստակեցմանը։ Հակառակ դեպքում, եթե գյուղացիները զրկվեն ապրուստ ապահովելու միջոցից, ապա անհնար կլինի գյուղում ապրել, և գյուղացիները կհեռանան՝ ասում է։
«Եթե թուրքը մնա մեր արոտների, մեր խոտհարքի գլխին նստած, չկարողանաս օգտվես, բա էլ մնաս ի՞նչ անես․ մեր բնակչության զբաղմունքը անասնապահությունն է։ Եթե դա չլինի, տանը նստեն ինչո՞վ ապրեն։ Եթե չկարողանան խոտը քաղել, անասունը չկարողանան արածեցնել, էլ մնան այստեղ ապրեն որպես ինչ, եթե մեր տարածքը մենք չենք կարողանալու օգտագործենք, ո՞վ էստեղ կմնա»։
ՄԻՊ–ը նշում է նաև, որ ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են բացատրություններ տալ ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։
Սիմա Չիթչյանի խոսքով՝ իրենց համայնքում նման դեպք չի եղել։ Գեղամասարի համայնքապետարանի աշխատակից Հայկ Դավոյանը ևս ապօրինի խուզարկությունների մասին տեղեկություններ չունի, սակայն հաստատում է, որ ջրային պաշարների և արոտավայրերի մի մասը ադրբեջանական ուժերի հսկողության տակ է։
«Ոչ թե իրենց նշանառության տակ են, այլ իրենք առաջ են եկել սահմանից որոշ տեղերում 1,5-2 կմ։ Տարածքները խոտհարքներ են, արոտավայրեր, որտեղ խոտ էին բերում, անասուններն էին արածեցնում և այլն:
— Ջրային պաշարների որոշ մասն իրենց հսկողության տա՞կ է։
— Այո»։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ 40 բնակավայր դարձել է սահմանամերձ։ Հայ-ադրբեջանական սահմանը երկարել է գրեթե 500 կմ-ով։ Սահմանային բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու համար Պաշտպանը ևս մեկ անգամ կրկնում է իր առաջարկը՝ անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է։




