
Համավարակն ու պատերազմը փոխել են բիզնես մտահոգությունների շրջանակը։ Եթե նախկինում հայ տնտեսվարողները դժգոհում էին շուկայի փոքր ծավալներից ու շրջանառու միջոցների անհասանելիությունից, ապա այսօր մտահոգությունները կապվում են քաղաքական անորոշության ու անկայունության, գնաճի ու փոխարժեքի բարձրացման հետ։ Փոքր, միջին ու մեծ 400 տնտեսվարող իրենց մտահոգությունները հարցաթերթիկների, հեռախոսային ու օնլայն հարցումների միջոցով փոխանցել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին։ Հարցումն իրականացվել է փետրվար-մարտ ամիսներին։
Հայաստանում 400 տնտեսվարողի շրջանում անցկացված հարցումները վկայում են՝ բիզնեսի 60 տոկոսը համարում է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն։ Ձեռնարկությունների շուրջ 30 տոկոսն է միայն կանխատեսել, որ ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ու սեփական բիզնեսի համար։ ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանն «Ռադիոլուր»–ին փոխանցում է ապաշրջափակման հետ կապված բիզնեսի մտահոգությունները․
«Ապաշրջափակումից ավելի շատ ռիսկեր ու վտանգներ են տեսնում։ Օրինակ՝ կարծում են, որ մրցակցությունը կավելանա, այլ երկրներից արտադրողները կսկսեն ապրանքներ ներկրել, և տեղական արտադրողները կդժվարանան դիմակայել»։
Փետրվարից մարտ ժամանակահատվածում բիզնեսին մտահոգել է քաղաքական անկայունությունն ու անորոշությունը։ 44–օրյա պատերազմը մարզերում նաև ներդրողների բիզնես պլաններն է փոխել։ Հարցվածների 74 տոկոսը նշել է, որ ներդրումներ է պլանավորել մինչև պատերազմը։ Դրանից հետո ձեռնարկությունների կեսը չի փոխել ներդրումային պլանները, մինչդեռ մյուս կեսը նախատեսում է ներդրումներ չանել կամ դրանք նախատեսվածից պակաս ծավալներով իրականացնել։
«Միջին և խոշոր ընկերությունները ներդրումներ կատարելու ուղղությամբ ավելի քիչ են փոխել իրենց ծրագրերը։ Մինչդեռ փոքր ու գերփոքր ընկերությունները սպասման փուլում են։ Սա իր բացատրությունն ունի՝ խոշոր ընկերություններն ավելի շատ ռեսուրս ունեն և կարողանում են ապագայի ծրագրեր գծել»։
«Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը ընդգծում է՝ ներդրումներից հրաժարվել են հիմնականում 1-9 աշխատող ունեցող ընկերությունները։ Հարցման ընթացքում պարզվել է, որ ներդրումային ծրագրերը հետաձգվում են հատկապես մարզերում։ Պետոյանն ասում է՝ պատերազմն ու համավարակը բացահայտեցին հայկական բիզնեսի խոցելի կողմերը։ Որքան էլ խնդիրները տարբեր են, միևնույնն է, մի հարցում բիզնեսն ընդհանրական մոտեցում ունի․
«Մենք կոռուպցիայի վերաբերյալ հինգ հարց ունեինք։ Հիմնականում առաջին պատասխանն այն էր, որ այդ առումով խնդիր չունենք։ Բայց երբ հարցերը խորանում էին, մտահոգություններն ավելանում էին։ Բիզնեսն ասում է, որ հարկայինը ստուգումների ժամանակ ինչ –որ բան է ակնկալում»։
«Գրանդ Թորընթո» խորհդատվական ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանը կարևորում է տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Ասում է՝ պետք է հարկային քաղաքականությունն էլ համահունչ լինի այդ ռազմավարությանը։ Բիզնեսմենն ընդգծում է՝
«Առաջնահերթ պետք է ունենանք ճգնաժամից դուրս գալու ծրագիր։ Դրանից հետո պետք է երկարաժամկետ՝ մինչև 30 տարվա համար ռազմավարական ծրագիր մշակվի։ Ընտրվեն արագ ու ինտենսիվ զարգացման ոլորտները։ Ապա պետք է մշակել այնպիսի հարկային քաղաքականություն, որ այդ ոլորտներին տրվի հարկային արտոնություն»։
Զրուցակիցս կարծում է, որ հարկային արտոնությունները պետք է տրվեն կոնկրետ ոլորտներին, ոչ թե տնտեսվարողներին։ Հարցերը վեր հանված են, դժգոհությունները նույնպես, բայց դրանց ներկայացման ու քննարկմանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը ներկա չէր։





